Վերջին ամիսներին բնակիչները հաճախ են բողոքում կոմունալ վճարներից: Հաճախակի են դարձել դժգոհությունները հատկապես էլեկտրաէներգիայի մասով: Գրեթե ամեն օր ֆեյսբուքյան հարթակում կարող ենք հանդիպել քննարկումների, երբ դժգոհում են հոսանքի գնից:
Վանաձորցի սպառողների խոսքով՝ իրենք հոսանք այդքան չեն օգտագործում, որքան յուրաքանչյուր ամսվա վերջ կազմում է իրենց սպառած էլեկտրաէներգիայի վարձը. «Արդեն մի քանի ամիս է՝ նույն վիճակն է: Անցած ամիս գոնե պետք է ավելի քիչ լիներ, բայց մի բան էլ ավել է եկել: Ամիսը կարճ է, փոխարենը վարձը 5.000 դրամ ավելի է: Արդեն էլ չգիտեմ՝ ի՞նչ մտածեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Բազում թաղամասի բնակչուհի Անին:
Նույն խնդրի առաջ են կանգնած նաեւ Երեւանյան խճուղի 1 հասցեի բնակիչները: Այստեղ եւս հոսանքի վարձավճարի հետ կապված խնդիրներ են նկատում. «Նույնիսկ էլեկտրիկին եմ ասել, բայց փոփոխություն չկա: Շատ օգտագործենք, թե քիչ, նույն գումարն է գալիս: Անցած ամիս 6 օր տանն էլ չենք եղել, բայց ընդամենը 1000 դրամի տարբերություն տվեց: Էս պատերազմի ու թանկացումների շրջանում մեզ մենակ սա էր պակաս»:
Կարդացեք նաև
Հեղինեն, որը Վանաձորին կից գյուղերից մեկում է բնակվում, նշում է, որ նույն խնդրի առաջ կանգնել են մի քանի տարի առաջ նույնպես. «Իմ լույսի գումարը երբեք ու երբեք չի կազմել 30.000 դրամ, միշտ 14-17000 դրամ է եղել: Հիմա որ ասում ենք՝ հնարավոր չի տարբեր պատճառներ են առաջ բերում: Տարիներ առաջ էլ էլի զգում էինք, որ մի բան այն չի, իսկ հիմա լրիվ սահմաններն անցել են: Մենք գյուղում ենք մնում ու որ համեմատում եմ իմ ծախսածը՝ հարևաններիս ծախսած լույսի հետ, զարմանում եմ, բոլորս նույն էլեկտրաէներգիան ենք ծախսում, բայց իրենցը գրոշներ է գալիս»,- ասում է Հեղինեն ու նշում, որ 4 անչափահաս երեխայի հացի գումարը ստիպված տալու է չսպառած հոսանքի համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4.7 դրամով ավելի սկսեցին վճարել սպառած յուրաքանչյուր կիլովատտ ժամի համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ ամսական մինչեւ 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը բարձրացավ 1.5 դրամով, 200-400 կիլովատտ ժամ սպառողների համար՝ 3.5, իսկ 400 կիլովատտ ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5.5 դրամ ավելի կվճարեն։
Հոսանքի գինը նույնը մնաց սոցիալապես անապահով բնակիչների համար։ Վերջիններիս համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագինը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ