«Կապի մեջ ենք ՌԴ եւ այլ երկրների մեր գործընկերների հետ, որտեղից կատարվում է հիմնական ներմուծում։ Այս պահին ՀՀ-ն մոտ 2-3 ամսվա պաշար ունի, եւ որեւէ խնդիր չունենք»,-այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե այս օրերին քաղաքացիները մեծ քանակությամբ ալյուր, ձեթ եւ այլ սնունդ են գնում, քանի որ մտահոգություն կա, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով պարենի դեֆիցիտ կառաջանա։
Ավետիսյանի խոսքով՝ խուճապի կարիք չկա․«Այդ սննդամթերքն իզուր տանելու են փչացնեն տանը։ Այս պահին ինչ ունենք մեր ռեզերվում՝ 3 ամիս կբավարարի։ Նաեւ բանակցություններ ենք տանում, որպեսզի կարողանանք ապահովենք նաեւ հետագայում։ ՌԴ-ից արտահանման ծավալների մեջ շատ փոքր տոկոս է կազմում, մեր սպառած սննդամթերքն իրենց պարենային անվտանգությանը չի վտանգում»։
Տեսչական մարմնի ղեկավարը նաեւ վստահեցրեց, որ սերմացու ներկրողների մոտ էլ խնդիր չկա, ո՛չ ցորենի, ո՛չ կարտոֆիլի եւ ո՛չ էլ կաղամբի սերմացուի խնդիր չկա, մեր երկիրն ապահովված է։
«Մենք այլ խնդիր ունենք՝ սերմերի գրանցման հարցը երբ բերվեց, այն անլուրջ մակարդակի հասցվեց։ Մեր խնդիրն այն է, որ ով ինչ պատահի, բերում ու ցանում է, գյուղացիներն էլ գիտեն , որ մեկ հեկտարից կարող են ստանալ այսքան բերք։ Բայց բերում ցանում են, ու դրա կեսը հազիվ են ստանում։ Սրա պատճառը սերմերի որակն է։ Սերմերը չեն գրանցում ներմուծելիս կամ գրանցման գործընթացը թերի է եղել, անորակ սերմեր են եղել»,-ասաց Ավետիսյանը։ Նա նաեւ վստահեցրեց՝ անցած տարի համապատասխան որոշումը փոփոխվեց, որպեսզի գործընթացը կարգավորվի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ