«Վերջերս տեղի ունեցավ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքը, որն ուղեկցվեց մի շարք կոռուպցիոն բնույթի, կասկածելի գործողություններով։ Արգելանքի տակ գտնվող գույքը վաճառվել է։ Ինչպե՞ս է դա հնարավոր եղել»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հարցրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ որեւէ անձի գույքի հետ կապված հարցերին եթե ինքն արձագանքի, դա կլինի օրենքի կոպիտ խախտում․ «Դրա համար ինձ կարող են քրեական պատասխնատվության ենթարկել։ Ես իրավունք չունեմ միջամտել ոչ հակակոռուպցիոն կոմիտեի, ոչ դատախազության, ոչ որեւէ այլ իրավապահ մարմնի աշխատանքներին, այլ էլ՝ կոնկրետ գործերով կարծիք հայտնեմ, որը հետո կդառնա գործադիրի կողմից ուղղորդում։ Անկախ այդ գործից եւ անձից՝ միայն կասեմ․ շատ ուրախալի է տեսնել, որ վերջին շրջանում հակակոռուպցիոն կոմիտեն եւ դատախազությունն ունենում են մասնագիտական անհամաձայնություններ»։
Ապա նախարարը բացատրեց, թե ինչու է ուրախ․ «Մեր աչքի առաջ կայանում է հակակոռուպցիոն կոմիտեն, ոտքի է կանգնում մի նոր մարմին, որ կայացման վրա լուրջ աշխատանք ենք արել։ Երկրորդ․ մեր երկրում արդարություն կլինի, երբ բոլոր օղակները ոչ թե ձեռք ձեռքի տված մի երգ երգեն ու պարտակեն, այլ երբ լինեն վեճեր, անհամաձայնություններ է։ Սա է առողջացման ճանապարհը, եւ կառավարության շնորհիվ նախորդ տարի ահագին քայլեր են արվել այս առողջացման ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ