Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԹԵմարդ»-ի 5-օրյա այցը Սիսիան (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 12,2022 14:15

«ՄԱԹԵմարդ» անունով երիտասարդ աղջիկն օրեր առաջ Սիսիանի  աշակերտուհիների հյուրն էր։ Նա խելացի մի աղջիկ է, որը, գործի դնելով  մաթեմատիկական իր կարողությունները, հաղթահարում է առօրյա կյանքում ծագած խնդիրները։

ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ԻԼՏԿ), Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները միավորվել են՝ խրախուսելու պատանի աղջիկների կրթությունը գիտական, տեխնոլոգիական, ինժեներական եւ մաթեմատիկական ոլորտում։

Մաթեմատիկայի միջազգային օրվա՝ մարտի 14-ին ընդառաջ Երեւանում, ապա Սիսիանում իրականացվեց «ՄԱԹԵմարդ» 5-օրյա արշավը։ Դպրոցահասակ աղջիկները, համատեղելով մաթեմատիկան ու կերպարվեստը, պատկերներ են ստեղծում։

Գեղանկարիչ Տիգրան Մանգասարյանն է երեխաներին սովորեցնում պատկերապատումներ՝ կոմիքսներ նկարել։ Աղջիկները բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի, որովհետեւ, գեղանկարչի խոսքով, պատկերապատումը  խմբային աշխատանք է․ պիտի քննարկեն, պատմեն, բաշխեն աշխատանքը եւ իրականացնեն։ Խմբերին տրվել են ժամանակակից թեմաներով առաջադրանքներ։ Պատմություններից մեկը Սեւանի մասին է․ նպատակն է՝  բարձրացնել լճի մակարդակը։ Գիտնականները հաշվարկել են՝ 6 մետր պիտի ջուրը բարձրացվի, որպեսզի Սեւանը փրկվի։

Մաթեմատիկական հաշվարկներից բացի, կա այս գաղափարը կրող հերոս, ու կա հակահերոս, որի հետ ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ։  Մեծահարուստ հակահերոսը տուն է կառուցել  Սեւանի ափին։ Ճահճացման վտանգը հաշվի առնելով՝ մեծահարուստի տունը  պիտի քանդվի։ Նա դեմ է, պատճառաբանում է՝ ամեն տարի ասում են ու ոչինչ չի փոխվում։ «Ունենք կայծակի հետ կապված մի պատմություն։ Կայծակը շատ է վնասում մարդկանց՝  ծառեր են այրվում, տներ։ ՄԱԹԵմարդը տեսնելով այդ ամենը, որոշում է այնպես անել, որ հավաքի կայծակի էներգիան ու օգտագործի բարի նպատակներով։ Ինքը կայծակի էներգիան հավաքում է՝ ստեղծելով մի սարք։ Սա գաղափար է, չկա նման սարք աշխարհում, բայց որպես մաթեմատիկական լուծում՝ երեխաների մոտ նստվածք տալիս է»,-ասում է Տիգրան Մանգասարյանը։

Սիսիանի 2-րդ դպրոցի աշակերտուհի 12-ամյա Նանե Առաքելյանը մաթեմատիկան շատ է սիրում։ «Իմ ՄԱԹԵմարդը շատ խելացի է, ստեղծում է տելեպոտ։ Այս սարքի  օգնությամբ մարդիկ հասնում են մի կետից մյուս կետը։ Ինքը ապրում է մի տեղանքում, որտեղ հաճախակի կարկուտ է տեղում եւ  մարդիկ, երբ դրսում են լինում, կարկուտից պաշտպանվելով՝ տելեպոտով տեղ են հասնում»,-պատմում  է Նանեն։

Սիսիանում արշավին 20 աշակերտուհի է մասնակցել։ 2021 թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածքի զեկույցի համաձայն՝ գիտական, տեխնոլոգիական, ինժեներական եւ մաթեմատիկական բնագավառում կանանց եւ աղջիկների ներգրավվածությունը Հայաստանում կազմել է  10 ,  իսկ տղաներինը՝ 23 տոկոս։  «Թիրախային խմբում 10-14 տարեկան աղջիկներն են, ինչո՞ւ ենք ընտրել միայն աղջիկներին։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ աղջիկները պասիվ են ՏՏ ոլորտում ու որոշեցինք՝ հենց աղջիկների մուտքը խրախուսել դեպի մաթեմատիկա։ Երեխաների հետ աշխատել են մաթեմատիկայի ոլորտում տարբեր մենթորներ, որոնք ներկայացրել  են կյանքում առաջացած տարբեր խնդիրները մաթեմատիկայի միջոցով լուծելու  իրենց փորձը»,-ասում է  Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյանը։

Ըստ գեղանկարիչ Տիգրան Մանգասարյանի՝ երեխաները շատ ոգեւորված են։ «Առաջին անգամ են շփվում նկարներով պատմելու գաղափարի շուրջ։ Սա հեշտ աշխատանք չէ, այս աշխատանքի մեջ միայն նկարելը դրված չէ։ Ավելի շատ խոսքը դրամատուրգիայի մասին է  խոսքը։ Բացի սա, իրենք շփվում են մաթեմատիկայի հետ, որը աշխարհընկալման թվային տեսակն է։ Աշխարհընկալումը երկու ձեւ ունի թվային եւ պատկերային՝ այսինքն նկարչությունը։ Իրենք մեկ աշխատանքի մեջ ներկայացնում են այս երկու աշխարհընկալումը»,-ասում է Aravot.am-ի զրուցակիցը։  Վերջինս նաեւ նկատել է, որ մարզերում աշակերտուհիները ավելի մոտիվացված են ու տարբերվում են մայրաքաղաքի աշակերտներից։ «Երեւի այստեղ հետաքրքրությունները ավելի քիչ է, ավելի շատ հաճույքով են գալիս, քան մայրաքաղաքում։ Տարբերությունը դա է»,-ասում է Տիգրան Մանգասարյանը:

Մաթեմատիկայի միջազգային օրը՝  մարտի 14-ին ամփոփվելու է լուսանկարների մրցույթը, ներկայացվելու են երեխաների ստեղծած պատկերապատումները, որոնց հիման վրա հոկտեմբերին կհրատարակվի «ՄԱԹԵմարդ» պատկերապատումների գիրքը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031