Լրահոս
Օրվա լրահոսը

«Միրզոյանի եւ Չավուշօղլուի ժպտալը չի, որ որոշելու է մեր ճակատագիրը, մենք՝ որպես հանրություն, ամենակարեւոր օրակարգն ենք բաց թողնում». Քրիստինե Վարդանյան

Մարտ 12,2022 22:07

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այդ հանդիպման լուսանկարը սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Արարատ Միրզոյանին քննադատում են, որ նա լայն ժպտում է, օգտատերերը հիշեցնում են պատերազմի զոհերի, այդ պատերազմում Թուրքիայի դերակատարման, ցեղասպանության մասին ու փորձում պատասխաններ գտնել, թե ինչու է ժպտում մեր արտգործնախարարը: Բացի այդ, քննարկվում է թուրքական ԶԼՄ-ներից մեկի վրիպակը՝ Արարատ անվան փոխարեն մեր արտգործնախարարին «Arabat» ներկայացնելու, այդտեղ դիտավորություն են տեսնում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ հանրությունը դարձյալ բովանդակությունը քննարկելու փոխարեն ձեւի հետեւից է գնում ու կորցնում իրական օրակարգը. «Ինչ է տեղի ունեցել իրականում՝ եւս մեկ անգամ փաստվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան բանակցում են երկու ճակատով, բայց մեկ օրակարգով: Հայաստան-Թուրքիա բանակցությունների պաշտոնական ձեւակերպումն «առանց նախապայմանների» է, բայց նույն հանդիպման օրը, հանդիպման նախորդ օրը Ադրբեջանը հայտարարում է, որ մեզ է փոխանցել 5 նախապայմանները: Այսինքն, մենք ունենք մի իրավիճակ, երբ սրան էլ նախորդել է Թուրքիայի նախագահից մինչեւ արտգործնախարար, մինչեւ իշխող կուսակցության ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամեն քայլը իրենք համադրում են Ադրբեջանի հետ:

Հետեւապես մենք ի՞նչ պետք է հասկանանք, այսօրվա բանակցություններից, որ Հայաստանը նստած է բանակցային սեղանին նախապայմանների առջեւ եւ հիմա իշխանություններից մի բան պետք է պահանջել՝ ի՞նչ են անելու այդ նախապայմանների հետ: Իմ մեկնաբանությամբ՝ դրանցից մի քանիսը արդեն դե ֆակտո ճանաչվել են, ընդունվել են նախապայմանները, որովհետեւ տեսնում ենք ինչ մեկնաբանություններ կան Արցախի հարցով, տեսում ենք բացարձակ անգործությունը Արցախի հարցի եւ մնացածներին էլ պետք է պատասխանեն: Հետեւապես այսօրվա հանդիպմանը ես մի ասելիք ունեմ՝ ի՞նչ է լինելու ցեղասպանության հարցը, ի՞նչ է լինելու Արցախի հարցը, ի՞նչ է լինելու Սյունիքի հարցը եւ ընդհանրապես ի՞նչ է լինելու հայկական հարցը: Այ սա պիտի քննարկենք ընդհանրապես, ոչ թե ժպտալը:

Լայն ժպտալը, փողկապով էր, թե փողկապով չէր, այս հարցերը կարեւոր են իսկապես դետալներով, բայց դրանք թողնենք մասնագետներին: Մենք՝ որպես հանրություն, ամենակարեւոր օրակարգն ենք բաց թողնում, որը որոշելու է մեր ճակատագիրը: Արարատ Միրզոյանի եւ Չավուշօղլուի ժպտալը չի, որ որոշելու է մեր ճակատագիրը: Նախապայմանների ընդունումը կամ դրանց չընդունումն է որոշելու մեր ճակատագիրը՝ մենք ապրելո՞ւ ենք այս տարածաշրջանում, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031