Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհի որեւէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Քարաթափում տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագրի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում եւ նման դեպքերը բնական են»,-ասել է Սոնա Հարությունյանը։
Սյունիքում կառուցվող 6 այլընտրանքային ճանապարհներից մեկն է Խոտ-Որոտան ճանապարհը։ Շինարարությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերին։ Նոր ճանապարհը հնարավորություն կտա Խոտ գյուղի բնակիչներին երթևեկելու Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի։ Ճանապարհի երկարությունը 10 կմ է, հողային աշխատանքները շուտով կավարտվեն։
Կարդացեք նաև
«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» մասնագետների դիտարկմամբ, չնայած խնդիրներին՝ ջրահեռացումից մինչեւ սողանք, աշխատանքները չեն դադարել, տեղում լուծումներ գտնում են։ Խոտ- Որոտան ճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում օրեր առաջ տեղի ունեցած սողանքի պատճառով ճանապարհաշինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Աշխատանքներին զուգընթաց չի խաթարվել նաեւ գյուղի երթեւեկությունը, ճանապարհը գտնվում է բաց վիճակում եւ անցանելի է գրեթե բոլոր տեսակի մեքենաների համար: Ճանապարհի վերջնականապես պատրաստ կլինի աշնանը։
Նշենք, որ այս պահին Սյունիքում կառուցվելիք՝ Քաշունի-Բարձրավան՝ 8,7 կմ-ոց Տանձավեր-Շուռնուխ՝13,2 կմ-ոց, Կապան-Ճակատեն՝մոտ 8 կմ-ոց ճանապարհների հողային աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ինչ վերաբերում է Տաթեւ-Լծեն 19,8 կմ-ոց ճանապարհին, հողային աշխատանքները արդեն ավարտվել են 14 կմ–ոց հատվածում ։ Այս ճանապարհի կառուցումով Տաթեւ-Աղվանի դժվարանցանելի հատվածի ոլորանները վարորդները կշրջանցեն՝ դուրս գալով միանգամից Սիսիանի Մ2 մայրուղի ։
Ի դեպ, քիչ առաջ տեղեկացանք, որ Խոտ–Որոտան ճանապարհը այս պահին երթեւեկելի է։
Լուսանկարներում Խոտ–Որոտան կառուցվող ճանապարհն է
Արմեն ԴԱՎԹՅԱՆ