Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի պիտի լացե՞ր Արարատ Միրզոյանը, հո Անթալիա թաղում չէ՞ր գնացել, որ չպիտի ժպտար… բոյն էլ կարճ էր երեւի, հարսնացո՞ւ են որոշում, թե՞ ինչ են անում». Շիրինյան

Մարտ 12,2022 21:47

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այդ հանդիպման լուսանկարը սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել: Արարատ Միրզոյանին քննադատում են, որ նա լայն ժպտում է, օգտատերերը հիշեցնում են պատերազմի զոհերի, այդ պատերազմում Թուրքիայի դերակատարման, ցեղասպանության մասին ու փորձում պատասխաններ գտնել, թե ինչու է ժպտում մեր արտգործնախարարը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասաց. «Ինչի պիտի լացե՞ր Արարատ Միրզոյանը, հո Անթալիա թաղում չէ՞ր գնացել, որ չպիտի ժպտար: Վերջը պիտի մի բան սովորե՞ն այդ քննարկողները, թե՞ չէ, բոյն էլ կարճ էր երեւի: Հարսնացո՞ւ են որոշում, թե՞ ինչ են անում»: Արարատ Միրզոյանի ժպտալը քննարկողներին Շիրինյանը հորդորեց ուկրաինացիներից օրինակ վերցնել, սեփական երկրի շահերը պաշտպանել. «Անկախությունը կամրապնդվի, բոլորին աղբանոց կշպրտեն»:

Ինչ վերաբերում է այդ հանդիպմանը, Շիրինյանն ասաց. «Նորմալ է: Հայաստանը պիտի կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ եւ մյուսների հետ, եթե չէ, մնալու եք Ռուսաստանի ճորտը եւ տակը, կներեք: Ուրիշ ոչ մի տարբերակ չունեք: Հիմա  դա ով է խրախուսում եւ ինչու է խրախուսում՝ երկու բան կա: Պարզ է, որ սա հյուսիսին ձեռնտու չէ եւ Հայաստանի գող-ավազակներին, անշուշտ նաեւ նախկին չեկիստներին: Հայաստանը պիտի իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնի՝ ուզում եք, թե չեք ուզում: Չէիք ուզում՝ էդ գեներալների վզից բռնեիք, տանեիք կռվել տայիք, հաղթանակ տանեիք: Ուրիշ տարբերակ չկա»:

Հարցին՝ բայց արդյոք Թուրքիան նույնքան անկե՞ղծ է մեզ հետ խաղաղության հարցում, որքան մենք՝ նա պատասխանեց. «Չի կարող: Ոչ մեկը ոչ մեկից անկեղծ չի ու մյուսից խելացի չի: Դա քաղաքական գործընթաց է, պիտի հասկանալ,  շահերը պաշտպանելով առաջ գնալ: Հիմա կեղծ են, անկեղծ են… Պուտինը ձեզ հետ անկե՞ղծ էր: Շոյգո՞ւն էր անկեղծ հայերի հետ: Պարզ ասել է՝ ես Ղարաբաղում ջախջախեցի հայերին, ինչո՞ւ ձեն չեք հանում, դա Շոյգուն է ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել