Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է փորձենք հասնել նրան, որ բանաձեւին հետեւեն նաեւ խիստ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»

Մարտ 14,2022 14:30

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի փաստմամբ՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի առանձնահատկություններից մեկն էլ թերեւս այն է, որ այս փաստաթղթում առաջին անգամ ամրագրվել է հայատյացությունը՝ արմենոֆոբիան:

«Այս բանաձեւը բավականին դրական է: Պետք է փորձենք հասնել նրան, որ բանաձեւին հետեւեն նաեւ խիստ պատժամիջոցներ, եթե Ադրբեջանը շարունակի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը գրավյալ տարածքներում: Այստեղ պետք է լուրջ աշխատանք կատարել, որ սա միայն բանաձեւ չմնա, այլ հետեւեն ավելի կոնկրետ քայլեր»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ մեկ օր առաջ Եվրախորհրդարանը 635 «կողմ», 2 «դեմ» եւ 42 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւ:

Բանաձեւի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց ելույթներով դատապարտեցին Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու քաղաքականությունը: Նրանց գնահատմամբ՝ «Ադրբեջանն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանություն», «Իլհամ Ալիեւը շարունակում է իսլամական պետությունների քաղաքականությունը»: Բանաձեւում ամրագրված է, որ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»:

«Առավոտը» միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նման ամրագրումներ Եվրախորհրդարանը չի կատարել հայ ռազմագերիների հարցով, որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայրենիք, ի պատասխան Արա Ղազարյանը հիշեցրեց, որ ռազմագերիների հարցով բանաձեւ է ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու ասաց. «Դրանք քաղաքական գործընթացներ են: Այնքան տարբեր շերտեր ունի այդ գործընթացը, ինչը կախված է լոբբիստների հնարավորությունից, կոնյուկտուրայից, տարբեր գործոններից»: Քաղաքագետ Արմեն Վարդանյանի փաստմամբ՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի առանձնահատկություններից մեկն էլ թերեւս այն է, որ այս փաստաթղթում առաջին անգամ ամրագրվել է հայատյացությունը՝ արմենոֆոբիան: Ըստ նրա՝ մեր պետության կատարած աշխատանքից է կախված, թե հետագայում ինչպես կարող ենք մեզ համար օգտագործել բանաձեւը. «Յուրահատկությունն այն է, որ առաջին անգամ արմենաֆոբիա տերմինն են մտցրել, նման տերմին ես չեմ հիշում, որ օգտագործած լինեն: Դա նշանակում է, որ լուրջ աշխատանք է տարվել, եւ Ադրբեջանին այս առումով վատ հետեւանք է սպասվում: Մենք պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատանք ցույց տալ միջազգային կառուցներին, թե ինչ է այսօր կատարվում: Եվրախորհրդարանը բարդ կառույց է: Եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է լուրջ աշխատանք կատարել Եվրախորհրդարանի կազմում ընդգրկված քաղաքական կուսակցությունների հետ: Լավ աշխատանք հավանաբար չենք կատարել գերիների մասով, որ նման բանաձեւեր չկան»:

Հարցին՝ Եվրախորհրդարանն ունի՞ ընթացակարգ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի դեմ, եթե նա չկատարի բանաձեւում ամրագրված պահանջները, քաղաքագետը պատասխանեց. «Եվրախորհրդարանը, եվրոպական կառույցներն ունեն այդ ընթացակարգերը: Ոչ միայն եվրոպական կառույցներն ունեն, այլեւ մյուս միջազգային կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նրանք կարող են Արդբեջանին պարտադրել, որ նա պահպանի հայկական պատմամշակութային ժառանգությունը: Այստեղ, իհարկե, կան բազմաթիվ գործիքներ, միջոցներ, եւ մենք բոլոր այդ ձեւերից պետք է օգտվենք»: Հարցին՝ մասնավորապես ի՞նչ միջոցներ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարելի է կոնկրետ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Շատ հարցերում կարելի է թեկուզ ԵԽ-ում եւ այլ կառույցներում ուղղակի ադրբեջանական կողմին դեմ քայլեր ձեռնարկել՝ պատժամիջոցների եւ այլ տեսքով: Դրա համար կան ավելի պրոֆեսիոնալ կառույցներ. մեր ԱԳՆ-ն, խորհրդարանը պետք է դրանով զբաղվեն, նաեւ արտախորհրդարանական ուժերը, որոնք կապեր ունեն Եվրախորհրդարանում»:

Մեր փաստմանը՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւով կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նա տեղում գնահատի իրավիճակը եւ դիտարկմանը՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային կազմակերպությունների մուտքը ԼՂ ու հարցին՝ արդյոք այս պահին բավարար ճնշում կա՞ Ադրբեջանի վրա, որպեսզի նա չխոչընդոտի այդ առաքելության մուտքը ԼՂ, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Այս պահին բավարար ճնշում չկա, բայց ճիշտ աշխատանքի դեպքում այդ ճնշումը կլինի: Ընդհանրապես դիվանագիտությունը, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է հասնել այդ խնդրի լուծմանը: Այստեղ կարեւոր է, որ լինի նաեւ միջազգային ճնշում, այդ թվում եվրոպական երկրների կառավարությունների կողմից եւ այդ ճնշումն օր օրի ավելի կմեծանա»: Արմեն Վարդանյանն ասաց՝ ակնհայտ է, որ այս բանաձեւն այնքան էլ Ադրբեջանի սրտով չի լինելու, եւ կարծում է՝ պետք է աշխատանքն ամենօրյա ռեժիմով շարունակվի: Ըստ Արմեն Վարդանյանի՝ պետք է հասնենք նրան, որ բանաձեւը բերի Ադրբեջանի նկատմամբ համապատասխան քաղաքականության: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ իշխանությունը պետք է ամեն տեղ, բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարի այս հարցը եւ փորձի եվրոպական կառույցների միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, իսկ ճիշտ աշխատանքի միջոցով, քաղաքագետի համոզմամբ, դա միանգամայն հնարավոր է: Ադրբեջանը տեղի կտա այդ ճնշումներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031