Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտումները՝ ականանետերից գնդակոծելով հայկական բնակավայրերը։ Փորձագետների գնահատականն է, որ ռուս-ուկրաինական պատերազմը նպաստեց Ադրբեջանի ակտիվացմանն Արցախում եւ այժմ տարածաշրջանում ստեղծվել է անվտանգության վակուում։ Այս թեման էին քննարկում «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում
«Իրավունք չունեն խաղաղության օրակարգն այսօրվա վիճակում եւ այս ձեւով տանելու առաջ»․ Վահե Գեւորգյան
«Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»,– հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը; Նախկին դիվանագետ (Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Նեպալում ՀՀ հյուպատոսական ծառայության նախկին ղեկավար, փոխդեսպան), միջազգայնագետ Վահե Գեւորգյանը «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս հայտարարությանը՝ կարծիք հայտնեց, որ այս պահը սխալ է խաղաղության պայմանագրի շուրջ իրական բանակցություններ սկսելու համար․ «Իմ կարծիքով՝ թույլ կարգավիճակում գտնվող երկիրը, որն այս պահին մենք ենք՝ պետք է հնարավորինս դիվանագիտական ձեւակերպումներով խուսանավի հաշտեցման պայմանագրի աշխատանքներից»։
Անդրադարձ եղավ այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում չցանկացավ գնահատական տալ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ Ադրբեջանի չդադարող կրակոցներին՝ ասելով․ «Պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։ Վահե Գեւորգյանը գնահատականներից խուսափումը դիտարկեց իշխանության պնդումների համատեքստում, որ առաջնորդվում են խաղաղության օրակարգով եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության առաջնահերթություններից է․ «Այլ բան է, որ կարծում եմ այդ գիծը սխալ է․ Հայաստանի այս կառավարությունը հիմա սերունդների առջեւ պատասխանատվություն ունի՝ ինքն իրավունք չունի խաղաղության օրակարգն այսօրվա վիճակում եւ այս ձեւով տանելու առաջ, քանի որ սա նշանակելու է մեր պարտության արձանագրումն ամենավատ պայմաններով, որ մենք հիմա կարող ենք ունենալ»։
Կարդացեք նաև
Վահե Գեւորգյանը նաեւ կարծիք հայտնեց․ «Մենք որպես երկիր պատրաստ չենք Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գալուն ինչ ենք մենք անելու․․․ Դրա համար պետք է պատրաստվել, եւ դրա համար ի՞նչ է պետք անել։ 1,5 տարի մսխված ժամանակից հետո գոնե հիմա պետք է արագ տեմպերով փորձել գոնե ստեղծել, վերականգնել, վերաստեղծել այն բանակի մոդելը, որը մենք պետք է ունենանք, որ դիմագրավենք եւ աշխարհազոր, քանի որ եթե կռիվը սկսվեց նորից՝ ոչ ոք չի գալու մեր փոխարեն կռվի»։
«Մի նժարի վրա դնել Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա եւ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա»․ Տիգրան Խզմալյան
«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն անդրադառնալով ռուս–ուկրաինական հակամարտությանը՝ պնդեց․ «Հայաստանի դիրքը պետք է լինի միայն մեկը՝ մենք պետք է լինենք պատմության եւ քաղաքականության ճիշտ կողմի վրա, եւ այստեղ շատ վտանգավոր է անել սխալ։ Սխալ կլիներ պահպանել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք արդեն կործանել են մեր երկիրը, պետականությունը, բանակը, ամբողջ անվտանգային համակարգը։ Եվ հիմա մեզ հնարավորություն է տրված դուրս գալ եւ պատվով դուրս գալ այս փակուղուց»։
Ըստ նրա՝ «Մեզ համար հիմա շատ կարեւոր է (քաղաքականության, դիվանագիտության, նաեւ ժողովրդական դիվանագիտության մեջ) նժարի մի կողմի վրա դնել Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա եւ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Դա շատ կարեւոր է, եւ դրա վրա պետք է լուրջ աշխատել»։
Տիգրան Խզմալյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Արեւմուտքի հետ լինելն է պատճառը, որ Ուկրաինան դիմանում է․ դաշնակիցները հզոր են․ «Ուկրաինան չէր դիմանա մեկ օր, եթե պաշտոնապես չլինելով ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ, եւ հենց այդ հարցը դարձնելով բախման առիթ՝ այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Ուկրաինան վիթխարի օգնություն է ստանում։ Դա այն է, ինչ պետք է ստանանք։ Առանց այդ օգնության՝ մենք չենք կարողանա ազատագրել Արցախը»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ