Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեհամոր» Ավետարանը, որի վրա երդում է տալիս ՀՀ նորընտիր նախագահը, համարվում է ամբողջությամբ պահպանված ամենահին հայկական ձեռագիրը

Մարտ 13,2022 15:25

Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

«Վեհամոր» Ավետարանը, որի վրա երդում է տալիս ՀՀ նորընտիր նախագահը, համարվում է ամբողջությամբ պահպանված ամենահին հայկական ձեռագիրը։

Ունի երկու անանուն հուշագրումներ, որոնցից մեկի համաձայն, Ավետարանը գրվել է Սուրբ Երրորդության վանքում, սակայն վանքի տեղակայման վայրը հայտնի չէ։ Ավելի ուշ ավելացված գրառումները բացահայտում են ձեռագրի պատմությունը։ 13-րդ դարում այն պահվել է Հավուց Թառի վանքում, որտեղից այն 1294թ.-ին ձեռք է բերել ոմն Համենավագ։

15-րդ դարում ձեռագիրը եղել է Մաքենյաց վանքում։ 16-րդ դարում այն հայտնվել է Բանանց գյուղում (ներկայումս Բայան, գյուղ Ադրբեջանի տարածքում), որտեղ վերամշակվել է 1625 թ.-ին։ Հենց այստեղ է 19-րդ դարի վերջում Ավետարանը հայտնաբերել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։

1895 թ.-ին Բարխուդարյանցը տվել է ձեռագրի առաջին տպագիր նկարագությունը, նշելով, որ այն տեղի բնակչության մոտ հայտնի է «Հին Ավետարան» կամ «Պահապան» անուններով։ Ընդորում, առաջին մակդիրը ի հայտ է եկել 1625 թ.-ին, իսկ «Պահապան» անվանումը կապված է տեղի բնակչության հավատալիքների հետ։ Տեղի բնակչության կարծիքով Ավետարանն ունեցել է բուժիչ ուժ և դրանով բուժել հիվանդներին։
1974 թ.-ին Բանանց գյուղի բնակչուհի Ասյա Գրիգորյանի միջոցով ձեռագիրը փոխանցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան եպս. Տերյանին։

Վերջինս, իր հերթին, 1975 թ.-ի հունվարի 1-ին այն նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառին՝ նվիրելով այն հայրապետի մոր անմար հիշատակին։ Նույն տարվա հուլիսի 25-ին Վազգեն Առաջինը արժեքավոր պարգևը հանձնել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանի պահպանությանը, որտեղ ձեռագիրը գրանցվել է 10680 համարի ներքո։ Մատենադարանի աշխատակիցները, հաշվի առնելով Վահան եպիսկոպոսի կամքը և Վեհափառի համաձայնությունը, ձեռագրին տվել են «Վեհամոր» անվանումը՝ ի պատիվ կաթողիկոսի 1974 թ.-ին մահացած մոր՝ Սիրանուշ Պալչյանին։

Ձեռագիրը բաղկացած է 257 մագաղաթե էջերից։ Ունի 33×25,7 սմ չափսեր։ Տառատեսակը՝ երկաթագիր։ Շրջանակը զարդարված է մեկ մեծ, ոսկեջրած խաչից, որը բաղկացած է հինգ քարերից և տասնինը մետաղական խաչերից։
1991 թվականից Վեհամոր Ավետարանի վրա, երդմնակալության ժամանակ, հանդիսավոր կարգով երդում են տալիս Հայաստանի Հանրապետության նախագահները։

2005 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ձեռագիրը ներառվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների» ցանկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031