Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ․-ին թմբուկ զարկած ապագա դատավորն ու «արդարացման կարիք չունեցող» Նիկոլ Փաշինյանը․ ուշագրավ քննարկում ԱԺ-ում

Մարտ 14,2022 16:59

«Արդարացի կլինի հիշատակել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դատավոր է կալանավորվել՝ Բորիս Բախշիյանը, այն էլ՝ այն անձի կողմից է կալանավորվել, որը 2018թ․-ին փողոցում Նիկոլ Փաշինյանի համար թմբուկ էր զարկում»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը (լուսանկարում)։

Կարեն Անդրեասյանն արձագանքեց, որ պատգամավորը կոնկրետ դեպք է հիշատակում, որի մասին իր կողմից գնահատական հնչեցնելը կհամարվի միջամտություն արդարադատությանը․ «Դա քրեորեն պատժելի միջամտություն է, բայց ես կոնկրետ այդ գործից հեռու կլինեմ, որպեսզի իմ խոսքից չստացվի, թե ուզում եմ ճնշում գործադրել կոնկրետ գործով ընթացքի վրա։ Նույնն էլ բոլորին եմ խորհուրդ տալիս անել՝ լինի պատգամավոր, լրագրող, ՄԻՊ, թե նախկին ՄԻՊ։ Մի անգամ ասել եմ, որ նախորդ ՄԻՊ-ը կոնկրետ օրենքի խախտում թույլ տվեց, երբ խոսեց այդ մասին։ Իհարկե արձագանքեց, բայց չասաց այն մասին, որ խախտել էր։ Ակնհայտ էր, որ խախտել է»։

Նախարարը հավելեց, որ անգամ ՄԻՊ-ը կարող է «պահի տակ շփոթվել» եւ օրենք խախտել, երբ խոսում է կոնկրետ որեւէ գործի մասին․ «Պատգամավորը եւս իրավունք չունի ընթացիկ գործով ազդել դատարանի վրա։ Երբ ասում եք, թե որեւէ դատավոր եղել է այսինչ քաղաքական թիմում, թմբուկ է զարկել,  թե ուրիշ բան․․․ նա այլեւս դատավոր է, եւ երբ դուք նրա որոշումները ձեր քաղաքական բարձունքից․․․ պատգամավորն իր քաղաքական ելույթներով կարող է ազդել դատավորի վրա։ Ստացվում է, որ դուք որոշակի ճնշում եք գործադրում այդ դատավորի հանդեպ։ Ձեզ մեղադրելու ցանկություն չունեմ, ուղղակի զրուցում ենք։ Եթե կալանավորված դատավորը դժգոհ է իր դեմ կայացրած որոշումից, կարող է բողոքարկել։ Եթե համարում է, որ ապօրինի է թմբուկ զարկած կամ որեւէ այլ գործիք նվագած ներկայիս դատավորի որոշումը, դրա համար կա կարգապահական պատասխանատվության մեխանիզմ․ դիմում է կա՛մ արդարադատության նախարարին կա՛մ էթիկայի հանձնաժողովին․ եթե խախտում են տեսնում, դիմում են ԲԴԽ-ին․ սա է սահմանադրությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները ճնշում են դատարանի հանդեպ»։

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նկատեց՝ լավ կլինի, եթե նախարարը նշյալ հորդորները հրապարակային հղի կառավարության նիստում․ «Ձեր խոսքերի հասցեատերը կառավարությունը նախ պետք է լինի։ Նիկոլ Փաշինյանն է առաջինը դատավորներին վիրավորել «վնգստացող» ձեւակերպմամբ։ Դրանից հետո բոլորը «հնարավորություն» ստացան եւ սկսեցին թիրախավորել դատական համակարգը»։

Կարեն Անդրեասյանն, ի պատասխան, հորդորեց տարբերակել ընդհանուր կարծիքները․ «Ես կոնկրետ գործով կոնկրետ դատավորի երբեւէ գնահատական չեմ տվել։ Գուցե ես էլ եմ անցել գնահատելու ճիշտ շեմը, երբ ասել եմ, որ դատավորների այսքան տոկոսը կոռումպացված է։ Ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Բայց դա մի սխալ է, իսկ օրենքի խախտումն այլ բան է։ Չեմ հիշում դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, միջամտի կոնկրետ գործով եւ կոնկրետ անունով ասի, թե այսինչ մարդուն իզուր են կալանավորել»։ Պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ արդարացնելու նախարարի ձգտումն անընդունելի է։

Կարեն Անդրեասյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանն իր արդարացման կարիքը չունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031