Հանրային օբյեկտերում սեղանի վրա առանց սպառողի պահանջելու աղաման տեղադրելու դեպքում տնտեսվարողների տուգանելու աղմկահարույց նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների, հումորների ու զավեշտալի համեմատությունների տեղիք է տվել: Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեցինք՝ այսպիսի քննարկումներից հետո նա պնդելո՞ւ է, որ այդ նախագիծը նույն տեսքով գա Ազգային ժողով ու ընդունվի, դառնա օրենք, թե՞ մտափոխվել եք արդեն: Նախարարը պատասխանեց. «Գիտեք, շատ ուրախ եմ, որ նման լայն հանրային քննարկում ստացվեց եւ շատ կարեւոր է քաղաքացիների վարքաբանական փոփոխությունների համար, որ այն լայն շրջանառվեց: Մեր նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է: Որոշակի այսպիսի փոքր փոփոխություններով, որոնք հաստատված են մի շարք երկրներում փորձարարական ձեւով այսպիսի քաղաքականության ընդունումը շատ լավ արդյունք է տվել: Մենք շարունակելու ենք տարբեր մեթոդներով մեր քաղաքացիներին իրազեկել: Այս ընթացքում շատերն են զարմացել, որ այո, նման խնդիր կա եւ ՀՀ-ում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը եւ հիվանդացության բեռի ավելացմանը»:
Նախարարն ասաց, որ առաջիկայում հանդիպումներ են ունենալու սպառողների շահերի պաշտպանների, հանրային առողջության ոլորտի մասնագետների, ռեստորանային բիզնեսի պատասխանատուների հետ, որ կարողանան ավելի լավ լուծումներ գտնել. «Այն, որ մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառման, սահմանափակումը խթանելու ծրագրերը, թե՛ ծխախոտի դեմ պայքարը՝ դա հստակ է»:
Հարցին՝ մարդիկ շաքարավազն էլ են շատ օգտագործում, հնարավո՞ր է արգելեք նաեւ շաքարավազի օգտագործումը՝ Ավանեսյանը պատասխանեց. «Մենք որեւէ բան չենք արգելում: Մենք փորձում ենք բերել վարքաբանական փոփոխություններ: Մարդը, երբեմն չանդրադառնալով իր սովորություններին, չի էլ նկատում, որ օգտագործում է չափից շատ շաքար, աղ»:
Ավանեսյանն ասաց, որ կոնկրետ իրենց տանը աղամանը պահարանում է, երբ որ անհրաժեշտ է լինում, հանում է, ճաշ եփելուց օգտագործում է, դնում է նորից պահարանի մեջ:
Կարդացեք նաև
Ճշտեցինք՝ այսինքն, ձեր նպատակը պատժելը չի եւ այդ 30 հազար դրամ տուգանքներով բյուջեն լցնելը չի, կամ ինչպես հումորներում են ասում՝ սեղանի վրա սեւ բիբարին մենակ թողնելը չի՞՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Մեր նպատակը առողջությունը պահպանելն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ