Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առարկայական ինտենսիվ բանակցություններ անցկացնել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, եթե Հայաստանն ընդունի իրենց առաջարկած 5 հիմնարար սկզբունքները:
«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել է Երևանին: Երկու երկրները կարող են խաղաղության պայմանագիր կնքել այդ հինգ սկզբունքների վրա՝ ինտենսիվ, առարկայական և արդյունքի միտված բանակցությունների ճանապարհով»,- ասել է Աբդուլլաևան:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի փոխանցած առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ