Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյան․ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դիմաց ստացանք խաղաղություն․ «Հրապարակ»

Մարտ 12,2022 11:50

Բացառապես իշխանության ձայներով ՀՀ հինգերորդ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը նախօրեին լրագրողների հետ վերջին անգամ շփվեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակով։

– Դուք տեսաք՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես բորբոքվեց ԱԺ-ում, սկսեց բղավել, թե ով որ ասի՝ ինքն Արցախը հանձնել է, մատ էլ թափ կտա, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտա։ Նրա այս վարքն ինչպե՞ս եք գնահատում։

– Ուրեմն, դիմացինը պետք է իրավիճակներ չստեղծի, որ իրեն էդպես պատասխանեն։

– Չի՞ կարելի ասել, որ Արցախը հանձնել են։

– Այո, անձամբ իրեն՝ չի կարելի, որովհետեւ ինքն Արցախը չի հանձնել։

– Հայաստանում 200 հազարից ավելի մարդ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, առնվազն գոնե նրանք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը։ Հիմա ի՞նչ, պետք է բոլորի վրա մա՞տ թափ տա։

– Տեսեք՝ որն է խնդիրը․ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում էր, եւ այն պատգամավորը, որը հարցադրումն անում էր, ինքը պետք է գնար ավելի շատ իր էդ քաղաքական ուժի ղեկավարներին հարցներ։ Ես չեմ ուզում էսօր մեղավորներ փնտրել, որովհետեւ իրականում էդ ամեն ինչի մեջ մենք՝ բոլորս, մեղավոր ենք եղել։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, երբ որ հանդուրժել ենք, որ մեր բանակը տարիներ շարունակ էդ վիճակում է եղել, երբ որ մենք հասկացել ենք, որ կոռուպցիա կա, ու չենք պայքարել մինչեւ վերջ։ Ինձ էլ է դա վերաբերում, ես ինձ չեմ առանձնացնում։ Ես գտնում եմ, որ էդ ամեն ինչը, որ եղավ պատերազմի ժամանակ, դա հետեւանք էր՝ ցավոք սրտի։

– Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղավո՞ր էր, որ 1994 թվականին ոչ թե պարտադրեց Ադրբեջանին կապիտուլյացիա ստորագրել կամ այնպիսի ակտ, որը կապահովագրեր մեզ հետագա պատերազմներից, այլ ընդամենը զինադադար կնքեց՝ օդում առկախված թողնելով արցախյան հարցի լուծումը։

– Չէ, էլի, շատ կներեք, ինֆորմացիա ուղղակի, դե՝ պարզ է, որ չեք ունենա Դուք, ուղղակի էն մարդիկ, ովքեր որ էն ժամանակ եղել են, այդ թվում՝ նաեւ էսօրվա ընդդիմադիր դաշտի երկու ղեկավարները, իրենք թող ազնվություն ունենան եւ ասեն, թե ինչպես է եղել, որ էդ հրադադարը պետք է էդ պահին ստորագրվեր։ Այսինքն՝ զինադադարի ստորագրումը քաղաքական իրավիճակի անհրաժեշտություն էր եւ ճիշտ որոշում էր։

– Չե՞ք կարծում, որ Ձեր քաղաքական թիմի, ներկայիս կառավարության կողմից մանիպուլյատիվ է այն պնդումը, թե նախկին իշխանություններն էին Մադրիդյան սկզբունքներով բանակցում Արցախի յոթ շրջանները հանձնելու շուրջ։ Այսինքն՝ իրենք բանակցել են, որպեսզի 5 հազար եւ ավելի զոհ ունենանք, եւ Շուշին ու Հադրութն էլ հետը հանձնենք թշնամո՞ւն՝ առանց դրա դիմաց Արցախի կարգավիճակի հարցը լուծելու։

– Չէ, Դուք եք հիմա մանիպուլյատիվ եզրակացություն անում։ Իրականում, երբ որ Մադրիդյան սկզբունքներ էին քննարկում, դա քննարկում էին 1997 թվականի Տեր-Պետրոսյանի այն թեզը, որի պատճառով Տեր-Պետրոսյանին պարտադրեցին, որ հրաժարական տա։ Տեսեք, Զելենսկին էսօր Պուտինին ինչ է առաջարկում, ասում է՝ եկեք նստենք փոխզիջումների մասին խոսենք, փոխզիջումների՝ երկկողմանի։ Մենք 1997 թվականին Տեր-Պետրոսյանի թեզը չուզեցինք քննարկել, եւ էն մարդիկ, ովքեր եկան իշխանության, կարճ ժամանակ հետո առաջարկեցին Մադրիդյան սկզբունքներ։ Այսինքն՝ մի օր առաջ 1998-ին, 1999-ին, 2000-ին, 2001-ին՝ մինչեւ 2015, 2016, 2017 թիվը ստորագրելը իրականում ճիշտ լուծում էր։

– Ամբողջ հարցն այն է, որ ե՛ւ Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծումը, ե՛ւ նրան հաջորդած նախագահների առաջարկած փաթեթային տարբերակները երկուսն էլ փոխզիջումային էին, այսինքն՝ մի բան տալիս էինք ինչ-որ բան ստանալու դիմաց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ, որի դիմաց ոչինչ չստացանք՝ բացի կորցնելուց։

– Ստացանք՝ խաղաղություն։

– Ի՞նչ խաղաղություն, այն, որ ամեն օր կրակո՞ւմ են սահմանին, որ հենց հիմա Խրամորթում թշնամին հարձակվել է գյուղի վրա, դա՞ է խաղաղությունը։

– Դա մասնակի է։ Էդ վիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, հիշեք՝ ինչ վիճակ էր։ Մի՛ մոռացեք նոյեմբերի 8-ը, 7-ը, 6-ը։

– Իսկ եթե գիտեր՝ շատ վատ է երկրի վիճակը, ինչո՞ւ 2018-ին եկավ դարձավ վարչապետ, եթե գիտեր՝ ինչ բեռի տակ է մտնելու։

– Հենց էդ ա, եկավ, որպեսզի փոխի իրավիճակը, որպեսզի ես ու դու ազատ ապրենք։

– Դուք հիմա Փաշինյանի թիմի անդամ համարվո՞ւմ եք։

– Միանշանակ։

– Բա ինչպե՞ս եք անկախ գործելու նախագահի պաշտոնում։

– Որովհետեւ անկուսակցական եմ եւ պարտավոր եմ համերաշխություն ապահովել բոլորի միջեւ։

– Բայց ՔՊ թիմի անդամ եք Ձեզ համարում գաղափարապես։

– ՔՊ-ի անդամ․․․ քաղաքական գաղափարախոսություն ասեք՝ էդ ուրիշ բան է, այդ գաղափարախոսությունն ազատական է։ Ես ամենաազատ մարդն եմ էս երկրի։

– Դուք հիմա հինգ պակաս նախագահ եք, բայց նաեւ հինգ պակաս ՔՊ-ական եք, ստացվում է։

– Ոչ, ես ազատական գաղափարախոսության կրող մարդ եմ, բայց իմ պարտականությունները կատարելիս պարտավոր եմ բոլորի տեսակետները հաշվի առնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031