Նաիրյան վոկալ անսամբլը Սամվել Խալաթյանի հեղինակած «100 տարի անց» պիեսի երաժշտական ներկայացմամբ հանդես եկավ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում: Անսամբլի գեղարվեստական ղեկավարը Նաիրա Մուղդուսյանն է:
«Ամիսներ առաջ, երբ որ պիեսը գրում էի, չգիտեի, որ նման արձագանք կունենա: Բայց ուրախ եմ նման արձագանքի համար: Ես կուզենայի, որ պիեսն իր դրական նպաստավոր ազդեցությունը թողներ, հատկապես մեր ընտանիքներում կանանց հետ վարվելակերպի, աղջիկ երեխաների դաստիարակության, կանանց քաղաքական ակտիվության սահմաններն ընդլայնելու եւ ընդհանրապես նմանատիպ հարցերում»,-ասում է պիեսի հեղինակ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:
Գործող անձանց՝ Զապէլ Եսայանի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի, Շուշանիկ Կուրղինյանի, Կատարինե Զալյան-Մանուկյանի, Վարվառե (Վարյա) Սահակյանի կերպարները հաջողությամբ մարմնավորել են անսամբլի մենակատարուհիները՝ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ:
«Մենք արվեստագետների խումբ ենք, որ հավատացել ենք եւ հավատում ենք այն գաղափարին, որն այստեղ ներկայացրեցինք: Այն է, որ, ըստ էության, հայոց պատմության մեջ եղել են, եւ ես վստահ եմ, որ նրանք կան ու կշարունակեն լինել կանայք, ովքեր իրենց ուսերին տարել են ոչ միայն ընտանեկան հոգսը, այլ նաեւ շատ լուրջ հասարակական, քաղաքական, մշակութային ու սոցիալական ակտիվություն են ցուցաբերել: Եվ հենց նրանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք իբրեւ ազգ, պետություն գոյատեւել եւ լինել»,- իր խոսքում նշեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը:
Կարդացեք նաև
Առաջիկայում նախատեսվում է նաեւ պիեսի անգլերեն եւ հայերեն լեզուներով հրատարակված գրքի շնորհանդեսը:
Իսկ բեմականացումն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի եւ Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի կողմից «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ: Այն ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ