Թեեւ անհատները՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները բարձրացնում են արդարության ձայնը, բարձր պահելով համամարդկային արժեքների հանդեպ հավատը, սակայն նրանց ձայնը դեռեւս ի զորու չէ կանգնեցնել ատելությունից մինչեւ անտարբերություն հասնող չարիքի տարածումը։
Երկակի ստանդարտների օրինակ է այն, որ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին թուրք-ադրբեջանական տանդեմը համացանցը լցրել էր հայատյացության խոսքով, ազատորեն շրջանառվում էին հայերի հանդեպ Ադրբեջանի գործած հանցագործությունները վկայող տեսանյութերն ու լուսանկարները։ Մինչդեռ հայ օգտատերերը բախվում են խիստ գրաքննության, երբ տեղադրում են պետական, ռազմական գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհի, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարները կամ հայ ազգի ոգին եւ արժանապատվությունը բարձրացնող որեւէ մեջբերում են կատարում։
Այդ ամենը ներկայացվում է իբր ատելության խոսքի արգելման քաղաքականություն։ Սակայն ինչպես հասկանալ «Մետա» ընկերության կողմից «ատելության խոսքի քաղաքականության ժամանակավոր փոփոխության» մասին հայտարարությունը, ըստ որի՝ «Մետա» հարթակները որոշ երկրներում «Facebook»-ի եւ «Instagram»-ի օգտատերերին թույլ են տալու բռնության կոչ անել ռուսների եւ ռուս զինվորների դեմ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ «Reuters» գործակալությունը հայտնել է, որ սոցիալական մեդիա ընկերությունը նաեւ ժամանակավորապես թույլատրում է որոշ գրառումներ, որոնք մահվան կոչեր են՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
«Մենք դեռ թույլ չենք տա ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության արժանահավատ կոչեր»,- ասվում է «Մետայի» հայտարարության մեջ (բանալի բառ կարող է հանդիսանալ «դեռ»-ը)։ Այլ հարց է, թե ինչպես կարձագանքեն օգտատերերը նման «ազատությանը» եւ ատելության խոսք տարածելու անպատժելիությանը։ Ամեն դեպքում՝ երկակի մոտեցումները վտանգավոր են ոչ միայն թիրախ հանդիսացող կողմի համար, այլեւ այդ մոտեցումները մշակողների եւ կիրառողների։ Իսկ ատելությունը, դրա քարոզը երկակի սայր ունեն եւ կարող են ուղղվել այն գեներացնողի դեմ։ Մեր օրերում մարդկությանը «մի պտղունց սեր» է պակասում։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում