«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում, ստանձնելով Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնը, երդվեց իշխող ուժի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը:
Կարդացեք նաև
Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին հանրապետության նախագահ էր ընտրել ԱԺ մարտի 3-ի նիստում՝ երկրորդ փուլով: ԱԺ նիստին 107 պատգամավորից նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էին 71-ը․ անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, իշխող ուժը ներկայացնող 71 պատգամավորները «կողմ» էին քվեարկել նրա թեկնածությանը։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով:
Նիստը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԱԺ հատուկ նիստը վարում է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Հնչեց ՀՀ օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք ասաց:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ այլք: ՀՀ նախկին նախագահները, որոնք հրավիրված էին Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը, չէին մասնակցում դրան: Նիստին չէին մասնակցում նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ