Լրահոս
Օրվա լրահոսը

Այնճարում կա մեկ պայման՝ պետք է ընդունել ներքին՝ չգրված օրենքները

Մարտ 14,2022 12:30

Այնճարի եւ մուսալեռցիների մասին

«Երբ ընկերներս Հայաստանից հյուր են գալիս, ասում եմ՝ ձեզ գյուղ եմ տանելու: Գնում ենք՝ զարմանում են, ասում են՝ սա գյուղ չի»,- իր ծննդավայրի մասին սիրով, հիացմունքով ու հպարտությամբ պատմում է զրուցակիցս՝ արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը՝ ջանալով իր նկարագրություններով փոխանցել ողջ իրողությունը այլազգիներով շրջապատված, մաքուր հայաբնակ Այնճարի մասին, որը գտնվում է Լիբանանի Բեքաայի դաշտավայրում:

Այնճարը Սաննին լեռան դիմաց

Այնճարը հիմնադրվել է 1939-ին, երբ մուսալեռցիներն արտագաղթեցին Մուսալեռից, հաստատվեցին այդ տարածքում: Պաշտոնական անվանումը «Հաուշ Մուսա» է, որ նշանակում է «Մուսայի դարպաս», երբեմն քարտեզների վրա նաեւ գրվում է «Մուսա Լեռ» անվանումը, որը նշանակում է «մուսաների լեռ» եւ որը կապ չունի Մովսես Մարգարեի անվան հետ: Իսկ գյուղը ճանաչված է իր հողերից բխող լճակի՝ Այնճարի անունով, որ նշանակում է «հոսող աղբյուր» կամ «կուժի աղբյուր»:

Բերդի մի մասը

Գյուղաքաղաքը բաժանվում է 6 թաղամասի՝ ըստ Մուսա լեռան 6 հայկական գյուղերի անունների՝ Գեբուսիե, Յողուն-Օլուկ, Բիթիաս, Վաքըֆ, Խըդըրբեյ եւ Հաջիհաբիբլի։ Այն ժամանակվա ֆրանսիական կառավարությունը, բնակելի տներ կառուցելով, օգնեց հայերին հաստատվել ծովից 1000 մետր բարձրության վրա գտնվող, շուրջ 2 կիլոմետր քառակուսի այդ տարածքի վրա: Այդ շրջանին արաբները երբեք չէին մոտեցել, քանի որ ճահճուտ է եղել՝ մլակներով եւ մժեղներով: Տարածքում բնակեցված 5 հազարից ավելի մուսալեռցիներից ավելի քան հազարը մահացան՝ առաջին 2-3 տարում՝ մալարիայի համաճարակից: Մովսես Հերկելյանը պատմում է, որ մալարիայի համաճարակը հաղթահարելուց քաղված դասը տեղացիներին օգնել են կորոնավիրուսի համաճարակին առավել կազմակերպված եւ համեմատաբար հեշտ դիմագրավելու համար:

«Օմայատների» ավերակներն ու դաշտավայրը

«Օմայատների» պալատը

«Մեր բարբառը Կիլիկիայի բարբառի հետ կապ չունի: Էդվարդ Աղայանը, որն Աճառյանին աշակերտել էր, համալսարանում ինձ լեզվաբանության ներածություն է դասավանդել: Բարբառների մասին երբ խոսում էր, ասաց, որ Աճառյանը գիրք է գրել Մուսա լեռան բարբառի մասին, ասաց՝ այդ գիրքն ինձ մոտ է ու առաջաբանում գրված է, որ գրաբարը մեռած լեզու չէ, կան 20 հազար մուսալեռցի, որոնք խոսում են գրաբարյան ինչ-որ ենթաբարբառով»,- պատմում է Մովսես Հերկելյանը՝ նկատելով, որ այդ է Մուսա լեռան եւ կիլիկեցիների բարբառների տարբերության պատճառը:

Այնճար

Վարկած կա, որ մուսալեռցիները սկզբում մաս են կազմել Տիգրան Մեծի նավատորմիղին, սակայն նրա պարտվելուց հետո զբաղվել են ծովահենությամբ, մինչեւ որ հռոմեացիները դուրս են բերել նրանց Միջերկրական ծովից: Նրանք էլ ապաստանել են ծովափնյա լեռների վրա: Դեռ այդ շրջանից նրանք ապրել են Մուսա լեռան վրա՝ պահպանելով իրենց գրաբարախառն բարբառը: Այնճարում խոսել են այդ բարբառով, հայերենն էլ սովորել են իբրեւ երկրորդ լեզու: Սովորել են նաեւ արաբերեն, ֆրանսերեն, ապա ֆրանսերենին փոխարինել է անգլերենը, ինչը մեր զրուցակիցը հումորով նկատում է, թե պատճառ դարձավ, որ իր սերունդը ոչ ֆրանսերեն կարգին գիտենա, ոչ էլ անգլերեն: Անգլերենն ինքն արդեն հետո է սովորել՝ ինքնուրույն: Բայց Այնճարի դպրոցները զարգանում են՝ հասնելով «երկրորդական վարժարանի» աստիճանի: Չնայած Լիբանանում հոսանքի, ջրի եւ առհասարակ տնտեսական խիստ ու մտահոգիչ տագնապ կա, այժմ գյուղում էլեկտրականության եւ ջրի խնդիր չկա: Հիմա այնճարցիները նաեւ ջրային ռեսուրսների են տիրապետում եւ Լիբանանի բազմաթիվ գյուղերի խմելու ջուր են մատակարարում:

Փողոց Այնճարում

Քաղաքն ունի երեք համայնք՝ բողոքական, կաթոլիկ եւ առաքելական: Առաքելականները մեծամասնություն են կազմում. «Բայց մեր գյուղում կա մի շատ լավ սովորություն, ավանդություններ՝ հարուստի, աղքատի, բողոքականի, կաթոլիկի, դաշնակի, հնչակի խնդիր չկա: Երեք համայնքը շատ համերաշխ են: Ներքին կառավարությունը միակուսակցական է, իշխողը Դաշնակցությունն է, բայց դա չի խանգարում հայկական այլ համայնքների գոյությանը: Քաղաքային իշխանության՝ քաղաքապետության թիկունքին Դաշնակցության կոմիտեն է, որն ինքնուրույն կառույց է: Այնճարի ներքին հարցերը առանց դրսի միջամտության են լուծվում: Այնճարի ներքին գործերին պետությունն էլ չի խառնվում: Այնճարն ունի քաղաքապետ, վեց թաղապետ, որոնք ընտրովի պաշտոններ են, բայց, մեծ հաշվով, թաղապետերն ընտրվում են Կոմիտեի համաձայնությամբ: Դպրոցներն ունեն հոգաբարձուների խորհուրդ, եկեղեցին ունի ծխական խորհուրդ, որոնք նույնպես Կոմիտեի համաձայնությամբ են ընտրվում»:

Գյուղը՝ լեռներից

Հանգստատուն գյուղում

Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ Կոմիտեն իր որոշումներում շատ արդար է միշտ եւ չի հարուցում որեւէ մեկի կասկածը: Կոմիտեն 7 կամ 9 անդամ է ունենում: Գյուղում գործում են ենթահանձնախմբեր՝ կրթական, առողջապահական, մշակութային, տնտեսական, դաստիարակչական եւ այլն: Այնճարում կա մեկ պայման՝ պետք է ընդունել ներքին՝ չգրված օրենքները: Ու այդ ներքին օրենքներն էլ օգնել են, որ Այնճարը զարգանա, ավելի ամրանա: Այնճարի ներքին օրենքներն ու միասնությունն են պատճառը, որ 1975 թվականից Բեյրութում ընթացող քաղաքացիական պատերազմում այնճարցիները միայն մեկ զոհ են տվել: Այնճարում՝ մեծից փոքր, այր ու կին, տիրապետում են մարտարվեստներին, զենքին, մարզված են: Ինչպես զրուցակիցս է պատմում, մուսալեռցիների տներում երկու «դարան» կա՝ գրադարան եւ զինադարան: Զինադարաններում օրինական զենքեր են: Քաղաքի ներքին օրենքների համաձայն, Այնճարի ոստիկանները պետք է հայ լինեն: Քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում Այնճարում դատարան կար, բանտ: Ի դեպ, Այնճարի կուսակցական դատարանը նույնիսկ արաբներն էին նախընտրում, երկու պատճառով՝ արդար են դատում՝ ով ուզում ես եղիր՝ արաբ ես, հայ ես, մեղավոր ես՝ պիտի պատիժդ կրես: Երկրորդ պատճառն այն է, որ պետտուրք վճարելու կարիք չկա, անվճար է, համայնքապետարանն է հոգում ծախսերը:
Այնճարի երեք հաշտ ու համերաշխ համայնքները տոները միասին են նշում: Ի դեպ, սա միակ բնակավայրն է, որտեղ մինչ այժմ նշում են փետրվարյան ապստամբության օրը, որ հատուկ նշանակություն ունի այսօր իրենց համար:

Այնճարի ակը (լճակը)

Ջրամատակարարման գլխավոր առուն

Բաջարանոցները

«Հատկապես մեր չարաբաստիկ պարտությունից հետո»,- զրուցակիցս է ընդգծում: «Եթե ներքին պաշտպանողականության ուժը չգործի, շատ արագ կձուլվենք: Այնճարում հումոր են անում՝ մենք՝ մուսալեռցիներս, մենք տակավին հայ չենք եղել, երբ որ ձուլվենք, նոր հայ կլինենք: Բայց դրանում մի հետաքրքիր ճշմարտություն կա, քանի որ մուսալեռցիները 2000 տարի անկախ կամ կիսանկախ, առանձին են ապրել եւ միայն Լեւոն Երկրորդի իշխանության տարիներին եղել են Կիլիկիայի թագավորության կազմում, ինքնապաշտպանական բնազդը առավել մեծ է նրանց մոտ»,- ասում է Մովսեսը՝ նկատելով, որ այս իմաստով՝ արցախցիներին նման են, քանի որ երբ Արեւելյան Հայաստանը գտնվում էր պարսկական տիրապետության տակ, արցախցիները պահպանեցին իրենց ինքնուրույնությունը:

Աղբյուր-յուշարձան Այնճարում

Ուսումնասիրելով Արցախի կենցաղն ու բարբառը, որոշ գիտնականներ վարկած են առաջ քաշում, որ արցախցիները մուսալեռցիներ են: Մուսալեռցիները Արցախի բարբառը հասկանում են, արցախցիները՝ Մուսա լեռինը չեն հասկանում: Պատճառն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ արցախցիների խոսքը խառնվել է աշխարհաբար հայերենի հետ, օտար բառեր են մուտքագրվել:

 

Ս. Պողոս Եկեղեցին

Հետաքրքրվում եմ՝ Սիրիայի տարածքում, բայց Մուսա լեռան մոտ գտնվող մեկ այլ հայաբնակ գյուղից՝ Քեսաբից, որը սիրիական վերջին պատերազմի ժամանակ բնաջնջման եզրին էր կանգնած: Զրուցակցիս ասում է. «Երբ թուրքերը մտան Քեսաբ, Քեսաբի պատերին գրել էին՝ հաջորդը՝ Այնճարն է: Մերոնք պատասխանեցին՝ սպասում ենք, մենք տակավին լեռն ենք: Բայց որեւէ մեկը չեկավ»: Այո, քեսաբցիների եւ մուսալեռցիների միջեւ տարբերություններ կան, բայց դրանք չեն խանգարում համագործակցություններին. խոսում են բարբառի տարբեր ճյուղերով, մուսալեռցիների ճյուղն ավելի գրաբարյանն է: Միմյանց դիմում են՝ «քավոր»: Քեսաբն ու Մուսա լեռը հնուց սահմանակից են եղել, բայց քեսաբցիները լեռներ չեն բարձրացել: Թեեւ հնուց եկող ինչ-որ ներքին վեճեր էլ կան երկու համայնքների միջեւ, սակայն երկրորդական են դառնում, երբ թշնամուց վտանգ կա. «Թուրքերը երեք անգամ հարձակվել են քեսաբցիների վրա, քեսաբցիները միշտ փախել են, մուսալեռցիները չեն փախել, բարձրացել են լեռները եւ կռվել»:

Այնճարի կեդրոնական պողոտան, դիտված՝ երկնակամարից

Այնճարի բնակչության մի մասը 1947-ի հայրենադարձության ժամանակ տեղափոխվել է Հայաստան: Մեր զրուցակցի հավաստմամբ, հայրենաբնակ մուսալեռցիները, որոնք ունեն հայրենակցական միություն, եւս հնչակ-դաշնակի կամ այլ հարց չունեն, ապրում են համերաշխ ու ամեն տարի միասնականությամբ են նշում սեպտեմբերյան Մուսա լեռան հաղթանակի տոնը: Այժմ մոտ երեք հազար մարդ է բնակվում Այնճարում, ամռանը՝ խաղաղ պայմաններում, բնակչությունը կարող է հասնել մինչեւ 5-6 հազարի: Երիտասարդները թեեւ մեծամասամբ եւ հարկադրաբար լքում են գյուղը, սակայն ամռանը հաճախ վերադառնում են: Գյուղում երեք դպրոց է եղել, մեկը փակվել է, այժմ երկու դպրոց կա եւ երկու որբանոց, որտեղ տարբեր տեղերից հայ որբուկներ են բերվում:

Հերկելյանն իր արմատների, մուսալեռցիների մասին երկար է պատմում, որքան կարողացել է ուսումնասիրել. «Մուսալեռցիները աշխարհին նաեւ Արարայի ճակատամարտով են հայտնի, որը եղել է առաջին համաշխարհայինի վերջին ճակատամարտը: Հայկական լեգեոնի 85 տոկոսից ավելին մուսալեռցիներ են եղել, որոնց առաջնորդում էր Մովսես Տեր Գալուստյանը: Կռվում մասնակցած մուսալեռցի կամավորները պատմում են, որ ֆրանսիացիներն առաջին գծում մուսալեռցիներին են կանգնեցնում՝ ընդդեմ թուրքերի եւ գերմանացիների: Ֆրանսիացիները թշնամու շարքերում թռուցիկներ են տարածում՝ վրան գրված՝ ձեր դեմ կռվողները ֆրանսիացիներ չեն, մուսալեռցիներ են եւ համեմատաբար հեշտությամբ են շահում մարտը»:

Ս. Զէյթլեանի անվան ժաղովրդային տունը

Շնորհիվ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի, աշխարհը ճանաչում է մուսալեռցիներին եւ նրանց միջոցով են շատերը հայությանը ճանաչում: Բայց մի հանգամանք կա, ասում է մեր զրուցակիցը. «Շատերը՝ լինեն օտար, թե հայ, մուսալեռցիներին ճանաչում են իբրեւ միայն մարտունակ ժողովուրդ, երբեմն նաեւ կռվազան ու խնդրահարույց: Մուսալեռցին ոչ կռվազան է եւ ոչ էլ խնդրահարույց: Պարապ տեղը նա ոչ կռիվ է անում, ոչ էլ զենք է վերցնում: Միաժամանակ մուսալեռցին մշակութասեր է: Մուսալեռցին կռիվ է տալիս ոչ միայն պաշտպանելու համար իր ինչքը կամ ընտանիքը, այլ պաշտպանելու համար նաեւ իր ինքնությունը, որը հիմնված է մշակույթի վրա:

Տեսարան գյուղի այգիներից

Մուսալեռցին գիտի, որ ազգը մշակույթ է եւ գիտի նաեւ, որ առանց ազգային մշակույթի, ազգ գոյություն չունի: Մուսալեռցին ունի իր յուրահատուկ մշակույթը, իր ֆոլկլյորը, որը նրան անջատում է շրջապատի օտարներից, նույնիսկ հայկական Կիլիկիայից: Մուսալեռցին աշխարհին եւ հայությանը տվել է շատ քաղաքական գործիչներ, զինվորականներ, գիտնականներ, հոգեւորականներ, գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, խմբագիրներ, արվեստագետներ: Միայն այսօր, այս դժվար պայմաններում, Այնճարում 20-ից ավելի գրող, նկարիչ, երաժիշտ երիտասարդներ ու երիտասարդուհիներ կան, բոլորն էլ տաղանդավոր են: Միջազգային ճանաչում ունեցող նկարիչներ ենք տվել՝ Գեղամ Թազյանին, Հարություն Բզտիկյանին, Ժան Կազանչյանին եւ այլք: Մեր օրերում երաժիշտ եւ խմբավար Պարգեւ Թասլաքեանը իր արաբական «Ֆայխա» երգչախմբով արժանացել է բազմաթիվ ու հեղինակավոր միջազգային մրցանակների:

Գյուղի մուտքը ձմռանը

Պարգեւի մասին երաժշտական ողջ աշխարհը գիտի: Լիբանանցիք հպարտանում են նրա հաջողություններով, մենք քիչ ենք խոսում նրա մասին… զարմանալիորեն: Այնճարը համարվում է զբոսաշրջային իդեալական վայր, դրա համար էլ ես վերջին երկու տարիներին ամառները երեք ամիս գնացել եմ Այնճար… հանգստանալու: Ընկերներս՝ լինեն նրանք ԱՄՆ-ում, Գատայում, Եվրոպայում, թե Հայաստանում, երբ իմանում են, որ Այնճար եմ գնացել, զարմանում են, թե ի՞նչ գործ ունեմ Լիբանանում, երբ երկիրը վատագույն պայմանների մեջ է, հատկապես տնտեսական գետնի վրա: Ես ասում եմ, որ Այնճարը Լիբանան չի, դա ուրիշ երկիր է: Եվ պատկերացրեք, որ դա ճիշտ է: Գյուղում կա Օմայատներից մնացած բերդ, որ կառուցված է արաբների կողմից 7-րդ դարում, հունահռոմեական ոճով: Գտնվում է քաղաքապետության հսկողության տակ, որ նույնիսկ ինքն է որոշում՝ ովքե՞ր անվճար կարող են այցելել հնավայրը եւ ովքե՞ր պետք է, որ վճարեն: Ինչեւէ, ըստ հնագետ եւ պատմաբան Նինա Ճիտէճեանի, Այնճարի բերդը կառուցված է Փյունիկյան Քալքիս ամրոցի ավերակների վրա, որ Մեծն Տիգրանի ժամանակ մաս է կազմել Հայաստանին: Այնճարում գործում են երկու որակյալ հյուրանոցներ ու վեցյակ մը որակյալ ճաշարաններ, որոնցից միայն մեկը՝ «Արեւը», որ արաբերենով կոչվում է «Շամս», ունի վեց հազար աթոռ: Ես չգիտեմ՝ աշխարհում կա՞ նույն տարողությամբ մի այլ ռեստորան: Նույնիսկ համաճարակային այս աննպաստ պայմաններում, ամառվա շրջանին, շաբաթ եւ կիրակի օրերը ճաշարանները, հյուրանոցներն ու նաեւ լողավազանները լիքն են լինում: Ինչո՞ւ: Նախ ջուրն ու օդը ապականած չեն, ջուրը բխում է հենց գյուղից, իսկ տարածաշրջանում ոչ մի գործարան գոյություն չունի: Բացի սրանից, զբոսաշրջիկները, մինչեւ իսկ Բեյրութից ու Դամասկոսից, գալիս են Այնճար, իբրեւ վստահելի, մաքուր ու համաճարակային առումով նաեւ ապահով վայր: Բացի գյուղի ոստիկաններից, որոնք պարտադրաբար պետք է որ հայ լինեն, ի հարկին օգնում են նրանց երիտասարդները եւս: Տարածաշրջանի բնակչությունը մեծ համարում ունեն հայերի ընդունակությունների մասին եւ հաճախ օրինակ են վերցնում մեր գյուղը ու նրանք էլ փորձում են անել նույնը:

Մուսալեռցու մշակութասեր լինելը կամ ազգային բարոյականություն ունենալը պատճառ է, որ գիտակցություն լինի՝ համախմբվելու, իրար սիրելու, միասնական լինելու, այնպես, ինչպես եղել ենք լեռան վրա կռվի ընթացքին ու հետո: Մինչեւ հիմա այդ իրար սիրելու, իրար ներելու, իրար հանդուրժելու եւ հատկապես իրարու օգնելու ակզբունքները պահպանվում են թե Այնճարի, թե հայրենի եւ թե առհասարակ սփյուռքում ցրված մուսալեռցիների մոտ: Սա եթե տարածվի հայության մեջ, շատ օգտակար կլինի բոլորի համար»:

Պատրաստեց
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Գյուղի դաշտավայրը լեռներից

«Առավոտ» օրաթերթ
12.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031