Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որսորդություն

Մարտ 12,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Հիշողություններ Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից

Նախկին ԳԴՀ-ի տարածքում շատ էր սիրված որսորդությունը: Այն իմ սիրելի ընկերոջ՝ Մանֆրեդի տարերքն էր, որով զբաղվում էր պատանեկության տարիներից:

Երբ առաջին անգամ ոտք դրեցի նրա տուն, ինձ շշմեցրեցին եղջերուների պոզերի առատությունը, արծիվների ու վայրի խոզերի գլուխներով պաճուճապատանքները եւ, իհարկե, տարբեր կենդանիների մորթիները՝ փռված տան համարյա ամեն մի անկյունում:
Մանֆրեդի քառահարկ տունն «անկենդան կենդանաբանական այգու» տպավորություն էր թողնում: Ես մտածում էի, որ «ընկել եմ մորս փորը»: Ախր ես անսահման սիրում էի որսորդությունը, իսկ ԽՍՀՄ-ում այն հեշտությամբ չէր տրվում…

Դե հիմա պատկերացրեք իմ ուրախությունն ու հրճվանքն այն պահին, երբ Մանֆրեդն ինձ առաջարկեց օրերից մի օր որսի գնալ իր հետ…
Գերմանիայի որսատեղերը խիստ առանձնացված են, գտնվում են հատուկ տարածքներում եւ «կահավորված» են բարձր աշտարակներով, որտեղից միայն կարելի է կրակել այդ տարածք մտած կենդանիների վրա: Գերմանացիների ազգային կարեւոր առանձնահատկություններից՝ օրինապահությունը, այստեղ է՛լ ավելի է ընդգծված ու խստացված:

Յուրաքանչյուր որսատարածք ունի իր հսկիչը, ում նշանակում է մարզի որսորդների միությունը՝ նրան վերապահելով բազմաթիվ իրավունքներ ու պարտականություններ: Որսորդն իր կատարված որսի մասին անպայման տեղյակ պիտի պահի տվյալ տարածքի հսկիչին, եթե, իհարկե, հսկիչը կրակոցի պահին չհայտնվի որսատեղում, որը քիչ հավանական է: Յուրաքանչյուր որսորդի համար սահմանված է որսի չափաքանակ, որը գերազանցել չի թույլատրվում: Սահմանված է նաեւ պետական պլան, որը կատարելուց հետո միայն որսորդը կարող է որսն օգտագործել սեփական կարիքների համար:

Եվ այսպես՝ եկավ «օրերից մի օրը», որին անհամբեր ու սրտի թրթիռով էի սպասում: Մաֆրեդն ինձ հատուկ զգեստ տվեց, ակնոցներ ու ձեռնոցներ: Ինքնապաշտպանության նպատակով սահմանված կարգ էր դա: Վաղ առավոտյան Մանֆրեդի «Վարդբուրգով» մեկնեցինք որսատեղի: Տեղ հասնելուն պես Մանֆրեդն ինձ «հրահանգավորեց», որից հետո մենք բարձրացանք որսի համար նախատեսված աշտարակ: Աշտարակի վերեւում փայտյա փոքրիկ տնակ հիշեցնող որսորդների թաքստոցն է՝ դեպի որսի բացատ նայող երեք պատուհաններով, որտեղից սովորաբար իրականացվում է որսը: Մենք անխոս, երկար ժամանակ նստել ու սպասում էինք որեւէ կենդանու հայտնվելուն: Մանֆրեդն ինձ էր տվել առաջինը կրակելու «իրավունքը», տրամադրելով իր «Վինչեստր» օպտիկական սարքով երկփող հրացանը:

Վերջապե՜ս… Մի վայրի խոզ եկավ ու … նորից արագորեն ծլկեց:

-Ինչո՞ւ փախար, այ…,- մտածում եմ: Մոտ մեկ ժամ անց, հայտնվեց հաջորդ խոզը եւ… Այ քեզ բան… Խոզի հայտնվելուն պես, նրանից քիչ հեռու՝ նաեւ մի քանի ընտանի կենդանիներ: Մանֆրեդն ինձ նշան տվեց, որ կրակել չի կարելի, չնայած «հրահանգավորելիս» ասել էր այդ մասին: Վայրի խոզի ու ընտանի կենդանիների «շքախումբն» ինչպես եկել, այնպես էլ հեռացավ անվնաս… Ու նորից սպասման երկար ու ձիգ րոպեներ…

Հրա՜շք… Հա՛, հա՛, հրա՜շք… Մեզանից մոտ 250 մետր հեռու, դատարկ բացատ է մտնում մի գեղեցիկ եղջերու, բազմաճյուղ պոզերը կարծես հատուկ ցուցադրելու նպատակով այս ու այն կողմ պտտեցնելով: Օպտիկական սարքով տեսնում եմ եղջերվի նույնիսկ թրթռացող, պուտպուտավոր մաշկը, չքնաղ աչքերն, անվերջ հոտոտող քիթը, անհանգիստ շարժվող ականջները… Մանֆրեդն ինձ հասկացնում է, որ կրակեմ միայն այն ժամանակ, երբ եղջերուն կողքով դեպի մեզ լինի: Իսկ ես… Մարդ Աստծո… Ինչպե՞ս կարելի է այսպիսի գեղեցկության վրա կրակել: Սակայն՝ օրենքն օրենք է: Ես նշան եմ բռնում ու դանդաղ քաշում եմ ձգանը: Այ քեզ փորձանք: Հրացանը չի կրակում: Ես նկատում եմ, որ ապահովիչը փակել է ձգանը: Դանդաղ բացում եմ, սակայն, ինչպես հետո պարզվեց, ոչ անզգույշ… Եղջերվի զգայուն ականջներին էր հասել ապահովիչի փականի աննշան ձայնը…

-Dummkopf (հիմար),- «գնահատեց» ինձ Մանֆրեդն ու վերցրեց հրացանը:

Արդեն մթնում էր: Կիսախավարի մեջ, մինչ ես կնկատեի բացատում հայտնված վայրի խոզին, Մանֆրեդը հասցրեց տապալել նրան: Մենք արագորեն իջանք աշտարակից եւ զգուշորեն մոտեցանք անշնչացած խոզին: Մանֆրեդն ինձ տեղեկացրել էր, որ կարող է խոզը սատկած չլինի, եւ հնարավոր վտանգից խուսափելու նպատակով պետք է շատ զգույշ մոտենալ նրան: Մինչ մենք կհամոզվեինք, որ խոզի «վերջը տվել ենք», ողջունելով մեր հաջողությունը, մեզ մոտեցավ տեղի հսկիչը, սկսեց օգնել Մանֆրեդին՝ բացելով խոզի փորը, խորը թաղելով փորոտիքը, որից հետո Մանֆրեդի հետ ես այն բարձեցի բեռնասայլակ ու գնացինք հսկիչի տուն: Հսկիչը փաստաթուղթ տվեց Մանֆրեդին: Հետագայում իմացա, որ այն տեղեկանք էր այն մասին, որ տվյալ կենդանուն խփել են տվյալ տարածքում:
Արդեն ուշ գիշեր էր, երբ վերադարձանք Մանֆրեդի տուն: Բոլորը քնած էին:

Մենք խոզի «դիակը» իջեցրեցինք բեռնասայլակից եւ տեղավորեցինք Մանֆրեդի նկուղի սառնարանում:

Շարունակելի
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031