Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում են իմանալ, թե ինչ են բանակցել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու մյուսները, թող կարդան Արցախի սահմանադրությունը»

Մարտ 14,2022 14:00

Ինչո՞ւ են զիջել ավելին, քան զիջվել է կապիտուլյացիոն փաստաթղթով

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Հայ հեղափոխական դաշնակցության» բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Խոսել ենք ԱԺ վերջին նստաշրջանում ընդդիմությանն ուղղված հարցերից, որոնք, ըստ իշխանական պատգամավորների, ընդդիմությունը թողել է անպատասխան։

-Պարոն Ռուստամյան, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց՝ «երբ ձեզանից շատերն ասում են, թե մենք հայրենիքի 75%-ը հանձնել ենք, հարց է ծագում՝ դա նշանակո՞ւմ է, որ դուք դա համարում եք Արցախի մաս։ Այո, տրամաբանորեն։ Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչպե՞ս են բանակցել հայրենիքի որոշակի տոկոսը հանձնելու շուրջ։ Դա նշանակո՞ւմ է, որ իրենք պոտենցիալ հողատու էին ձեր տրամաբանությամբ»։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հարցադրումներին։

-Այս մարդիկ չեն հասկացել Արցախի հարցի էությունը։ Եթե ուզում են իմանալ, թե ինչ են բանակցել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու մյուսները, թող վերցնեն ու նորից կարդան Արցախի Հանրապետության սահմանադրությունը, որում ասվում է՝ այդ տարածքները մնում են մեր իրավասության տակ, քանի դեռ չի ճանաչվել Արցախի անկախությունը եւ չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւի մասին է խոսքը։ Դա են բանակցել։ Չեն ասել, որ ոչ մի բան չենք զիջելու։ Նման բան որեւէ մեկը երբեք չի ասել, ուստի թող իզուր տեղը մարդկանց թյուրիմացության մեջ չգցեն։

-Իմիջիայլոց, Ռուբեն Ռուբինյանն այս թեմայի համատեքստում ընդդիմությանն էր մեղադրում՝ իր եւ քաղաքացիների բանականությունը վիրավորելու մեջ։

-Իրենք բանականություն չունեն, որ ես վիրավորեմ։ Բանականություն, որ ունենան, կկարդան Արցախի սահմանադրությունը, որն Արցախի ժողովրդի կամքն է արտահայտում եւ որից որեւէ մեկն իրավունք չունի շեղվելու։ Ուրեմն Արցախի ժողովուրդը բանականություն չի ունեցե՞լ, հա՞… վստահաբար, Արցախի ժողովրդին բանականություն չունենալու մեջ մեղադրել հնարավոր չէ, հետեւաբար՝ իրենք չունեն, որ չեն հասկացել, թե Արցախի ժողովուրդն ինչպես է պատկերացրել Արցախի հարցի լուծումը։

-ԱԺ փոխնախագահը նաեւ հետեւյալ հարցադրումն էր հնչեցրել՝ պատերազմ չլինելու համար ի՞նչ կաներ ընդդիմությունը, եթե նոյեմբերի իննի դրությամբ լիներ իշխանություն։ Այս հարցադրումն, ի դեպ, ամիսներ առաջ հնչեցրել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

-Նախ, մենք չէինք հասցնի նոյեմբերի իննի դրությանը։ Մենք առիթ ունեցել ենք դրա մասին խոսելու։ Չէինք կառչի մեր իշխանությունից։ Շանսերը, որոնք կային, կիրականացնեինք անգամ իշխանությունը կորցնելու գնով՝ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու, տարածքային ավելի քիչ կորուստներ ունենալու, զոհերի ավելի քիչ քանակ արձանագրելու առումով։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի իննին, դա անվերապահ կապիտուլյացիա էր։ Ինչո՞վ է կապիտուլյացիան տարբերվում մնացած ամեն ինչից. նրանով, որ այլեւս ընտրության հնարավորություն չունես, որ հայտնվում ես մի վիճակում, երբ կարող ես ամբողջությամբ ամեն ինչ կորցնել եւ այդ պատճառով գնում ես կապիտուլյացիայի։ Իրենք ամսի իննը հասունացրել են այնպես, որ ընտրության ուրիշ հնարավորություն չլիներ, դրա համար ենք մենք դա համարում կապիտուլյացիա։ Այդ վիճակը հասունացվել էր իրենց թեթեւ ձեռքով՝ «հաղթելու ենք» ասելով։ Ի դեպ, մեր մոտ մեծ համոզմունք կա, որ իրենք այդ ամեն ինչը կատարել են Արցախն առհասարակ դատարկելու տրամաբանությամբ։ Ադրբեջանական զորքը Ստեփանակերտի մատույցներում կանգնեցվել է Ռուսաստանի միջամտությամբ, եւ դա մենք տեսել ենք կապիտուլյացիայի օրը, երբ ռուսական զորքը շարժվում էր դեպի Արցախ։ Այսինքն, ռուսներն են կանգնեցրել։ Եթե թողնեին այս իշխանությանը, Ադրբեջանը մտնելու էր Ստեփանակերտ, եւ ամեն ինչ ավարտվելու էր, իսկ իրենք հենց այդ էլ ուզում էին՝ պատերազմով Արցախը հանձնել եւ վերջացնել։

-Ռուբինյանը նաեւ նշել էր՝ իր համար հասկանալի չէ այն, որ ըստ ընդդիմադիրների մի մասի՝ իշխանությունը չպետք է ստորագրեր նոյեմբերի իննի փաստաթուղթը, իսկ ըստ մյուս մասի՝ իշխանությունը չի համաձայնել շուտ կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում էլ Արցախի տարածքները կրկին հանձնվելու էին։ Այսինքն, նա կարծես թե հակադրություն է տեսնում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների պնդումներում։

-Հակասություն չկա։ Ակնհայտ է, որ շուտ կանգնեցնելու պարագայում մենք այդքան կորուստներ չէինք ունենա, բայց դա իշխանության պատասխանատվության հարց էր առաջացնում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձեւակերպել՝ եթե դա անեին, իրեն կասեին դավաճան։ Է՜, էլի են ասում… թող ասեին դավաճան, բայց այսքան կորուստ չունենայինք։ Մի խոսքով, իրենք էլ չեն հասկանում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսք գնում եւ իրենց թվում է, թե ամբոխավարական ձեւերով կարող են պատասխանատվությունից խուսափել։ Այո, դրանից առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը, բայց իրենց համար դա իշխանության մնալու գինը կարժենար։ Ամենախայտառակ փաստն այն է, որ նոյեմբերի իննից առաջ պատերազմը կանգնեցնելու առաջարկը թաքցվել է բոլորից, այդ թվում՝ ԱԱԾ պետից։ Թող սրա մասին խոսեն։ Իսկ ինչ կատարվել է նոյեմբերի իննին, պետք է հաշվի նստենք դրա հետ. կոտրված բանակով նոր պատերազմի առիթ չենք կարող առաջացնել, եւ մենք այդքանը հասկանում ենք եւ ասում, որ չենք գալիս չեղարկելու, բայց անգամ այս պայմաններում պարտության սիմվոլին հեռացնելով՝ կկարողանանք մեր շահերն ավելի լավ պաշտպանել։ Մինչեւ Սյունիք նահանջը նախատեսված չի եղել նոյեմբերի իննի փաստաթղթով, ուստի թող սա էլ բացատրեն։ Ինչո՞ւ են զիջել ավելին, քան զիջվել է կապիտուլյացիոն փաստաթղթով։

Զրուցեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031