Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2021թ. կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունը: Նա խոսեց մանկական մահացության նվազման, բուժհաստատություններին տրամադրվող դոտացիաների, պետպատվերի մասին. «Ինձ համար մի փոքր զարմանալի է աշխատակարգը սենսացիայի կերպով ներկայացնելը»,- այսպես արձագանքեց նախարարը՝ 2021-ի տարեվերջին պետպատվերի հետ կապված խնդիրների, պետպատվերը՝ ժամանակից շուտ սպառելու թեմայով հարցին:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հարցրեց շտապօգնության մեքենաների եւ բժիշկների աշխատավարձի մասին: Նա նաեւ հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի թեստի գներն ինչու են այդքան բարձր՝ 8000 դրամ:
Նախարարը պատասխանեց, որ շտապօգնության ավտոպարկը վերջին մեկ-երկու տարիներին թարմացրել են, մի մասը դրամաշնորհներով են գնել, մի մասը՝ այլ տարբերակով, ու այս պահին բավարար ավտոպարկ ունենք. «Նաեւ տեսականին է փոխվել ավտոպարկի, մենք համալրել ենք ամենագնաց մեքենաներով, որոնք սահմանամերձ շրջաններում արագ ծառայություն են մատուցում»: Ինչ վերաբերում է աշխատավարձին, նա ասաց, որ ջանքեր են գործադրում բարձրացնել, ու դա միայն շտապօգնությանը չի վերաբերվում:
Կորոնավիրուսի թեստերի գնային քաղաքականությունները շատ տարբեր են, ըստ նախարարի. «Ինքնարժեքը ձեւավորվում է ոչ միայն թեստի գնով, այլ նաեւ լաբորատոր սարքավորումներով, բուժաշխատողների վճարներով»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք աղի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար Ավանեսյանը դրամաշնորհ ստացե՞լ է, կամ նախարարությունը ստացե՞լ է, ու եթե ստացել են, ո՞ր կազմակերպությունից: Նախարարը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը, բարելավելու առողջությունը, կանխարգելելու, հայտնաբերելու հիվանդությունները ու դրանք բուժելու: Եթե երկիրը իր քաղաքացիների առողջության պահպանման մեջ ներդրում չի անում, պետք է նորանոր միջոցներ ներգրավի բուժման, հաշմանդամության համար, ու երբեմն այնքան ծանրացած են լինում, որ չի հաջողվում կյանքը փրկել: Ես ստանում եմ աշխատավարձ՝ իրականացնելու այդ ոլորտի լիազոր մարմնի կառավարումը, հավելյալ միջոցների մասին խոսելը ծիծաղելի է: Մենք հետեւողականորեն քաղաքացիների առողջության պահպանման մարտավարություն ենք տանելու: Մենք պետք է առողջ սնվենք, մարզվենք, որ ստիպված չլինենք հիվանդաբուժությամբ զբաղվել»:
Մանուկյանը արձագանքեց. «Դուք մտահոգություն էիք հայտնում, որ մարդիկ ճաշի մեջ աղը լցնում են՝ առանց փորձելու, հնարավո՞ր է նախաձեռնությամբ հանդես գաք՝ քրեական պատասխանատվության ենթարկել մարդկանց՝ ճաշի մեջ առանց համտեսելու աղ լցնելու համար»: Ավանեսյանը պատասխանեց. «Եթե ձեր քաղաքական ուժը այդպիսի գաղափարներ ունի, խնդրեմ, մտցրեք ձեր կուսակցության ծրագրի մեջ»: Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենց նպատակն է, որ մեր քաղաքացիները ունենան առողջ սովորույթներ, երկար պահպանեն իրենց առողջությունը, կյանքի որակը, ոչ թե զբաղվեն հիվանդությունների դեմ պայքարելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ