Վեհափառի հայրապետական խոսքը Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողության ժամանակ
«Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում. երբ հայրենիքը վիրավոր է արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են եւ անհայտ կորած մեր զավակները, երբ պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները՝ հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ մեր ազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը եւ ներհասարակական բեւեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին»,- այսօր նախագահի երդմնակալության արարողության ԱԺ հատուկ նիստում դիմելով Վահագն Խաչատուրյանին՝ ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն իր հայրապետական օրհնության խոսքում:
Վեհափառն ասաց, որ այսօր Հայաստանում եւ Արցախում խաղաղությունը երերուն է, եւ ամենքս մտահոգ ենք այդ վիճակով, աշխարհը փոթորկող հակամարտություններով, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներով: Ընդգծեց, որ այսօր մեր առջեւ ծառացած են արցախահայության իրավունքների եւ շահերի պաշտպանության, դրանց խաղաղ եւ արդար կարգավորման հարցերը. «Եվ ապագան անորոշություններ է պարունակում»:
Ներկայումս, ըստ Վեհափառի, հրամայական են ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը եւ ազգային միասնականության վերականգնումը, ազգային նպատակների շուրջ համախմբումը, քանզի պառակտումը նաեւ Սփյուռք է հասել՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով եւ ներքին խնդիրներով: Նա հորդորեց միասնական լինել, միանման խորհել, որն էլ լինելու մեր պետության, ազգի պահպանման եւ զարգացման գրավականը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ