ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ ԱԳՆ կոչվող նիկոլական դուքյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։
Տվյալ հաղորդագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ հայ ժողովրդից թաքուն պահվող ադրբեջանական առաջարկությունների իրական բովանդակության հետ կապված։
Հարցերի մյուս խումբը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին։ Տվյալ մանդատը թողարկվել է 1995 թվականի մարտի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ հունգարական նախագահության ընթացքում։
Կարդացեք նաև
15 կետից բաղկացած այս մանդատը չի ենթադրում հայ-ադրբեջանական խաղաղության վերացական համաձայնագրի նախապատրաստում։
Այն ծայրից ծայր շաղկապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։
Կարճ ասած, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն։
Հիմա իմ հարցերը։
1.Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը։ Կա՞ նման հարց Հայաստանի դիվանագիտական օրակարգում թե՞ չէ։
2.Եթե կա, կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա (Ադրբեջանի փաթեթում բնականաբար չկա ինքնորոշման իրավունքը)։
3.Եթե չկա, ապա ի՞նչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առանց Արցախի։