Աշխարհը փոխվում է, այն էլ՝ գլխապտույտ արագությամբ, իսկ մենք աշխարհի մի մասնիկն ենք, բայց չենք ընթանում այդ փոփոխություններին ընդառաջ, չենք փորձում փոփոխությունները որպես իրողություն ընդունել, կարևորն անկարևորից վեր չենք դասում: Մի երկրում, որտեղ ապրում ենք գրեթե առանց անվտանգության երաշխիքների, մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում ես և առաջինը լուրերն ես աչքի անցկացնում` տեսնելու, թե ինչ է եղել գիշերվա ընթացքում, մի երկրում, որտեղ պատերազմի դե ֆակտո ավարտից մեկ տարի և ավելի ժամանակ հետո Արցախում մարդիկ դեռ պատերազմի մեջ են ապրում և գյուղից երեխաներին ու կանանց են տարհանում` թշնամու ուղիղ սպառնալիքների ներքո, մեր իշխանությունները բացարձակ ոչինչ չեն անում:
Ավելի ստույգ՝ պարզապես շարունակում են իբր «խաղաղության դարաշրջան» բացել Ադրբեջանի հետ, շարունակում են ոտնատակ տալ մեր երկրի ու ժողովրդի արժանապատվության փշրանքները, անընդհատ խոսքեր են հնչում, բառեր, որոնք արդեն ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա, բայց դրանք ասվում են, գուցե դեռ հնարավոր է մի քանի տասնյակ մարդու համոզել, որ իրենք լավ են ապրում, ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Կառավարության նիստում, որտեղ առաջնային քննարկման հարց պետք է դառնար Արցախում պատերազմի վտանգը, այն, որ մեր հայրենիքի այդ հատվածից թշնամին արցախցիներին փորձում է հեռացնել հոգեբանական ճնշման ներքո, այն, որ մի քանի օր է՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասված է և չեն կարողանում նորոգել այն, գործադիրի ղեկավարն ընդամենը մի քանի խոսքով ամփոփում է իրավիճակը. «Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք: Այս պահին որևէ հավել յալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ:
Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»: Մեկ բառ անգամ չի ասվում, որ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, որն երկու անչափահաս երեխայի հայր էր, մեկ զինծառայող էլ վիրավորվել էր: Չի խոսվում այն մասին, որ թշնամու արձակած կրակոցները խլում են մեր տղաների կյանքը, որ մի տան լույս էլ մարեց: Սա քննարկման ամենակարևոր հարցն է, մինչդեռ մի մեծ արձագանք «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած զեկույցին, որտեղ, ըստ Փաշինյանի, «մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»: Նույնիսկ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր:
2021 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում