Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլը՝ քաղաքականության զոհ

Մարտ 13,2022 17:40

Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները ազդեցություն են ունեցել նաև ամենախաղաղ և հաշտություն քարոզող ոլորտում՝ ֆուտբոլում։ Արևմուտքը օր օրի խստացնում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Ռուսական ֆուտբոլը զրկվել է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կազմակերպած մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ուկրաինական ֆուտբոլի մասին խոսալն արդեն անիմաստ է, քանի որ Ուկրաինայի տարածքը ռազմադաշտի է վերածվել և մեծ ցանկության դեպքում էլ անհնար է ֆուտբոլային հանդիպում կազմակերպել։ Վերջին օրերին էլ արևմտյան պատժամիջոցները հասան անգլիական Չելսիին․ պատճառը ակումբի սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչն է․․․

Այս մրցաշրջանում եվրագավաթային պայքարում ռուսական ակումբներից կանգուն մնաց միայն Մոսկվայի Սպարտակը։ Եվրոպա լիգայի խմբային փուլում Սպարտակը անակնկալ մատուցեց եվրոպական ֆուտբոլում մեծ հեղինակություն ունեցող ակումբների՝ Նապոլի, Լեսթեր, իսկ խմբի հետնապահը Լեգիան էր։ Փլեյ-օֆֆ փուլում Սպարտակին բաժին էր հասել գերմանական Լայպցիգը։ Չնայած այդ դիմակայությունում կար ընդգծված ֆավորիտ, բայց Սպարտակը հաջող էր հանդես գալիս իրենից կարգով բարձր ակումբների դեմ։ Ուկրաինայում կատարվող գործողությունների հետևանքով Սպարտակը հեռացվեց մրցաշարից։

Ռուսական ֆուտբոլի համար ավելի մեծ կորուստ կարելի է համարել Ռուսաստանի հավաքականի դեմ պատժամիջոցները․ Քաթար 2022-ի որակավորման փուլի արդյունքներով Ռուսաստանի ընտրանին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու անցումային խաղերին՝ ԱԱ-ի խմբային փուլում հայտնվելու համար։ Ռուսաստանին բաժին էին հասել Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի հավաքականները։ Մեկը մյուսի հետևից հայտարարեց, որ չի ցանկանում մրցել Ռուսաստանի հավաքականի դեմ։ Վերջապես, ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն  որոշում կայացրին հեռացնել Ռուսաստանի հավաքականին միջազգային մրցաշարերից։

Ռուսական ֆուտբոլի հետ միասին տուժեց նաև Լոնդոնի Չելսին։ Ինչքան էլ անհավանական հնչի՝ բրիտանական ֆուտբոլային ակումբը տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում։ Պատճառը Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչն է, ով նաև հանդիսանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր գործարարներից մեկը։ Չելսին հայտնվել է ծանր իրավիճակում՝ հովանավորները աստիճանաբար հրաժարվում են կնքված պայմանագրերից, պատժամիջոցների արդյունքում Չելսին դժվարություններ կունենա պայմանագրեր կնքել կամ երկարաձգել ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումների տոմսեր վաճառելու հարցում։

Եթե ռուսական ֆուտբոլը պատժամիջոցների պատճառով ստիպված է միայն ներքին հանդիպումներ անցկացնել, ապա ուկրաինական ֆուտբոլը ֆիզիկապես կասեցված է։ Կարելի է ասել, Ուկրաինայի ամբողջ տարածքը ռազմադաշտ է դարձել, և որևէ տեսակի միջոցառում անցկացնելու մասին խոսելը իմաստ չունի։ Ուկրաինան, մինչ պատերազմը, բավականին խոստումնալից ֆուտբոլ էր ցույց տալիս․ ԵՎՐՈ 2020-ի ընթացքում Ուկրաինան հասավ 1/4 եզրափակիչ, ինչը լավ արդյունք է ուկրաինացիների համար։ Իսկ ակումբային ֆուտբոլում ամեն տարի ստաբիլ ֆուտբոլ էին ցույց տալիս Դոնեցկի Շախտյորը և Կիևի Դինամոն։ Մեկ անգամ չէ, որ ուկրաինական ակումբները եվրագավաթներում տխրեցրել են միջազգային ֆուտբոլի գրանդ ակումբներին։

Միջազգային ֆուտբոլային հանդիպումների ընթացքում այժմ կարող ենք տեսնել տարբեր տեսակի ակցիաներ, որտեղ կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև աջակցություն են հայտնում պատերազմի պատճառով տուժվող ուկրաինացի ժողովրդին։

Ռուսները և ուկրաինացիները միշտ իրենց պատվավոր տեղն են ունեցել համաշխարհային ֆուտբոլում։ Ինչպես անցյալում՝ Յաշին և Շևչենկո, այնպես էլ հիմա՝ Զինչենկո, Չերիշեվ, Միրանչուկ և Մալինովսկի։ Եվ այդպես կլինի նաև հետագայում։ Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները լինելու են առաջատար հավաքականների կողքին և պայքարելու են, ինչպես անցյալում է եղել։ Սպարտակը, Շախտյորը, Զենիթն ու Զորյան, Դինամո Կիևն ու Մոսկվան շարունակելու են փայլել եվրագավաթներում և ուրախություն պարգևել սլավոնացի երկրպագուներին։ Հույս հայտնենք, որ պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի և մենք կշարունակենք հետևել ռուսական և ուկրաինական ֆուտբոլին․․․

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031