Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարիներ շարունակ մսի միջոցով դիակային թույն ենք կերել․ միսը գնեք սառնարանային պայմաններում վաճառվող կետերից»․Գեորգի Ավետիսյան

Մարտ 14,2022 15:37

Սննդամթերքի անվտանգության ոլորտում ամենախնդրահարույցն ու ռիսկայինը կենդանական ծագման մթերքների ոլորտն է, այս պահին՝ մսի վաճառքը։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«2020 թվականից ունենք իրավական կարգավորում, որը պարտադրում է սպանդանոցային մորթը, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ կար մարդկանց մի խումբ, որը  խանութներում են վաճառում, շուկաներում,  այսպես կոչված՝ դալալները, նրանք մեխանիզմներ են մշակել, որով խաբում են թե՛ մեզ, թե՛ սպառողներին։ Մենք էլ հակազդում ենք եւ մտածում այլ մեխանիզմներ կիրառել, որպեսզի կարողանանք կանխել դա, թույլ չտալ ոչ սպանդանոցային մսի առեւտուրը։ Էլ չեմ խոսում փողոցային առեւտրի մասին»,-ասաց Ավետիսյանը։ Նա վստահեցրեց, որ այժմ աշխատում են, որպեսզի կարգավորվի իրավական դաշտը, որպեսզի վտանգավոր մսեղեն չվաճառվի։

ՍԱՏՄ-ն վերջերս ահազանգ է ստացել, որ հավի միս է վաճառվում մեքենայի բեռնախցիկից։ Ավետիսյանն ասաց, որ փողոցային առեւտրի վերահսկողությունն իրենց գործառույթը չէ, սակայն ահազանգի կամ նման դեպք նկատելու դեպքում այն փոխանցում են ոստիկանությանը կամ ՏԻՄ-երին, որպեսզի նրանք կասեցնեն վտանգավոր սննդամթերքի վաճառքը։

Ավետիսյանը քաղաքացիներին հորդորեց փողոցից միս չգնել․«Միսը պետք է գնել սառնարանային պայմաններում վաճառվող կետերից։ Եթե մորթից երկու ժամ հետո այդ միսը չպաղեցվի, ապա առաջանալու են դիակային ցուպիկներ ՝ դիակային թույներ։ Մենք տարիներ շարունակ կերել ենք դիակային թույն՝ մսի միջոցով եւ հետագայում մեր օրգանիզմում թե ինչ փոփոխություններ են եղել՝ կարելի է  դատել վիճակագրությունից, թե մեզ մոտ ինչ տոկոս են կազմում մահերը կամ սիրտ- անոթային հիվնանդությունները։ Պետք է հարգենք սեփական առողջությունը»։

Տեսչական մարմինը 2021-ին ժամանակավոր կասեցրել է 60 կազմակերպության  գործունեությունը, մեծ մասը հաց կամ հացաբուլկեղենի  արտադրամասեր են եղել։ Ավետիսյանի խոսքով․«Հաց- հացաբուլկեղեն արտադրողների մոտ ենք հաճախ խնդիրների հանդիպում, որովհետեւ  այդ ոլորտը հանդիսանում է ոչ ռիսկային, մեր իրավասության շրջանակներում երեք տարին մեկ ենք ստուգում։ Հաճախ փոքր հացի փռերը թաքնված են լինում մեզանից, մենք մեր օպերատորների շարքում իրենց չենք տեսնում, որովհետեւ մեզ մոտ գրանցած չեն, ավելի շատ բողոքների հիման վրա ենք գնում ստուգման։ Եվ հայտնաբերված բոլոր խնդիրները սանիտարահիգիենիկ պայմաններին են վերաբերում՝ կեղտոտ սարքավորումներ, չվերանորոգված տարածքներ եւ այլն»։

Իսկ սննդի կետերում հայտնաբերված խախտումներն, ինչպես ասած Ավետիսյանը, հաճախ փնթիության դրսեւորում է․«Չի կարելի եփած միսը կտրատել հում միս կտրատած տախտակի վրա»։

Վաղվանից տեսչական մարմինը ուժեղացված ստուգումներ է սկսելու։ Ավետիսյանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ ուժեղացնում են ստուգումները․«Անցած տարի գրեթե միակ տարին էր, որ հաջողվեց իրականացնել պլանային բոլոր ստուգումները։ Անցած տարի 300 ստուգում ենք   իրականացրել բողոքների հիման վրա։ Պլանային ստուգումները տարեկան միջինը մոտ հազար է, եթե գումարենք հավելյալ  300-ը՝ բողոքների հիման վրա,  ապա դա բավական  շատ է, ու կարող ենք ասել, որ ստացել ենք համապատասխան արդյունքներ»։

  Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031