Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի դե յուրե՝ 11-րդ, դե ֆակտո՝ 10-րդ մարզպետն է

Մարտ 13,2022 17:17

Մարտի 3-ին՝ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Aravot.am-ի տեղեկություններով, երկուշաբթի՝ մարտի 14-ին նախատեսվում է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նորանշանակ մարզպետին կներկայացնի մարզպետարանի աշխատակազմին, համայնքի ղեկավարներին եւ մարզային ենթակայությամբ կառույցների պետերին։

Ի սկզբանե, Գնել Սանոսյանը Ռոբերտ Ղուկասյանին պետք է ներկայացներ մարտի 7-ին, սակայն այն հետաձգվեց՝  ՏԿԵ նախարարի Ֆրանսիա մեկնելու պատճառով:

Ռոբերտ Ղուկասյանը դե յուրե Սյունիքի 11-րդ, դե ֆակտո՝ 10-րդ մարզպետն է, քանի որ Սյունիքի 4-րդ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է աշխատել երկու անգամ՝ 2004-2013 թվականներին եւ  2014-2016 թվականներին։ Փաստորեն, նա 11 տարի Սյունիքի մարզպետ է եղել։

Սյունիքի առաջին մարզպետը գեներալ Սուրեն Աբրահամյանն էր՝ 1996-1998 թթ., որին հաջորդեց Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի այն ժամանակվա տնօրեն  Ռոմա Նավասարդյանը՝ 1998-2000թթ-ին։ Սյունիքի 3-րդ մարզպետը, որը աշխատել է 4 տարի՝ 2000 թվականից մինչեւ 2004 թ․-ը գեներալ Էդիկ Բարսեղյանն էր։ Սուրիկ Խաչատրյանի առաջին շրջանի կառավարումից հետո նրան  փոխարինեց  Վահե Մաքսիմի Հակոբյանը՝ 2013-2014թթ․-ին, իսկ երկրորդ անգամ նշանակվելուց հետո՝  Վահե Ալբերտի Հակոբյանը՝ 2016-2018թթ․։ Նա այժմ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ է աշխատել 5 ամիս՝  2018թ. հունիսից մինչեւ  հոկտեմբեր ամիսը: Երկու տարի երկու ամիս Սյունիքի մարզպետն է եղել գեներալ Հունան Պողոսյանը՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչեւ 2020թ․-ի դեկտեմբեր։ Նրան փոխարինեց  Մելիքսեթ Պողոսյանը, որն աշխատեց մինչեւ 2022թ.-ի մարտի 3-ը։

Սյունիքի 10 մարզպետներից երեքը՝ Սուրեն Աբրահամյանը, Վահե Ալբերտի Հակոբյանը, Հունան Պողոսյանը ծնունդով սյունեցի չեն եղել։ Նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւս  սյունեցի չէ։ Սակայն մասնագիտությամբ կենսաբան մարզպետը արդեն մեկ տարի Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է։

«Մեր Ղուկասյանը»՝ Սյունիքում նրան  այսպես են բնութագրում։ 42-ամյա Ռոբերտ Ղուկասյանը որպես հնագետ- հնակենդանաբան միջազգային արշավախմբերի կազմում աշխատել է  Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Գերմանիայում։ Մասնագիտական վերապատրաստում է անցել Ֆրանսիայում ու Գերմանիայում։

Աշխատել է Կալավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, եղել է «Թայմ Լենդ Հիմնադրամի» հիմնադիր տնօրեն, այնուհետեւ Ճամբարակի համայնքի ղեկավարի խորհրդական, իսկ 2019-ից մինչեւ Սյունիքի մարզպետ նշանակվելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։ Ռոբերտ Ղուկասյանը ծառայել է  ՀՀ զինված ուժերում, անկուսակցական է, ունի երկու երեխա։

Ավելացնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը շարունակելու է ղեկավարել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։

Լուսանկարները՝ Aravot.am-ի արխիվից՝ Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքում որպես միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի աշխատանքային հանդիպումներից

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031