Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն հացահատիկի արտահանման հարցում Հայաստանի համար բացառություն կանի»

Մարտ 12,2022 15:50

Ռուսաստանի Դաշնությունը մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի եւ շաքարավազի արտահանման վրա արգելք է դրել։ Երեկ այս պաշտոնական լուրը տարածվելուց հետո ՀՀ քաղաքացիները, կարելի է ասել, խուճապահար առեւտուր էին անում՝ մեծ քանակությամբ ձեթ, շաքարավազ, ալյուր, մակարոնեղեն եւ նման այլ ապրանքներն էին գնում։

Խուճապը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստան ներմուծվող հացահատիկը հիմնականում ՌԴ-ից է։ Եւ ընդհանրապես, ռուս-ուկրաինական պատերազմն, ըստ փորձագետների, պարենի դեֆիցիտ է առաջացնելու։

«Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ ընդհանուր առմամբ պարենային դեֆիցիտի որոշակի ռիսկեր կան, բայց Հայաստանի համար դրանք այդքան էլ արդիական չեն։ Նա նշում է՝ համաշխարհային շուկայում թեեւ ցորենի պակաս չկա, բայց կանխատեսումը, որ տարվա վերջում պակասը կլինի եւ արդեն միջազգային շուկաներում գների 60%-ից ավելի բարձրացումը ազդակ է, որ պարենային ճգնաժամի ռիսկ կա։

«Հայաստանում կան հացահատիկի պաշարներ, եւ մինչեւ ուշ աշուն, նույնիսկ ավելի երկար, եղած պաշարներն ու հավաքած բերքը կբավարարի։ Դրանից հետո իհարկե հացահատիկ գնելու կարիք կլինի։ Բայց կարծում եմ Ռուսաստանը Հայաստանի համար բացառություն կանի։ Եթե նույնիսկ դա չլինի, ապա կարող ենք Ղազախստանից ակնկալել, որովհետեւ Ղազախստանն էլ ցորեն արտահանողներից մեկն է։ Այս պահին Ղազախստանը Ռուսաստանից հսկայական քանակով ցորեն է գնել։ ԵԱՏՄ շրջանակներում կարող ենք ցորեն գնել այդ երկրից։ Կարող է հացահատիկի գինը բարձրանա, բայց հասանելիությունը կլինի», -ասում է տնտեսագետը։

Արդյոք հնարավորություն կա 3-րդ երկրներից, ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից հացահատիկ ներմուծել, ի պատասխան այս հարցի՝ Միքայելյանն ասում է՝ ՌԴ-ն եւ Ուկրաինան 2019 թվականին 28% էին զբաղեցնում հացահատիկի համաշխարհային շուկայում, 2021-ին այդ կշիռն աճել է. «Հիմա երբ շուկայից դուրս է գալիս այդ արտահանումը, մենք մեծ բաց ենք ունենում, էլ չասենք, որ մեր տարածաշրջանում, այլ երկրներում հացահատիկի լուրջ պակաս կա, նաեւ ասիական երկրների ժողովրդրագրական աճը, որը բերում է ցորենի սպառման ավելացման։ Չեմ կարծում, որ հնարավորություն ունենք Հայաստանին մոտ երկրներից ձեռք բերել։ Իհարկե, ԱՄՆ-ն եւ Կանադան առաջարկ ունեն, բայց համոզված եմ, նրանք առաջին հերթին սպասարկելու են իրենց մոտ երկրներին, եւ դժվար թե Հայաստանը կարողանա այդ երկրներից գնել կամ ձեռնտու կլինի այն գները, որն առաջարկում են ԱՄՆ-ն եւ Կանադան»։

Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ խուճապի կարիք չկա, նա նշել է, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության եւ անմիջական վերահսկողության տակ։ «Նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների ՌԴ որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,-ասել է նախարարը։

Հրանտ Միքայելյանը հիշեցնում է՝ եթե մինչեւ 44 -օրյա պատերազմը Արցախից էր ՀՀ հացահատիկ ներմուծվում, ապա հիմա հակառակն է՝ Հայաստանից է Արցախ ցորեն մատակարարվելու, քանի որ պատերազմից հետո գյուղատնտեսական տարածքներ, հատկապես հացահատիկի դաշտեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Պարենի դեֆիցիտի ռիսկերն ու ներկայիս իրավիճակը լավ առիթ է մտածելու՝ ինչ եւ ինչպես անել, որպեսզի մեր երկրի գյուղատնտեսական նշանակության հողերը մշակվեն, տարբեր գնահատականներով, մոտ 200 հարյուր հազար հեկտար չմշակվող տարածք կա Հայաստանում։ Կառավարությունն էլ, ոլորտի պատասխանատուներն էլ ժամանակ առ ժամանակ գյուղացիներին, ֆերմերներին կոչ են անում մշակել այդ հողատարածքները, բայց առայժմ զգալի արդյունք չկա։ Արդյոք Հայաստանն ունի հնարավորություն պարենի ինքնաբավությունն ապահովելու՝ եթե չմշակվող հողերը ամբողջությամբ մշակվեն։

Տնտեսագետն ասում է՝ միայն կոչերով խնդիրը չի լուծվի, իսկ խնդիրները շատ են՝ սերմացու, դիզվառելիք եւ այլն, բայց ավելի արդիական է ոռոգման հարցը, ընդ որում վերջին տարիներին ոռոգումը մշտապես ուշացնում են. «Պատրանք կա, որ եթե Սեւանա լիճը լցնենք՝ էկոլոգիական խնդիրը կլուծենք։ Այդպես չէ, որքան շատ ջուր են լցնում այնտեղ, այնքան շատ է կանաչում, որովհետեւ ավելի մեծ տարածքներ անցել են ջրի տակ։ Ամեն դեպքում Սեւանի այդ լցումների պատճառով գյուղատնտեսական հողերը ավելի ուշ են ջուր ստանում։ Դա եղել է բուսաբուծության անկման հիմնական պատճառը եւ քանի որ կլիման էլ փոխվում է՝ ավելի շատ է ջրի կարիք լինում։ Առհասարակ, մեզ պետք է հստակ եւ ադեկվատ, մասնագիտացված գյուղատնտեսական քաղաքականություն, բայց դրա համար նախարարություն է պետք»։

Միքայելյանի կարծիքով՝ գյուղնախարարությունը փակվեց, այն հիմա էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում է, բայց էկոնոմիկայի նախարարությունը չի կարող գյուղատնտեսության նախարարության գործառույթներն իրականացնել։ «Ես կարծում եմ՝ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի պոտենցիալ, բայց անգամ ինչ-որ աջակցությամբ դա հնարավոր չէ իրականացնել, պետք է հստակ ռազմավարական ծրագիր ունենալ, որպեսզի գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրանա։ Իսկ ցորենի դաշտերի լավագույն օգտագործման դեպքում էլ ինքնաբավությունը չի ապահովվի»։

Հրանտ Միքայելյանն ասում է՝ չնայած երկարաժամկետ աշխատանք է չմշակվող հողերն, այսպես ասած՝ վերակենդանացնելը, բայց հաշվի առնելով, որ մենք հինգ տարի անընդհատ գյուղատնտեսական արտադրության անկում ունենք, տարեկան միջինը 4%, արդեն կորուստներ ունենք, եթե չկանգնեցնենք անկումը, ապա ավելի վատ է լինելու. «Երկարատեւ աշխատանք է, բայց հստակ ու ադեկվատ ծրագրի դեպքում հենց առաջին տարում էլ արդյունքը զգալի կլինի»։

Տնտեսագետն ասում է՝ մոտ մեկ միլիոն մարդ գյուղաբնակ է, իրենք իրենց գործազուրկ են համարում, հիմա պետք է նրանք աշխատեն, բայց ոչ թե ասենք՝ ձեռքի հետ հողատարածք մշակեն, այլ արդյունավետ եւ ձեռնտու գյուղատնտեսությամբ զբաղվեն, որը կբարձրացնի գյուղատնտեսության արտադրությունը, ժողովրդագրական խնդիրներ կլուծի։

«Առհասարակ, մենք պետք է ուսումնասիրենք՝ ինչպես բարձրացնել պարենային անվտանգությունը։ Որոշակի կետեր կան, որին կարելի է հեշտ հասնել, կան կետեր, որտեղ մենք կարող ենք առավել մեծացնել մեր գյուղմթերքի արտահանումը, օրինակ՝ ընկույզ եւ այլն»,-նկատում է Հրանտ Միքայելյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031