Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխելով ինքներս մեզ՝ փոխենք մեր շրջապատը»․ ծրագիր՝ ներկա եւ նախկին դատապարտյալների համար

Մարտ 14,2022 19:45

«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը անցած տարվա նոյեմբերից իրականացնում է  «Մենք կարող ենք» ծրագիրը։ Այն նպատակ ունի բարելավել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ներկայում գործող ընթացակարգը։ Ըստ դրա, դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունները կազմում են զեկույցներ։

2021 թվականի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների կողմից ստացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի վերաբերյալ 740 դիմում։ Քրեակատարողական ծառայությունում անցած տարի կազմվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ 669 զեկույց, որից 556-ը՝ բացասական, 113-ը՝ դրական։

2021թ–ին  պայմանական վաղաժամկետ ազատվել է թվով 182 դատապարտյալ, իսկ 4 դատապարտյալի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով։

«Եվրոպական միության ֆինանսավորմամբ ծրագրի ընթացքում իրականացվել են սոցհարցումներ ինչպես պատիժ կրող անձանց, այնպես էլ նախկին դատապարտյալների շրջանում։ Հարցվողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ քրեակատարողական ծառայության կողմից կազմվող զեկույցի գնահատման բալային հարկավոր է վերանայել»,-ասում է կազմակերպության նախագահ, փաստաբան Իրինա Մանուկյանը։ Գործող ընթացակարգով, 28 միավորը համարվում է բավարար՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։  Միավորները տալուց հաշվի են առնվում տարիքային շեմը, տուժողի նկատմամբ ունեցած քաղհայցի փաստը, քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող դասընթացներին մասնակցելը, զբաղվածություն ունենալու հանգամանքը, մարզական-մշակութային միջոցառումներին մասնակցելը, խրախուսանք ունենալու հանգամանքը, տույժերի առկայությունը, քրեական ենթամշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքը եւ այլն։ «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք չեն կարող ընդգրկվել առկա աշխատատեղերում։ Խրախուսանք հազվադեպ է տրվում, տույժ՝ ինչքան ասես»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Ծրագրի փորձագետ, ՀԿ-ի փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը շարունակում է գործընկերոջ խոսքը՝ նշելով, որ դատարաններում էլ պայմանական վաղաժամկետ ազատման հայցերը ոչ պատշաճ ժամկետում են քննում։ Այս հարցի վերաբերյալ էլ պատրաստվող նախագծում առաջարկային կետ կլինի։ «Օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սուրեն Մուրադյանին քրեակատարողական ու պրոբացիոն ծառայությունները դրական եզրակացություն են տվել։ Թվում է՝ խնդիր չկա, դատապարտյալը պետք է ազատվի, սակայն նոյեմբերից մինչեւ օրս դատական նիստերը հետաձգվում են՝ կամ դատախազը չի ներկայանում նիստին, կամ էլ դատարանն է ծանրաբեռնված»,-ասում է Բաբկեն Ղարդյանը։

Ծրագրի փորձագետները այս պահին աշխատում են նախագծի մշակման վրա, իհարկե, հաշվի առնելով միջազգային փորձը եւ շահառուների առաջարկը։ Նախագիծը պատրաստ լինելուն պես կկազմակերպվի հանրային քննարկում, որի ընթացքում հնչած առաջարկությունները եւս կընդգրկվեն նախագծում։Նախագծի վերջնական տարբերակը ներկայացվելու է պատկան պետական կառույցներին, ինչպես նաեւ բաժանվելու է քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց։

Ի դեպ, մեր զրուցակիցները կիսվում են նաեւ իրենց հաջողության պատմություններով։ «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն դատարանում պաշտպանել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ներկայացված դատապարտյալ Ս․Մ-ի շահերը։ Վերջինիս քրեակատարողական ծառայությունը տվել էր բացասական, պրոբացիայի ծառայությունը՝ դրական զեկույց։ Ս․Մ․-ն 2015 թվականի օգոստոսի 3-ին դատապարտվել էր թմրամիջոցների ապօրինի իրացման համար 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ «Դատախազը առարկում էր՝ պնդելով, որ չի ուղղվել դատապարտյալը։ Ըստ դատախազի՝ շախմատ խաղալը եւ մրցանակ շահելը՝ դեռ ուղղվել չի նշանակում։ Լավ այդ դեպքում, ինչո՞ւ են մարզամշակութային միջոցառումներին մասնակցելու համար դատապարտյալին գնահատական տալիս վաղաժամկետ ազատվելուց։ Իրենք իրենց հակասո՞ւմ են»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Տեղեկանալով իրականացվող ծրագրի մասին, անցած տարի դեկտեմբերին Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հրավերով «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին նրան։ Նորին Գերազանցությունը ողջունելով ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը՝ նշեց, որ Հայաստանում քրեակատարողական ոլորտում առկա խնդիրները կարգավորելու  ուղղությամբ շատ անելիքներ կան։  Նիդերլանդների թագավորության դեսպանատունը պատրաստակամ է աջակցել «Հանուն Ազատության» կողմից ներկայացված ծրագրերին։

Միաժամանակ՝ «Մենք կարող ենք»  ծրագրին զուգընթաց, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի շրջանակում իրականացվում է «Հանուն Ազատության» ՀԿ–ի կարողությունների ու ռազմավարության զարգացման ծրագիրը։ Կազմակերպությունը Կապան քաղաքում գրասենյակ է վարձակալել, կազմակերպության կայքը պատրաստման փուլում է, ակտիվացել է կազմակերպության ֆեյսբուկյան էջը։ «ՀԿ–ի աշխատակազմը մի քանի անգամ վերապատրաստվել է, անց են կացվել անցանց եւ առցանց վերապատրաստման դասընթացներ։ Տեղի է ունեցել կամավորների հետ հանդիպումներ։ «Մեր շարքերը համալրվում են։ Հուսով ենք՝  փոփոխությունը իրականություն կդառնա։ Փոխելով ինքներս մեզ՝ փոխենք մեր շրջապատը»,-ասում է Բաբկեն Ղարդյանը։

Ավելացնենք, որ «Հանուն Ազատության» կազմակերպության համահիմնադիրները նախկին դատապարտյալներ են։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031