Այսօր լրագրողները որոշեցին իրենց շախմատային հաղթողին` այն վեցերորդ անգամ դարձավ «Գոլոս Արմենիի» շաբաթաթերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը։ Ճիշտ է, այս անգամ նա մեծ դժվարությամբ պահպանեց իր տիտղոսը, քանի որ նույն 5,5 միավորներ էր հավաքել նաեւ Առաջին ալիքի լրագրող Նորայր Շողիկյանը եւ միայն լրացուցիչ գործակիցներով Վադիմն առաջ անցավ երկրորդ տեղ զբաղեցրած Հանրային հեռուստատեսության ներկայացուցչին։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Ռեսպուբլիկա Արմենիի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արարատ Պետրոսյանը` 5 միավորով։
ԶԼՄ–ների միջեւ 7-րդ շախմատի առաջնությունը տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը՝ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ եւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Առաջնությունը անցավ մեկ օրվա ընթացքում բաղկացած 7 մրցափուլից արագ շախմատի շվեյցարական մրցակարգով` ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվել էր 10 րոպե եւ 5 վայրկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:
Կարդացեք նաև
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանը:
Մրցանակաբաշխությանը ներկա էին եւ մրցանակներ հանձնեցին Արցախի առաջին միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ: Մրցանակներ ստացան նաեւ 4 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը (Դավիթ Գալստյան, «Սպուտնիկ Արմենիա»), մրցաշարի միակ ամենագեղեցիկ սեռի ներկայացուցիչը (Կարինե Տերտերյան, Արմենպրեսս), ամենաարագ հաղթանակի համար (Գեւորգ Խաչատուրյան, lifenews.am) եւ ամենատարեց մասնակիցը (Տիգրան Հովհաննիսյան, «Սպուտնիկ Արմենիա»):
Հիշեցնենք, վերջին մրցաշարում 2021 թվականին հաղթող էր ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը, որը առաջին տեղը գրավեց նաեւ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին։ 2019 թվականին չեմպիոն է դարձել «Ֆուտբոլ պլյուս» թերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որը, սակայն, չէր մասնակցել այս առաջնությանը։
Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ