Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանավորին խոշտանգողին՝ ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով

Մարտ 12,2022 13:30

Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի թիվ 478-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2018թ. մարտի 16-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արմեն Ջիվանի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում («Առավոտը» լուսաբանել է այս գործով մի քանի դատական նիստեր):

2019թ. նոյեմբերի 26-ի՝ Երեւան քաղաքի դատավոր Դ. Բալայանի դատավճռով, նրան վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ երեք տարի ժամկետով: Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ այդ հիմքով նա ազատվել էր ազատազրկման ձեւով նշանակված պատժի հետագա կրումից: Գործը հասել էր Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ բողոքները բավարարվել էին մասնակիորեն: Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշումը բեկանվել էր եւ գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ Մարաբյանի, դատավորներ Ազարյանի եւ Վարդանյանի) մարտի 9-ին որոշում կայացրեց իրավապաշտպան Արա Ղարագյոզյանի եւ դատախազ Վարդգես Սարգսյանի վերաքննիչ բողոքները բավարարելու մասին։

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանք (խոշտանգում) կատարելու մեջ եւ նրա նկատմամբ նշանակվեց պատիժ՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Վերջապես խոշտանգման հոդվածով ունենք վճիռ, ՀՀ պատմության մեջ առաջինը, չնայած նրան որ Եվրոպական դատարանը 10 խոշտանգման գործ ունի ընդդեմ ՀՀ-ի, ներպետական դատարանները ամեն գնով խուսափում էին խոշտանգման հոդվածը կիրառել։ Այս գործով դատավոր Բալայանը խայտառակ վճիռ էր կայացրել որ ծեծը հոգեկան տառապանք չի առաջացնում ուրեմն խոշտանգում չէ․․․․ ավելի անամոթ ու լկտի վարքագիծ մարդու իրավունքների ոտնահարման հանդեպ դժվար է պատկերացնել։ Հուսով մեն ԲԴԽ-ն Բալայանին կկանչի գորգի վրա ու կբացատրի որ իր նամնները դատավորի օգնական էլ իրավունք չունեն աշխատելու

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031