Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս շատ լավ իմացել ենք, որ դատական գործերի բաշխման  էլեկտրոնային համակարգին միջամտել են»․ նախարար

Մարտ 14,2022 15:50

«Դատական համակարգում մի կարեւոր գործառույթ մինչեւ հիմա ձեռքով է արվում․ ձեռքով մակագրումների մասին է խոսքը, մինչդեռ մինչեւ այդ դատական գործերի էլեկտրոնային բաշխում էր արվում։ Համակարգն առգրավվեց եւ մինչեւ հիմա չի վերադարձվում։ Նման արդարադատությունից դուք կարո՞ղ եք գոհ լինել»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Անդրեասյանը շեշտեց, որ կարեւոր հարցի մասին  է խոսքը․ «Ես միանշանակ համաձայն եմ, որ մակագրման համակարգը պետք է էլեկտրոնային լինի։ Միաժամանակ շեշտեմ, որ համակարգը լավ չէր աշխատում։ Ցավոք, այդ աշխատանքը երբեք չի եղել մեր ուզածը, որովհետեւ կասկածներ են միշտ եղել, որ հնարավոր է այդ համակարգին ձեռքով միջամտել։ Իհարկե, ծանոթ չեմ նախաքննական գաղտնիք հանդիսացող եւ առգրավման հետ կապված քրեական գործին։ Արտաքին միջամտության կասկածներ են եղել։ Չգիտեմ դեպքը, որովհետեւ նախաքննությունը գաղտնի է, բայց եթե կա քրեական գործ, դա վկայում է այն ամենի մասին, ինչը տարիներ շարունակ ասել են ԶԼՄ-ները, փաստաբանները, քաղաքացիական հասարակությունը։ Բոլորս շատ լավ իմացել ենք դրա մասին»։

Նախարարի խոսքով՝ էլեկտրոնային համակարգով եղել են շատ զուգադիպությամբ մակագրումներ, որոնք հնարավոր էին միջամտության պարագայում․ «Հետեւաբար, մեր խնդիրը չէ՝ առգրավելը եւ թողնելը ձեռքով մակագրմանը, բայց եւ չպետք է լինի այնպիսի էլեկտրոնային համակարգ, որում դու կարողանում ես ինչքան պետք է եւ երբ պետք է՝ միջամտես։ Հակառակը։ Հիմա նախարարությունը միջազգային գործընկերների հետ մտածում է այնպիսի թվային համակարգ ներմուծել, որ այլեւս ոչ մեկ, երբեք եւ որեւէ իշխանության պարագայում չկարողանա միջամտել մակագրման համակարգերին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031