Առանց մսի, «սուտ», «յալանչի» կոչվող այս տոլման մեր նախնիները հիմնականում պատրաստել են պահքի շրջանում, սակայն հիմա այն շատ տարածված է որպես սառը նախուտեստ, եւ մատուցում են ցանկացած ժամանակ: Անչափ համեղ է, օգտակար եւ յուրահատուկ: Արեւմտահայերի սիրած կերակուրներից է: Տարբեր տեղերում բաղադրությունը կարող է տարբեր լինել, առաջարկում եմ փորձել այս տարբերակը, որն իրապես անկրկնելի նրբահամ է:
Անհրաժեշտ մթերքները
Նախապես ասեմ, որ հստակ չափաբաժիններ այս ուտեստի համար դժվար է գրել, ամեն ինչ կախված է ձեր ճաշակից եւ նախասիրությունից: Բերված թվերը զուտ կողմնորոշելու նպատակ ունեն:
Խաղողի տերեւ
Կարդացեք նաև
Բրինձ- 1 բաժակ (նախընտրելի է կլոր բրինձը)
Բուսական յուղ- մոտ 1 բաժակ
Գլուխ սոխ- 2 գլուխ
Սխտոր-4 պճեղ
Պղպեղի մածուկ-1 թեյի գդալ
Տոմատի մածուկ-1 ճաշի գդալ
Տոմատի պյուրե (կամ՝ լեչո, կամ՝ 1:1 չափաբաժնով ջրով բացված տոմատի մածուկ)-1 բաժակ
Ընկույզ-կես բաժակ
Թարմ կանաչիներ-ըստ ճաշակի
Աղ, սեւ, կարմիր պղպեղ-ըստ ճաշակի
Այլ համեմունքներ (օրինակ՝ աղացած քիմիոն, դարչին, բահար եւ այլ միջինարեւելյան համեմունքներ)- ըստ ճաշակի
Կիտրոն-1 հատ
Նռան օշարակ
Պատրաստման եղանակը
Նախ նախապատրաստեք խաղողի թփերը: Եթե պահածոյացված են, պարզապես լվացեք: Եթե սառցախցիկից են, դրեք եռման ջրով լի խորը թասի մեջ մի քանի րոպեով, ապա ջուրը թափեք եւ կրկին լվացեք: Եթե պլաստիկ տարայի մեջ առանց որեւէ հեղուկի չոր-չոր փակված են, պարզապես լվացեք շատ տաք ջրով մի քանի անգամ: Ջրքամեք, պոչիկները հեռացրեք եւ դրեք մի կողմ:
Բրինձը լավ -լվացեք հոսող ջրի տակ: Կաթսայի մեջ առատ ջուր լցրեք, ավելացրեք մեկ ճաշի գդալ աղ: Հենց սկսի եռալ, ավելացրեք բրինձը, թողեք եփվի 8-10 րոպե, ապա ջրքամեք:
Մինչ բրինձը եփվում է, պատրաստեք սոխեռածը:
Թավայի մեջ լցրեք բուսական յուղ, ավելացրեք մանր կտրատած սոխը, թողեք տապակվի 3-5 րոպե, ավելացրեք մանր կտրատած սխտորը, չոր համեմունքները, կտրատած ընկույզը: Մեկ-երկու րոպե անց ավելացրեք տոմատի մածուկը, պղպեղի մածուկն ու լեչոն կամ տոմատի պյուրեն: Թողեք եփվի մի քանի րոպե, անջատեք, ավելացրեք կտրատած թարմ կանաչիները:
Երբ բրինձն ու սոխեռածը բավականաչափ սառչեն, խառնեք իրար եւ սկսեք փաթաթել ձեր սուտ տոլման:
Տոլմաները շարեք կաթսայի մեջ, որի հատակին շարել եք ամենակոշտ կամ ճղճղված տերեւները: Յուրաքանչյուր շերտի արանքում դրեք կիտրոնի մի քանի շերտ: Վերջում լցրեք մոտ մեկ բաժակ ջուր (կարող եք վերցնել տոմատաջուր), վրան դրեք շուռ տված ափսե, փակեք կափարիչով եւ դրեք մարմանդ կրակին մոտավորապես 20-30 րոպեով:
Սպասեք, որ սառչի, ապա մատուցեք՝ վրան լցնելով նռան օշարակ:
Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ