Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում սով, հացի դեֆիցիտ չի կարող լինել». Տիգրան Խաչատրյան

Մարտ 13,2022 15:45

«Հայաստանում սով, հացի դեֆիցիտ չի կարող լինել։ Ոչ մի նման բան չի կարող լինել, ինչ անհրաժեշտ է մեր ներքին սպառման համար, դրանք բոլորը մատակարարվում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Տիգրան Խաչատրյան

Հստակեցնող հարցին՝ գնաճն ի՞նչ պատկեր կստանա, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ որոշ չափով գնաճ կա, բայց դա չափավոր է։

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում եւ ՀՀ-ում, ի տարբերություն որոշ երկրների, գները շատ ավելի ցածր են: Նրա գնահատմամբ, դա ռուս-հայկական երկկողմանի հարաբերությունների շնորհիվ է. ապրանքները մատակարարվում են առավել հարմար գներով:

Գեղամ Գևորգյան

«Փորձում ենք գտնել առավել մատչելի եղանակներ՝ տնտեսվարող սուբյեկտների հետ, որպեսզի գնային ցնցումներ տեղի չունենան, եւ դիզելային վառելիքի գները ցնցումներ չառաջացնեն: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է այսօրվա գինը, եւ այդ գնով առնվազն երկու ամսվա պաշարը մենք ունենք: Հնարավոր է, որ որոշ տնտեսվարողների շրջանում այդքան չլինի: Իսկ ինչ վերաբերում է շաքարին, եթե մենք ձեռք բերենք նոր խմբաքանակ կամ ճակնդեղ, որն այժմ բավականին թանկ արժե բորսայում, կարող է գրանցվել մի փոքր թանկացում, սակայն ներկայում այդ խնդիրը չկա»,- ասաց Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ Հայաստանում չկա որեւէ ապրանքի պակաս:

Իր գնահատմամբ, այժմ տեղի է ունենում նույն գործընթացն, ինչը որ դիտարկվում էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակությամբ գնումներ էին կատարում, իսկ մատակարարները չէին հասցնում ապահովել այդ ծավալը խանութներում: Պաշտոնյային պարզ չէ մեծ քանակությամբ գնումներ կատարելու անհրաժեշտությունը, քանի որ այդ ապրանքները մնում են տանը, այնուհետեւ՝ փչանում: Ըստ բանախոսի, եթե պետական մարմինները մտահոգություններ ունենային, որ ապրանքները բավարար չեն, ապա կսահմանափակեին դրանց առեւտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեին, մինչդեռ  այդպիսի խնդիրներ այժմ չկան:

Պատասխանելով հարցին, որ Ռուսաստանը սահմանափակել է ցորենի, ալյուրի, բուսայուղի, շաքարի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասաց, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է քվոտաների սեփական ցանկը՝ պահանջարկին համապատասխան. «Մենք մեր քվոտաների ցանկը, սովորական հաշվարկների համաձայն, ամսական կտրվածքով ներկայացրել ենք, եւ խնդիրներ չկան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031