Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց էլ հայտնի չէ, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը: Այս մասին այսօր, նախագահի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով այդ առիթով լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է: Օրեր առաջ նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը՝ 5 միլիարդ դրամով։
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետեւ դա մեզ հայտնի չի եղել եւ մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արթուր Դավթյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննի՞չն է մեղավոր, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է եւ առանց բողոքարկման արդյունքներին սպասելու է գործարքը կայացել»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ