Ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Ղուկասյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է:
Նա պատմել է իր գիտական թեմայի և ընդհանրապես գիտությամբ զբաղվելու կարևորության մասին:
Այս գիտական թեման նպաստելու է բևեռային կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկայի ապագա հետազոտությունների անցկացմանը .…
Կիսահաղորդչային նանոկառուցվածքները, որոնց թվին են պատկանում քվանտային կետերը, լարերը և թաղանթները, լայն կիրառություն ունեն օպտոէլեկտրոնային սարքաշինության ոլորտում, քանի որ ցուցադրում են կառավարելի փոփոխվող օպտիկական հատկություններ:
Կարդացեք նաև
Քվանտային լարերի և քվանտային թաղանթների ֆիզիկական հատկությունների բացառիկ կառավարելիությունը հնարավորություն է ընձեռում դրանց հիման վրա ստեղծել արդյունավետ գործող օպտոէլեկտրոնային սարքեր. չափային դաշտային տրանզիստորներ (scale field-effect transistors (FETs)), p–n տիպի դիոդներ, լուսաառաքիչ դիոդներ (LEDs), երկբևեռ հանգույցով տրանզիստորներ, ներդաշնակող փոխարկիչներ (complementary inverters), նանոչափային լազերներ, բարդ կառուցվածքով էլեկտրոնային տրամաբանական տարրեր, գազի զգայակներ, նանոռեզոնատորներ և նանոգեներատորներ։
Սենյակային ջերմաստիճաններում աշխատող օպտոէլեկտրոնային սարքերի մշակումն այժմ շատ կարևոր է, քանի որ ավանդական սառեցնող համակարգերը բարձրացնում են օպտոէլեկտրոնային սարքերի ինքնարժեքը։
Իսկ գլխավոր ֆիզիկական պրոցեսը, որը սենյակային ջերմաստիճանում ազդում է նանոկառուցվածքների քվանտային արդյունավետության վրա, էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցությունն է։
Մեր գիտական թեմայի նորույթն այն է, որ հաշվարկելու ենք կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական բնութագրերը՝ էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցության հաշվառմամբ։
Հուսով ենք, որ ստացված արդյունքները կարող են խթանել մասնավորապես բևեռային կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկայի, ինչպես նաև դրանց սարքային կիրառությունների վերաբերյալ ապագա հետազոտությունները:
ԵՊՀ ընդունվելիս գիտության մասին պատկերացումներս վերացական էին ….
ԵՊՀ ընդունվելիս նույնիսկ տեղյակ չէի, որ կան այս տեսակ ծրագրեր։ Այդ տարիքում գիտությամբ զբաղվելու պատկերացումներս ավելի վերացական էին, ինչ-որ առումով ռոմանտիկացված։
Հիմա էլ կարծում եմ, որ անձը գիտությամբ սկսում է զբաղվել ներքին հետաքրքրասիրությունից դրդված, իսկ ստացված արդյունքների համար գործնական կիրառում գտնելն ընդամենը հաճելի կողմնակի հետևանք է։
ԵՊՀ-ի շնորհիվ խորհուրդներ և ուղղորդում եմ ստացել Հայաստանում այս ոլորտում գիտական գործունեություն ծավալող լավագույն գիտնականներից, ի դեմս՝ իմ գիտական ղեկավարի։
Գիտությամբ զբաղվելու մասին աղոտ պատկերացումս պրակտիկ փորձի շնորհիվ դարձել է հստակ մասնագիտություն։
Սկզբում չեմ կարողացել իմ ժամանակը տրամադրել գիտությանը….
Դեռևս դպրոցական տարիքից, զբաղվել եմ ծրագրավորմամբ, բոլորովին վերջերս այն իմ միակ եկամտի աղբյուրն էր: Այդ ընթացքում չեմ կարողացել ամբողջ ժամանակս և ներուժս տրամադրել գիտական հետազոտություններին, սակայն դրանք ինձ համար միշտ առաջնային են եղել։
Այս փուլի հիմնական խնդիրն ինձ համար ծրագրավորումից գիտություն սահուն անցում այնպես կատարելն է, որ կարողանամ զբաղվել միայն գիտական գործունեությամբ։
Ազատ ժամանակ փորձում էի գրել, նվագել ….
Իմ հետաքրքրություններն անընդհատ փոփոխվում են։ Եղել են ժամանակահատվածներ, երբ հետաքրքրված էի միայն ֆիլմերով, հետո՝ գրքերով, երաժշտությամբ, փորձում էի գրել, նվագել։
Այս ամենը միշտ ուղեկցվում էր փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրվածությամբ՝ կյանքի վերաբերյալ հիմնարար ճշմարտություններ գտնելու հույսով։
Հիմա նախընտրում եմ ազատ ժամանակս անցկացնել ինձ համար կարևոր մարդկանց հետ։
ԵՊՀ