Այսօր Գյումրու քաղաքային ցուցասրահում բացվեց քաղաքի կոլորիտային դեմքերից մեկի՝ Վազգեն Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկա էին Գյումրու գրեթե բոլոր մտավորականները՝ արվեստագետներ, բժիշկներ, քաղաքական գործիչներ։
Հավաքվածները նկարչի մասին խոսում էին ներկա ժամանակով՝ որպես անմահ կերպարի, Գյումրու հավերժ խորհրդանիշերից մեկի։ Նա գյումրեցիներին հայտնի էր Չատոյենց Վզո անվամբ՝ գյումրեցուն հատուկ սուր հումորով, քննադատական յուրօրինակ մտքով, ջերմ վերաբերմունքով։
«Խելքս, միտքս Գյումրին է ու այն նկարելը, Գյումրու լուսաբացն ուրիշ է, անգամ Գյումրու շներն են ուրիշ»,- ասել է նկարիչը։
Կարդացեք նաև
Գյումրեցիները հիշում են, որ վաղ առավոտյան Չատոյենց Վզոն դուրս էր գալիս քաղաք, բարևում թե՛ ծանոթներին, թե՛ անծանոթներին, գնում երկու եկեղեցիներ՝ «Յոթ Վերք» ու «Սուրբ Նշան», պատարագից հետո նոր սկսում էր նկարել։
Նա պատկերել է Գյումրու փողոցները, եկեղեցիները, մարդկանց, և ինչպես արվեստագետ Արաքս Մարգարյանն է նշում՝ շատերն են նկարել Գյումրին, սակայն քչերին է հաջողվել քաղաքը ցույց տալ «ներսից»։ Նրան համարում են նրբերանգների նկարիչ։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը իր ելույթում մեջբերեց նկարչի արվեստանոցում փակցված գրությունը՝ «Ոչինչ չվերցնեք, վերցնողը կպատժվի Աստծո կողմից»։
«Որպես փաստ՝ պետք է արձանագրենք, որ Վազգեն Ստեփանյանը երբեք չի ունեցել անհատական ցուցահանդես իր հարազատ քաղաքում, այսօր մենք լրացնում ենք այդ բացը»,- ասաց Լիլիթ Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ նկարչի անհատական ցուցահանդեսը բացելու գաղափարը հուշել են նկարիչ Ժակլին Սարգսյանն ու արվեստագետ Արաքս Մարգարյանը։
Արվեստագետ Արաքս Մարգարյանն ասաց․ «Երբ նայում ես Վազգեն Ստեփանյանի ստեղծագործությանը, մի տեսակ մոգական ուժ կա, կախարդանք կա իր գործերի մեջ, և դու դառնում ես մասնակիցը, հաղորդակիցը։ Ես իր նկարների մեջ տեսնում եմ լռություն՝ շատ կարևոր մի բան։ Այսօրվա արվեստը աղմուկ է պարունակում, շատ է աղմուկը, իսկ լռություն քիչ կարելի է տեսնել։
Ինքը նրբերանգների նկարիչ է, երբ նայում ես, հետզհետե բացվում են գույները, զգում ես նրբերանգները, ոնց որ թանկարժեք օծանելիքը, երբ անընդհատ նոր բուրմունք ես զգում։ Այդպես իր գույներն են, որ առաջին հայացքից թվում են հասարակ, հետզհետե ավելի ու ավելի տանում է քեզ իր աշխարհը։ Շատերն են փորձել նկարել Գյումրին, ցույց տալ Գյումրու էությունը, բայց քչերին է հաջողվել Գյումրին տեսնել հենց ներսից, զգալ հոգին, Գյումրու էությունը և կարելի է ասել՝ Վազգեն Ստեփանյանը հենց այդպիսին է։
Ինքը ցույց է տվել չկոտրվող ոգին, վիրավոր, բայց չհանձնվող էությունը Գյումրու։ Դա հասկանալու համար պետք է ուշադիր նայես ու փորձես երկխոսել իր ստեղծագործությունների հետ։ Նա հումորով, վառ անհատականություն էր»։
Նկարչի ամենամոտ ընկերներից մեկը՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Սահակ Մինասյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ նկարչի լավագույն գործերն իր տանն են։
«Վազգեն Ստեփանյանը իմ ընկերն է, ես ասում են ներկա ժամանակով, որովհետև իմ մերձավոր շրջապատում բոլորը գիտեն, որ ես առ այսօր խոսքը համեմելու համար մեջբերում եմ Վազգենին ու կարևոր չէ, որ խոսքը վերաբերում է հումորին, փիլիսոփայությանը, այլ ընդհանրապես։
Տեսեք, դահլիճի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, ինչի՞ համար է դա ինձ ուրախացնում․ Վազգենը, ի տարբերություն շատ արվեստագետների՝ երբեք չունեցավ հասկացված լինելու ձգտումը։ Այն, ինչ մարդու մոտ բնածին է՝ փառասիրությունն ու հասկացված լինելը, Վազգենն էնքան լիքն էր, որ դրան չգնաց, ինքը մտածում էր՝ եթե մի մարդ էլ հասկանա, իրեն էներգիա տամ, ուրեմն ես հաջողել եմ, դա էր իր մեծությունը։
Ուրեմն այս երիտասարդները հասկացել են, որ եկել են ցուցահանդես, շատ անկեղծ դրանից հոգիս փառավորվում է, որ Վազգենին հասկացող այսքան երիտասարդ կա»,- ասաց Սահակ Մինասյանը։
Վազգենը, ընկերոջ բնութագրմամբ, բառի բուն իմաստով հայ էր, իր երկրի ու քաղաքի շատ կարևոր քաղաքացի էր։ Ըստ Սահակ Մինասյանի, Վազգեն Ստեփանյանի տեղն այսօր բաց է մնացել, կոլորիտ ստեղծող անձ էր, ու քաղաքն այսօր զգում է նրա իր քննադատական խոսքի, անմիջականության, հոգացավության կարիքը։
«Ես Վազգենով ավելի մոտ հարաբերվել եմ շատ արժանի մարդկանց հետ, որոնց հետ մինչ այդ առնչություն չեմ ունեցել։ Վազգենը ընտրովի մարդկանց միջև ստեղծում էր հարաբերություններ, որպեսզի քաղաքն ունենա կորիզ։ Վազգենն ասում էր՝ ծո, ես մածնի մերան եմ։
Ես իրավունք ունեմ Վազգենի փոխարեն մի քաղաքական վերլուծություն պատմելու։ Մեր հանդիպումները կազմակերպում էր այնպես, որ և՛ ինքն էր հանգստանում, և՛ ես էի ուրախանում, ու դա շատ հաճախ էր, օրվա մեջ առնվազն 1 կամ 2 անգամ։
Երրորդ նախադասությունից սկսած՝ մենք սկսում էինք վիճել, իհարկե, կես կատակ-կես լուրջ։ Ես ուզում եմ ապացուցել, որ Չերչիլի պես գիգանտը դեմոկրատիայի մասին էսպիսի բաներ է ասել, Վազգենը գնաց-եկավ, գնաց-եկավ, մի տաս օր անցել էր, ասաց՝ Չերչիլն էլ հեչ կերթա, դու էլ։ Ասի՝ ինչի՞ Վզո, ասեց՝ ես գտա դեմոկրատիան որն է, հարցրեցի ո՞րն է, ասաց, որ ժեժտանչին պովռ չէ, թանաքյաչին բրիգադիր չէ․․․ Տեսեք այս կարճ բնորոշման մեջ ինչպիսի լայն աշխարհընկալում, փիլիսոփայություն կա, խոհեմություն կա, կա գյումրեցու մտածողություն, կոլորիտ և ըստ արժանվույն դասակարգում»։
Սահակ Մինասյանը հետաքրքիր մի դրվագ էլ պատմեց ընկերոջ մասին։
Վազգեն Ստեփանյանի գործերից մեկը, որն այս պահին Սահակ Մինասյանի տանն է, երկու տարի շարունակ կախված է եղել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, սակայն սկզբում առարկել են, չեն ուզել ցուցադրել այդ գործը։
«Այդ աշխատանքում տատիկ է, որը նստած է Գյումրվա հին, ավանդական կամարներով տան դռան մոտ, մեր մոտ ավանդույթ է եղել, չէ՞, այդպես նստելը։ Այդ գործը կախում են Սովետական Միության երիտասարդ նկարիչների լավագույն ցուցահանդեսներից մեկում։ Ցուցահանդեսին նախորդող օրը գլխավոր կազմակերպիչը շրջում է ու ասում է՝ այդ նկարն ի՞նչ կապ ունի կոմսոմոլի հետ, հանեք։ Հայաստանյան խմբի ղեկավարը շտապ կանչում է Վազգենին, թե այ տղա, արի ճար արա, նկարդ հանում են։ Վազգենը գալիս է, կազմակերպիչն ասում է ՝ երիտասարդ, այս նկարդ կոմսոմոլի հետ ի՞նչ կապ ունի, Վազգենն ասում է՝ մեծ կապ ընկեր յեսիմովիչ, էս տատի թոռը կոմսոմոլի 60-ամյակի պատվին կոսմոս է թռել, տատը սպասում է, որ վերադառնա։ Կազմակերպիչը ծիծաղում է, նկարը մնում է ու մրցանակ ստանում»,-հիշում է Սահակ Մինասյանը։
Նկարչի կինը՝ տիկին Ռուզաննան, ամուսնուն բնութագրում է՝ տանը խիստ, իսկ դրսում՝ ընկերական շրջապատում, ուրախ, հումորով անձնավորություն։
Նա ստեղծագործել է գիշերը՝ ասելով գիշերային լռությունը թույլ է տալիս, որ մնամ ես, վրձինն ու կտավը։
Ըստ տիկին Ռուզաննայի, նրա առաջին ցուցահանդեսը բացվել է Բեռլինում՝ 2014 թվականին։
Նա ասաց․ «Նկարները պահվում են անմարդկային տան մեջ, անմխիթար վիճակում, էլեկտրականություն չկա, կտուրի վիճակը վատ է, անգամ հող է թափվում նկարների վրա, բայց այն, ինչ այսօր ցուցադրվում է, շատ քիչ է, իր նկարները բավականին շատ են»։
Նկատենք, որ հենց այդ պատճառով էլ արվեստագետ Արաքս Մարգարյանը իր ելույթում Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հորդորեց ստեղծել մի տանիք, որտեղ կհանգրվանեն գյումրեցի այն տաղանդավոր վարպետների գործերը, որոնք երբեմն կտուրներում ու անհասկանալի վայրերում են պահվում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ