Հարցազրույց «Կիթառի արքա» Արտյոմ Դերվոյեդի հետ
– Հարգարժան Արտյոմ, ձեր առաջին այցն է Հայաստան, ուրախ ենք «Կիթառի արքային» մեր երկրում տեսնելու համար։
– Շնորհակալ եմ։ Բայց այդ տիտղոսի հետ, թույլ տվեք ասել՝ այնքան էլ համամիտ չեմ, պարզ պատճառով. ես իմ արվեստին վերաբերվում եմ չափազանց քննադատորեն…
– Այդ տիտղոսի հեղինակը ֆրանսիական հեղինակավոր Universe guitar ամսագիրն է։ Մենք ներկա էինք Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձեր գլխավոր փորձին ու կիսում ենք այդ կարծիքը։ Թույլ տվեք մեր զրույցը սկսել դասական կիթառի ծագման մասին տարբեր մոտեցումներից։ Այն, որ Իսպանիան միջնադարում եղել է կիթառի զարգացման հիմնական կենտրոն, միանշանակ է։
Կարդացեք նաև
– Ես կասեի, որ կիթառը համաեվրոպական գործիք է։ Ինչ վերաբերում է կիթառի պատմությանը, այո, գործիքի զարգացման հիմնական կենտրոնը Իսպանիան էր։ Դա 15-րդ դարում էր։ Իսկ հետո՝ 18-ում կամ դրա վերջերին իսպանական կիթառը էվոլյուցիայի ենթարկվեց… Գիտեք, սա ավելի շատ մասնագիտական թեմա է, որի շուրջ խոսակցությունը երկար ժամանակ կպահանջի։ Միայն նշեմ, որ իսպանական կիթառը Ռուսաստանում հայտնվեց 18-րդ դարում, հիմնականում իտալացի կոմպոզիտորների եւ երաժիշտների միջոցով։ Որոշ ժամանակ անց՝ 19-րդ դարի սկզբին, կիթառն ամրապնդեց իր դիրքերը Ռուսաստանում։ Ի վերջո, գոյություն ունեն դասական, ջազային եւ այլ տեսակի կիթառներ։ Մեծ հաշվով՝ կիթառը սիրելի է բոլոր ազգերի շրջանում։ Օրինակ, գոյություն ունի հավայական կիթառ, լեհական եւ այլն։
– Եթե աշխարհում հարցում անցկացվի, թե երաժշտական որ գործիքն է ամենասիրվածը, համոզված ենք՝ կիթառը կհայտնվի առաջին հորիզոնականում։ Ի վերջո՝ ինչո՞վ է դա պայմանավորված։
– Այս հարցին պատասխանելու համար նույնպես երկար ժամանակ կպահանջվի։ Ըստ իս՝ դա պայմանավորված է առաջին հեթին գործիքի տեմբրով։ Չե՞ք նկատել, որ այն տարբեր դրսեւորումներ ունի, նույնիսկ մարդկային ձայն է հիշեցնում։ Կիթառով կարելի է ներկայացնել երաժշտական բոլոր ժանրերը առանց բացառության։
– Բայց փաստենք, որ 20-րդ դարի կեսերին փորձեցին այդքան սիրված կիթառը արգելել Ռուսաստանում…
– Ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ողջ ԽՍՀՄ-ում։ Նման անհեթեթություններ մեր երկրում շատ են եղել։ Հետո այդ օրենքը շրջանցելու համար կիթառի սիրահարները որոշեցին 7 լարանի կիթառը ներկայացնել որպես ռուսական ժողովրդական գործիք, ասելով, թե 7 լարանին տարբերվում է դասական 6 լարանի կիթառից…
– Վերադառնանք մեր ժամանակներ. այսօր էլ ռուսաստանյան երաժշտական ուսումնական հաստատություններում կիթառը դեռեւս ժողովրդական բաժնում է։
– Իրավացի եք, բայց կիթառը ժողգործիքների անսամբլում երբեք չի եղել ու չի լինի, քանի որ այն նվագախմբային գործիք չէ։ Ի վերջո, մենք՝ կիթառահարներս, նվագում ենք դասական երաժշտություն ու գործիքի ողջ էությունը ձայնի էմոցիաների մեջ է, որ ծնում է կիթառահարը։ Թույլ տվեք առանձնացնեմ ռուս գործընկերներիս կատարումները այլազգիների մեկնաբանություններից։ Ռուսների կատարումները կարելի է առանձնացնել սենտիմենտալությամբ ու անկեղծությամբ։
– Թույլ տվեք այստեղ էլ չհամաձայնել ձեզ հետ։ Օրինակ՝ նույն սենտիմենտալությունն ու անկեղծությունը, էլ չխոսենք վիրտուոզության մասին, տեսնում ենք իսպանացիների մոտ։
– Չեմ առարկում, այդպես է։
– Ինչո՞վ բացատրել, որ կիթառահարների մեծամասնությունը տղամարդիկ են, ոչ կանայք։
– Այստեղ էլ ես առարկեմ՝ ունենք հիանալի կին կիթառահարներ։ Այնպես որ, ես գործիքները սեռերի չէի բաժանի։
– Բայց, օրինակ, քնարը համարվում է կանանց գործիք եւ մեկ ձեռքի մատները գուցե շատ լինեն թվարկելու համար աշխարհում տղամարդ քնարահարներին։
– Համամիտ եմ։ Կուզեի վերադառնալ նախորդ հարցին. կիթառը շատ քմահաճ գործիք է, իսկ բնավորության այդ գիծը հատուկ է հիմնականում կանանց։ Ես շատ կիթառներ ունեմ, մեկը մյուսից տարբերվող, կարճ ասած՝ կիթառն իմ սերն է…
– Իսկ կանա՞յք։
– Անկասկած։
– Վերադառնանք կայանալիք համերգին։ Դուք համագործակցել եք այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Սպիվակովը, Բաշմետը, Յուրովսկին, ինչպես նաեւ այլ երկրների լավագույն նվագախմբերը ներկայացնող այլ դիրիժորներ։ Մաեստրո Թոփչյանի հետ ձեր առաջին հանդիպումն է։
– Այո, առաջին անգամ եմ ելույթ ունենալու մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, բայց Հայաստան որպես զբոսաշրջիկ պարբերաբար այցելում եմ դեռեւս 2010 թվականից։ Հիանալի ընկերներ ունեմ այստեղ, ունեմ նաեւ գործընկերներ, որոնք այս օրերին հաճելիորեն ինձ զարմացնում են, գրելով՝ «բարով ես եկել Հայաստան։ Մենք բաց չենք թողնի հնարավորությունը՝ մարտի 11-ին ներկա գտնվելու «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին»։ Ձեր մաեստրոյի ղեկավարությամբ մեկնաբանելու եմ 20-րդ դարի երկրորդ կեսի ճանաչված կոմպոզիտորներից Խոակին Ռոդրիգոյի «Aranjuez» հայտնի ստեղծագործությունը, որը կոմպոզիտորին, այլ ստեղծագործությունների թվում, արժանացրել է համաշխարհային փառքի։ Նշեմ, որ մաեստրո Թոփչյանը հիանալի է տիրապետում իսպանական ռիթմերին, ինչը այդ երաժշտությունը մեկնաբանելու ամենագլխավոր պահանջն է։
– Նշեցիք, որ 2010-ից պարբերաբար այցելել եք մեր երկիր։ Իսկ հայկական մշակույթի հետ առնչվե՞լ եք։
– Ամեն ինչ դեռ առջեւում է, կհասցնեմ ուսումնասիրել (ժպտում է-Ս.Դ)։ Ասեմ, որ ծնվել եմ Դոնի Ռոստովում, որտեղ հայկական մեծ համայնք կա։
– Հիմնել եւ ղեկավարում եք երկու փառատոն…
– Այո, առաջինը «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնն է, որը համարվում է լավագույններից մեկը աշխարհում, երկրորդը «Ոսկե գրիֆ» կամերային փառատոնն է…
– Որոնք դեռ չեն ունեցել հայ մասնակիցներ։
– Կմտածեմ այդ ուղղությամբ։ Չանհանգստանաք, կունենան։
– Ռուս երաժիշտների համար, հասկանալի պատճառով, գուցե կարճ ժամանակով, բայց այսօր փակ են Արեւմուտք տանող ճանապարհները…
– Չգիտենք այս ամենը ինչքան կձգվի։ Նշեմ, որ ունեմ նաեւ ուկրաինացի հիանալի ծանոթներ, բայց ինչ արած… Ցանկացած պատերազմական գործողություններից առաջին հերթին տուժում է ժողովուրդը, մենք Ուկրաինայում ունենք բազմաթիվ համերկրացիներ… Ցավալի է, աննկարագրելի ցավալի։ Բայց լինենք լավատես։ Երաժիշտներս խաղաղություն սիրող մարդիկ ենք, ինչին կոչված ենք եւ ինչի համար ապրում ու ստեղծագործում ենք։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2022