Ինչո՞ւ են որոշ արևմտյան կառույցներ հենց ներկա իրողությունների պայմաններում հաճախ հիշում, որ Հայաստանը ժողովրդավարության «բարձրագույն լիգայում» է։
Եթե այդ կառույցները և դրանց հետևում կանգնած պետությունները հանդես են գալիս պետությունների ժողովրդավարության և ինքնիշխանության պաշտպանության դիրքերից, ապա ինչո՞ւ ծպտուն անգամ չեն հանում, երբ բռնապետական Ադրբեջանը ներխուժել է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածք ու փորձում է այն բռնազավթել։ Ավելին, երբ Ադրբեջանը խախտում է արցախահայության և ՀՀ սահմանամերձ բնակչության ամենատարրական իրավունքները, ինչո՞ւ մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարցում իրենց առաջամարտիկ հայտարարած կառույցները որևէ ձայն չեն հանում, չեն դատապարտում Ալիևի հանցագործությունները և իրենց լռությամբ լույս են վառում հետագա եղեռնագործությունների համար։
Գործ ունենք պարզ թողտվության հետ, այնինչ, եթե Ադրբեջանի փոխարեն մի ուրիշ պետություն նման գործելակերպ որդեգրեր, ապա ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող կառույցները անգամ պատժամիջոցներ սահմանելու ու ֆինանսական հոսքերից կտրելու հարց կբարձրացնեին։ Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունների հռչակած կարգախոսներն ու սկզբունքները կեղծ են ու բխում են իրենց բնորոշ երկակի ստանդարտներից, և ժողովրդավարական արժեքները ծառայեցվում են միայն իրենց աշխարհաքաղաքական շահերին։ Իսկ սա նշանակում է, որ այդ կազմակերպություններն իրենց դիրքորոշումներում անաչառ չեն, և նրանց կողմից հնչած գնահատականները միշտ բազմաթիվ հարցականներով պետք է ընդունել։ Դրա արդյունքում է, որ հավաքական Արևմուտքի մաս կազմող երկրներին ոչ թե հետաքրքրում է, որ Ադրբեջանում հանցագործ բռնապետական համակարգ է գործում, այլ նրանց ողջ ուշադրությունը կենտրոնացած է նրա վրա, թե ինչպես կարելի է Ադրբեջանի նավթն ու գազը անվտանգ հասցնել Եվրոպա։
Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանին սիրաշահում՝ «ժողովրդավարության աստղ» անվանելով։ Ամբողջ հարցն այն է, որ դրանով արևմտյան կառույցները նպատակ ունեն աջակցել ՀՀ գործող իշխանություններին, քանի որ, ինչպես շատերն են Հայաստանում արձանագրում, Փաշինյանը մեծ հոժարությամբ արտաքին ուժերի շահերն է սպասարկում, այլ ոչ թե մեր երկրի։ Հենց դրանով է պայմանավորված, որ արտաքին ուժերը աչք են փակում իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի վրա և իրենց գնահատականներով փորձում են պայմաններ ստեղծել, որ Փաշինյանն ու նրա թիմը հնարավորինս երկար մնան իշխանության։ Հարցն այն է, որ միայն այդ դեպքում ՀՀ-ն չի ունենա իր սեփական օրակարգը սպասարկող իշխանություն, իսկ արտաքին խաղացողները մեր տարածաշրջանում առավել հեշտությամբ թելադրողի դեր կստանձնեն և առանց որևէ դիմադրության առաջ կմղեն միայն իրենց շահերը։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում