Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուղարկեք տուն այդ կադրերին։ Մեզ պետք են աշխատող մարդիկ, որ աշխատեն». Երեւանի քաղաքապետ

Մարտ 14,2022 18:07

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խոհրդակցության ժամանակ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարել մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռքբերման ուղղությամբ: Նշեց, որ ժամկետի երկարացում է տեղի ունեցել եւ բացումը տեղի կունենա ապրիլի 8-ին։

«Նկատողություն ստացա՞վ այն անձը, որը տեխնիկական բնութագիրը սխալ էր լրացրել»,- դիմելով Գեւորգ Ավետիսյանին` հարցրեց քաղաքապետը: «Այո, ձեր հանձնարարականի համաձայն ստացել է»,-արձագանքեց մետրոպոլիտենի ղեկավարը։

«Չէ՛, իմ հանձնարարականով չպետք է լինի պարոն Ավետիսյան, ձեր հանձնարարականով պետք է լինի։ Ի՞նչ է նշանակում դնում եք 1 միլիարդ դրամի գնումներ, ու տեխպայմանագրում սխալ է լինում։ Դա նշանակում է՝ եւս 40 օր պետք է երկարի գործընթացը։ Դա խոսում  է այն մասին, որ մենք վատ ենք աշխատում կամ չունենք համապատասխան կադրեր։ Չունեք, ուրեմն ուղարկեք տուն այդ կադրերին։ Մեզ պետք են աշխատող մարդիկ, որ աշխատեն։ Իրենք պատկերացնո՞ւմ են, երբ մի բանի տակ ստորագրում են, 1 միլիարդ դրամն ինչ է»,– ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Գեւորգ Ավետիսյանը նաեւ ասաց, որ մետրոպոլիտենի վճարային նոր համակարգը եւս ընթացքի մեջ է: Ինչին Հրաչյա Սարգսյանն արձագանքեց՝ դե սաղ ընթացքի մեջ է, ժողովուրդ ջան. «Մենք իրար հետ հանդիպել ենք երկուշաբթի օրը, այս հարցը քննարկել ենք, ես նույնպես ասել եմ, այս հարցն ինչ տրամաբանությամբ պետք է առաջ գնա»: Քաղաքապետը հետաքրքրվեց՝ 4 օր ի՞նչ են արել՝ բանակցե՞լ են՝ հա է, չէ է. «Անընդհատ գործընթացից ենք խոսում, արդյունքից չենք խոսում: Հինգ օր ժամանակ ունեք, հաջորդ գործակարգավարականին այդ մասին խոսեք»:

Ինչ վերաբերում է Երեւանում լուսացույցների կառավարման ծրագրային ապահովման հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքին՝ Հրաչյա Սարգսյանը նույնպես վրդովվեց. «Այդ ծրագիրը մինչեւ հիմա քաղաքապետարանի սերվերում չէ: Ինձ պետք է, որ այդ ծրագիրը լինի քաղաքապետարանում: Ակտով հանձնում-ընդունում արվե՞լ է: Եթե չեն անում, ասեք՝ չի անում էդ կազմակերպությունը»: Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի եւ «Լոկատոր» ընկերության միջեւ պայմանագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել. «Լոկատոր»-ը պնդում է, որ լուսանցույցն իրեն պատվիրել է զուտ միջամտություն տալու ծրագիրը, իսկ այն, ինչ նստած է սերվերին, իրենցն է, չեն կարող ներբեռնել մեր սերվերի վրա»: Հրաչյա Սարգսյանը արձագանքեց՝ «Ինձ պետք է, որ այդ ծրագիրը լինի մեր սերվերի վրա: Կա գրություն, որտեղ ասվում է, որ դա մերն է եւ պետք է գա համայնքին: Եթե չի գալիս, ես կմտածեմ՝ ոնց  անեմ: Էդ շանտաժի լեզվով չի լինի խոսել: Հետեւներից ընկնելով լինի, հետեւներից կընկնեմ, ու իրենք գիտեն՝ ես ինչ եմ ասում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031