Առողջապահության նախարարությունը վերացրեց փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը ու կամաց գնում է կորոնավիրուսային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ Փոխարենը՝ սննդային անհասկանալի սահմանափակումներ են հիմա էլ մտցնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ սահմանափակումները գործում են միայն թղթի վրա՝ ոչ ոք չի հետեւում դրանց կատարմանը։ Բայց առողջապահության նախարարը համառությամբ շարունակում է դրանք մտցնել, հանել, հետո նորից մտցնել՝ չկարողանալով ապահովել դրանց կատարումը, քանի որ դա իր գործը չէ, դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրինք՝ փակ տարածքներում դիմակների կրման պահանջը վերացնելուց հետո թվերի փոփոխություն նկատվո՞ւմ է, հնարավո՞ր է դինամիկան այնպիսին լինի, որ նորից վերադառնանք սահմանափակումների խստացմանը։
«Այս պահին դեռ պահպանվում են նվազ թվերը՝ օրական, որը 2 շաբաթ է՝ արդեն գրանցում ենք եւ որեւէ աճման դինամիկա չենք նկատում։ Գիտե՞ք, մի փոքր բարդ էր կանխատեսելը, մենք երկու տարվա ընթացքում հասկացանք, որ այս վիրուսը երբեմն շատ անկանխատեսելի շրջապտույտներ է ունենում։ Եթե շտամի փոփոխություն չունենանք, պետք է որ այս իրավիճակը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։
– Հիմա ռեստորաններում QR կոդի պահանջը պահպանվո՞ւմ է։
Կարդացեք նաև
– Այո, QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է։
– Իսկ Հայաստան մուտք գործելու մասով փոփոխություններ կա՞ն, որոշ երկրներ, օրինակ, հանել են մուտք գործելիս պարտադիր թեստավորման պահանջը։
– Ոչ, դեռ ուժի մեջ են բոլորը՝ կտեսնենք, ընթացքում մենք էլ կվերանայենք։ Պետք է պահը ճիշտ ընտրել, թե երբ ես հանում սահմանափակումը, եւ մենք այդ դիմակների կրման սահմանափակումը հանեցինք այն ժամանակ, երբ որ բոլոր հետազոտությունները եւ այլ երկրներում կիրառված փորձը ցույց են տալիս, որ հիմա ավելի անվտանգ շրջան է։
– Ձեր պաշտոնավարման առաջին ամիսներին քովիդի թվերի կտրուկ աճ եղավ, եւ ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Այդ ժամանակ Ձեր դեմ քննադատությունների ալիքը մեծ էր, պահանջում էին Ձեր հրաժարականը։ Երբեւէ Ձեր մտքով անցե՞լ է հրաժարական տալ եւ հեռանալ։
– Չէ, իհարկե, նման պաշտոն ստանձնելը շատ լուրջ որոշում է, եւ ես այդ որոշումը կայացրել եմ ու չեմ պատրաստվում ինչ-որ թեթեւ գնահատականների կամ ընդդիմության, կամ այլոց կողմից հնչեցված որակումների պատճառով հրաժարական տալ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում