Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք սպանում անմեղ մարդկանց

Մարտ 12,2022 12:30

Բոլորս ենք հիշում, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ուկրաինան բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանին, ավելին՝ լուրջ խոսակցություններ ծավալվեցին այն մասին, որ հայկական ուժերի դեմ ադրբեջանցիների կողմից կիրառված ֆոսֆորային զենքը՝ սկավառակներն Ադրբեջանին մատակարարել էր հենց Ուկրաինան: Այստեղ ուզում եմ հստակ տարանջատենք այդ երկրի իշխանություններին ու ժողովրդին, քանզի չեմ կարծում, որ ուկրաինական ժողովուրդը լուրջ հիմքեր ուներ հայկական ուժերի դեմ տրամադրվելու եւ ողջունելու իր երկրի կողմից խստորեն արգելված ֆոսֆորային զենքով Ադրբեջանին մատակարարելու նենգ քայլը:

Այսօր արդեն զարմանալի չէ, որ Ուկրաինայի իշխանությունը՝ նախագահ Զելենսկու գլխավորությամբ, իր մատակարարած զենքով սպանում էր պատանի հայորդիներին եւ խղճի խայթ անգամ չէր զգում, քանզի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ այդ երկրի իշխանությունն անխիղճ կերպով՝ հանուն դրսից մատակարարվող փողերի, անխղճորեն սպանում է արդեն իր երկրի խաղաղ բնակչությանը, հետեւաբար ինչպես կարելի է զարմանալ նույն Զելենսկու եւ նրա գլխավորած իշխանության կատարած քայլերի վրա: Արեւմուտքի, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ ուս ուսի տված, 2014թ.-ից մինչ այսօր՝ հատկապես Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի ռուս ու ռուսախոս բնակչության նկատմամբ կիրառում են ամենասարսափելի, անմարդկային, դաժան վերաբերմունք, որի արդյունքում այդ երկու մարզերը պարտադրված եղան իրենց հռչակել անկախ հանրապետություններ եւ հայտարարեցին Ուկրաինայի կազմից դուրս գալու մասին: Իհարկե, դա շատ ցավով տարան Ուկրաինան եւ նրան թելադրող ԱՄՆ-ը, Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն, իսկ Ռուսաստանը պարտադրված պաշտոնապես ճանաչեց նրանց անկախությունը: Աշխարհը պարզորոշ տեսնում էր, թե իրենց ժողովրդավարության բաստիոններ հռչակած ԱՄՆ-ը եւ Եվրոպան ինչպես էին «պաշտպանում» այդ մարզերում ապրող բնակչությանը:

2014-2022թթ. Ռուսաստանի բազմաթիվ եւ բազմապիսի զգուշացումներն Ուկրաինային ոչ մի արդյունք չտվեցին եւ Ռուսաստանին այլընտրանք չթողնելով, մի քանի օր առաջ Ռուսաստանը պարտադրված, սակայն չափազանց զգուշավոր, խիստ հաշվարկված հարձակում սկսեց Ուկրաինայի վրա: Ինչեւէ, պատերազմն արդեն մեծ թափով սկսվել է եւ իրադարձություններն այնպես են ընթանում, որ դրա վերջը չի երեւում, քանզի երկու կողմից էլ զիջման նշույլներ անգամ չեն նկատվում եւ ավելին՝ քանի գնում, ավելի է սրանում պատերազմը: Այս պատերազմում Ուկրաինան եւ նրանից անկախացած երկու հանրապետությունները զուտ կատարողներ են ու այս պատերազմը դե ֆակտո գնում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համատեղ բլոկի միջեւ եւ այդտեղ աշխարհաքաղաքական լրջագույն հարցեր են որոշվում: Այստեղ դրված է չափազանց լրջագույն հարց. երկու ուժեղագույն հակառակորդներից ով կհաղթի եւ կդնի՝ հետագայում աշխարհին տիրելու հիմնաքարը:

Ռուսաստանը բացահայտ է մտել խաղի մեջ, իսկ ԱՄՆ-ը, Եվրոպան ու ՆԱՏՕ-ն՝ անուղղակի, մշտապես բարձրաձայնելով, որ իրենք ժողովրդավարության բաստիոն են եւ ամեն ինչ անելու են նշված հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն սկսած ահռելի զինտեխնիկայից, մարդուժով եւ ֆինանսական ահռելի միջոցներով բացահայտ օգնում են Ուկրաինային:

Փոխանակ կոչ անելու, որ երրորդ երկրների միջեւ ծագած խնդիրները փորձեն լուծել խաղաղ ճանապարհով, նրանք մեծ ծավալի ժամանակակից ռազմական տեխնիկայով բացահայտորեն օգնում եւ ուղղորդում են Ուկրաինային, փորձում ամեն կերպ ավելի սրել ծագած պատերազմը եւ բացահայտորեն խառնվում ու որեւէ հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչո՞ւ են միջամտում այլ երկրների ներքին գործերին եւ այդ ամենն այն դեպքում, երբ իրենց նման գործելաոճով՝ ոչ վաղ անցյալում հանիրավի կործանել են մի շարք երկրներ՝ Իրաք, Լիբիա եւ այսպես շարունակ:

Ի՞նչ է, այդ բլոկը միայն հիմա հասկացավ, որ չի կարելի պատերազմով հարցեր լուծել, այն էլ զարմանալիորեն այն պարագայում, երբ իրենք քաջատեղյակ են, որ Ռուսաստանն արդեն 8 եւ ավելի տարիներ համբերել է եւ ստիպված եղավ գնալ այդ վերջին քայլին: Փաստացի ունենք այսպիսի իրավիճակ. ոչնչի առջեւ կանգ չառնելով, ԱՄՆ-ի հստակ թելադրանքով եւ մեծածավալ օգնությամբ Ուկրաինան Դոնբասի եւ Լուգանսկի խաղաղ բնակչությանը պահել է պատանդի կարգավիճակում, թույլ չի տալիս նրանց տեղաշարժվել եւ խաղաղ բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան, չափազանց դժվարացնելով Ռուսաստանի հետագա գործողությունները, որի պատճառով էապես ձախողվում են Ռուսաստանի ծրագրված պլանները, առաջանում է ժամանակի ձգձգում, որի հետեւանքով երկու կողմից էլ տալիս են մեծաթիվ նոր զոհեր: Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի փակի Ռուսաստանի առաջխաղացումը, իր բնակչության շրջանում տալիս է մեծաթիվ զոհեր եւ ստրատեգիական օբյեկտների մեծ ավերվածություններ՝ դրանց բոլոր բացասական հետեւանքներով: Փաստորեն, Զելենսկին չհասկանալով կամ հաշվի չառնելով վիճակի ողջ լրջությունը, իր ժողովրդին անցկացնում է մսաղացի միջով: Սա է այդ տարածաշրջանում տիրող իրական վիճակը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031