Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեից Aravot.am-ին փոխանցեցին, որ Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի, հայտնի չեն նաեւ փորձաքննության արդյունքները: Քննչական կոմիտեից չհայտնեցին, թե ինչ փորձաքննություն է անցել վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, փորձաքննության մասին ավելի վաղ մեզ հայտնել էր հենց ինքը՝ Ներսես Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը շաբաթներ առաջ բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով:
Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)
Մամուլում այս օրերին շրջանառվում են տեղեկություններ, որ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ առաջիկայում ՔՊ-ն կազատվի Ներսես Պողոսյանից: Ըստ մամուլի տեղեկությունների առաջիկայում կփոխվի նաեւ Ավան վարչական շրջանի ղեկավարը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Ներսես Պողոսյանից հետաքրքրվեց՝ իրեն հասե՞լ են այդ տեղեկությունները:
«էդ էն որ ասում են՝ բա շենքում ինչ են խոսում, էդ վիճակի՞ն ենք հասնում, չգիտեմ, ես տեղյակ չեմ: Ճիշտ է՝ հիմա արձակուրդի մեջ եմ, բայց աշխատում եմ: Ես արձակուրդի մեջ էլ եմ միշտ աշխատել: Ինչ եմ արել, որ պետք է ազատվեն ինձանից, ես ոչ ոքի վզին կախված չեմ, որ ուզենան ինձանից ազատվեն: Ես ինձ վրա դրված պարտավորությունները կատարում եմ հավուր պատշաճի»,- ասաց Ներսես Պողոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ