ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանի ուշագրավ բացահայտումները
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ուկրաինական իրադարձությունները կարեւորում է Հայաստանի համար: Իր գնահատմամբ, Ուկրաինայում այժմ աշխարհաքաղաքական բնույթի արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեր զրուցակիցը համեմատում է անցյալ դարի 80-ական, 90-ական թվականների փոփոխությունների հետ, երբ սոցիալիստական լագերը փլուզվեց, ապա՝ ԽՍՀՄ-ը:
«Առավոտի» դիտարկմանը՝ մտավախություններ կան, որ ՌԴ-ն նոր ԽՍՀՄ է ցանկանում ստեղծել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Խորհրդային միություն, Ցարական կայսրություն եւ այլն, դրանք ՌԴ-ի համար ընդամենը պայմանական անվանումներ են, իսկ իրականում դա մեկ միասնական ռուսական պետություն է իրենց համար. հիմա չեմ քննարկում՝ դա ճիշտ է, թե սխալ, իրենց գիտակցությունն է այդպիսին եւ իրենք համարում են, որ իրենց ստեղծած պետությունը 1980-ականների վերջին քանդվել է՝ անարդար ձեւով: Հիշենք, որ ոչ Նապոլեոնը, ոչ Հիտլերը չկարողացան ուժի միջոցով այդ երկիրը նվաճել կամ քանդել, բայց անցյալ դարի 80-ականների վերջին, առանց գեթ մեկ կրակոցի, թե ԽՍՀՄ-ը, թե ԽՍՀՄ ազդեցության տակ գտնվող սոցիալիստական լագերը փլուզվեց՝ շատ արագ եւ անսպասելի: 15 հանրապետություններից ընդամենը երեք հանրապետությունների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի ղեկավարները հավաքվեցին Բելովեժյան անհայտ մի վայրում եւ ստորագրեցին փաստաթուղթ, որ ԽՍՀՄ-ը գոյություն չունի: Մինչեւ այժմ վեճը՝ իրավական տեսանկյունից ճի՞շտ էր այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, շարունակվում է»:
Այս համատեքստում, մեր զրուցակիցը նկատում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պատմության բնականոն ընթացքի մեջ են տեղավորվում. «Ռուսներն ընդամենն ուշքի են եկել հարվածներից հետո, հզորացել են եւ ունեն հզոր ղեկավար, իսկ ես Վլադիմիր Պուտինին այդպիսին եմ համարում եւ հզոր պետական գործիչ, ՌԴ-ն վերականգնված ուժ է եւ իրենց մտածողությամբ՝ ՌԴ-ի պատմական տարածքներում ինչ-որ ձեւով ՌԴ ազդեցությունը զգացնել տալու ուղղությամբ են գնում: Նորմալ, բնական մտածողություն է եւ ես դա չէի քննադատի, ինչպես շատերը: Հակառակը, ուզում եմ, որ մենք դրան ըմբռնումով մոտենանք, որովհետեւ այդ մտածողությունը մեզ էլ է առնչվելու»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ եթե մենք կանգ ենք առել նախորդ դարի 80-ականներում, ապա ինչո՞ւ ենք խոսում 1920-ական թվականների քարտեզներից, երբ խոսվում է սահմանազատման եւ սահմանագծման մասին: Պատասխանը եղավ. «Իսկ Հայաստան ասելով՝ մենք՝ մեր քաղաքական գործիչները, պետական գործիչները, ժողովուրդը, ի՞նչ է հասկանում: Չէ՞ որ դպրոցական դասագրքերում մենք երեխաներին սովորեցնում ենք, որ Հայաստանը մեծ տարածք է եղել՝ Մեծ Հայք, Փոքր Հայք եւ այլն: Այսօր Հայաստան ասելով մենք նկատի ունենք միայն Խորհրդայի՞ն Հայաստանի սահմանները: Բայց չէ՞ որ այդ սահմանները մեզ արհեստականորեն են պարտադրվել ժամանակին՝ ելնելով մեր ժողովրդի թույլ վիճակից: Բայց հիմա, անկախ Հայաստանի պետականության պայմաններում, մենք ուզում ենք հարմարվե՞լ, մեր կարծիքով՝ անարդարության հետ: Ես, օրինակ, համոզված եմ, որ պատմական անարդարություն է եւ չպետք է հաշտվել դրա հետ»:
Հակառակ տեսակետը Մովսես Շահվերդյանը ոչ թե պրագմատիկ քաղաքականություն է համարում, այլ հակազգային, հակահայ քաղաքականություն. «Մի առիթով մենք անդրադարձել ենք դրա արմատներին. երբ 1990-91 թվականներին ստեղծվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, մեր մտածողության մեջ՝ ազգային խնդիրների եւ անելիքների վերաբերյալ ձեւավորվեց եւ դրսեւորվեց երեք փիլիսոփայություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը, ՀՅԴ-ի եւ նրա հետ համագործակցող Ռոբերտ Քոչարյանի փիլիսոփայությունը՝ պահանջատիրության գաղափարներով եւ Կարեն Դեմիրճյանի փիլիսոփայությունը, որի կրողը նաեւ ես եմ:
Ժամանակը հասունացել է եւ ես հիմա ամեն ինչ կանեմ, որ այդ երեք փիլիսոփայությունները հստակ ձեւակերպված մատուցվեն մեր հանրությանը, որպեսզի Հայաստանի բնակչությունը հնարավորություն ստանա ընտրություն կատարել հենց գաղափարների եւ ծրագրերի միջեւ»:
Ստեղծված իրավիճակում, առաջնահերթ խնդիրը Հայաստանում, ըստ մեր զրուցակցի, ադեկվատ եւ կոմպետենտ իշխանության ձեւավորումն է, որը օր առաջ պետք է տեղի ունենա, քանի որ գործող իշխանությունը ոչ միայն ընդունակ չէ, այլեւ ի վիճակի չէ Հայաստանի առջեւ խնդիրները լուծելու, անգամ դրանք ձեւակերպելու:
Իսկ թե ովքե՞ր եւ ինչպե՞ս են ձեւավորելու այդ իշխանությունը, նաեւ իր համար է կարեւոր հարց: Այն ուժը, որը ժողովրդի կողմից ընդունելի կլինի, որպես կազմակերպող եւ առաջնորդող ուժ, դեռեւս ակտիվորեն չի գործում, բայց Մովսես Շահվերդյանը տեսնում է այդ ուժը. «Ասպարեզ պետք է մտնի մի ուժ, որը եւ գաղափարներով, եւ ծրագրերով, եւ անցած ճանապարհով՝ կլինի մաքուր, ազնիվ դրսեւորումներով: Հաջողության հասնելու համար նաեւ ֆինանսական եւ մեդիա ռեսուրսներ են պետք եւ, ցավոք, այդ ռեսուրսներն այսօր կամ նախկինների ձեռքում են, կամ՝ իշխանության եղող ուժի: Բայց ժամանակն է, որ նաեւ ռեսուրսների տիրապետող իրական հայրենասեր անհատները համախմբվեն այն ուժի շրջանակներում, որը արագ կարող է ժողովրդի վստահությունը ձեռք բերել: Չեմ թաքցնում, այդտեղ որպես լուրջ անելիք ունեցող ուժ ես տեսնում են ՀԱՍԿ-ին: Մենք այդ ճանապարհով գնալու ենք եւ հայկական համատարած խառնաշփոթին վերջ ենք դնելու՝ հստակ սահմանազատումներ մտցնելով քաղաքական դաշտում»:
Մեր զրուցակցի կարծիքով, առնվազն 4-5 խնդրի շուրջ պետք է հստակություն մտցվի. «Առաջին՝ վերջապես ի՞նչ սոցիալ-տնտեսական ծրագիր պետք է Հայաստանն իրականացնի: Երկրորդ՝ ի՞նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը. խաղերի՝ կոմպլեմենտարիզմ եւ այլն, ժամանակն անցել է: Աշխարհում իրավիճակ է ստեղծվել, որտեղ հստակ պետք է կողմնորոշում ունենաս: Մեր կուսակցության համար ծրագրային դրույթ է, մենք Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարում ենք ՌԴ-ին:
Երրորդ՝ ի՞նչ խնդիր է Արցախի խնդիրը, ինչպե՞ս ենք այն ձեւակերպում եւ ի՞նչ լուծումներ ենք առաջարկում եւ այդ համատեքստում, ընդհանրապես ինչպե՞ս ենք վերաբերվում հայ-ադրբեջանական խնդրին, քանի որ Արցախի հարցն այդ խնդրի մի մասն է ընդամենը: Այսօր մենք պետք է համարձակություն ունենանք եւ պատմական ճշմարտությունների մասին խոսենք: Այսօր ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները իբրեւ պետական սահմաններ եւ դրանց ստատուս տալ, անթույլատրելի է: Մեր ժողովուրդը որեւէ մեկին, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանին, չի լիազորել նման բանակցություններ վարել եւ փաստաթուղթ ստորագրել: Այդ հարցը բաց հարց է եւ ժողովուրդն ինքը պետք է այդ հարցը լուծի՝ այն իշխանության միջոցով, որին կլիազորի: Իսկ դա կորոշվի նոր ընտրություններում՝ ծրագրային պայքարում, որովհետեւ գործող իշխանությունը ձեւավորվել է Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան հակադրության ֆոնին, ժողովրդի զգալի մասն ընդամենը նախընտրել է Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանից: Չորրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որը նույնպես որեւէ իշխանություն իրավունք չունի ինքնագլուխ լուծելու. դա համահայկական հարց է, 10-12 միլիոնանոց հայության խնդիրն է»:
Նկատեցինք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մոտեցումներն արկածախնդրություն է որակել՝ ասելով, որ դրա արդյունքում, մենք կարող ենք կորցնել նաեւ ներկայիս Հայաստանը: Մովսես Շահվերդյանը հակադարձեց. «Մենք մեծ խնդիր ունենք մեր ժողովրդին ճշմարտությունն ասելու: Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ յուրաքանչյուր գործիչ իր պատկերացրած ճշմարտությունն է ներկայացնում, որպես իրականություն եւ ամեն մեկն իր ձեւով ու իր կարողությունների չափով խեղաթյուրում է մեր պատմությունը, խառնաշփոթ ստեղծում, ինչի արդյունքում ժողովրդի մոտ համատարած անվստահություն է առաջանում՝ բոլորի նկատմամբ: Եկել է պահը, որ պետք է ճշմարտությունն ասել թե Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ ինչպե՞ս է եկել իշխանության, ի՞նչ գաղափարներ է քարոզել, ինչպե՞ս է ղեկավարել, ի՞նչ դերակատարություն է կատարել իրականում, թե Ռոբերտ Քոչարյանի մասին, թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նրանց ես համարում եմ նույն շղթայի տարբեր օղակներ՝ տարբեր դրսեւորումներով. սոցիալ-տնտեսական բնագավառում նրանք նույն քաղաքականությունն են վարել, ազգային խնդիրներում, իհարկե, եղել են տարբեր մոտեցումներ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չի եղել ժողովրդի հետ՝ սկսած ղարաբաղյան շարժման շրջանից: Հենց արցախյան շարժման օրերին մեծ երեսպաշտություն է դրսեւորվել, որովհետեւ հայ ժողովուրդն արցախյան շարժման մեջ մտել է ազնիվ հայրենասիրական մղումներով՝ իր պատմական իրավունքներին տեր կանգնելու, Արցախի մեր հայրենակիցներին օգնելու մղումով: Դա ողջունելի է, ինքս էլ ակտիվ մասնակցել եմ գործընթացներին, Ղարաբաղ կոմիտեի անդամներից շատերի հետ անձնապես ծանոթ եմ: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն օգտագործեց արցախյան շարժումը՝ ԽՍՀՄ-ը քանդելու եւ Հայաստանում սոցիալ-տնտեսական համակարգը փոխելու համար եւ ինքը դա չէր թաքցնում: Իր ելույթներում նա ասել է, որ Բեռլինի պատը քանդվեց Արցախում, որ ԽՍՀՄ-ը մենք քանդեցինք եւ այլն:
Ի դեպ, արցախյան շարժումը սկսվել է փետրվարի սկզբին, ինքը շարժմանը միացել է մարտ-ապրիլ ամիսներին: Ինչեւէ, Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք Հայաստանի ղեկավար չէր դառնա, եթե նա չստանար 1990 թվականին ԳԽ ընտրություններում կոմունիստների ձայները եւ եթե չունենար ինչ-ինչ կապեր դեմոկրատական ուժեր կոչվածի հետ. անուններ չտամ, ինքը լավ գիտի»:
Բացահայտումների շարքը Մովսես Շահվերդյանը սկսում է անկախ Հայաստանում, 1996 թվականին կայացած ընտրություններով: Ինչո՞ւ, ըստ Մովսես Շահվերդյանի, 1996 թվականին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին Հայաստանի նախկին ղեկավար Կարեն Դեմիրճյանը չմասնակցեց. «ՀԱՍԿ-ը ձեւավորվել եւ գրանցվել է 1996 թվականի հունվարին: Մեր նպատակն է եղել արդեն 1996 թվականի նախագահական ընտրություններին Կարեն Դեմիրճյանին առաջադրելը: Եվ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի բռնած դիրքի պատճառով՝ 1996-ի ընտրություններին Կարեն Դեմիրճյանը չի մասնակցել ընտրություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, շատ մտերիմ հարաբերություններ ուներ Կարեն Դեմիրճյանի հետ: Խորհրդային շրջանում նա «Հրազդան-մաշ» գործարանի գլխավոր տնօրենն էր: Մինչեւ իր կյանքի վերջը Թելման Տեր-Պետրոսյանը շատ մտերիմ հարաբերություններ էր պահպանում Կարեն Դեմիրճյանի հետ. ես դրան տեղյակ եմ, մասնակից եմ եղել: Կարեն Դեմիրճյան, Թելման Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Ենգոյան, երեքն էլ մեծ արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ էին հետխորհրդային շրջանում եւ քանի դեռ իրենք կային, պահում էին մեր արդյունաբերության լոկոմոտիվները, թույլ չէին տալիս, որ դրանք օտարվեին:
Ինչեւէ, մենք արդեն Կարեն Դեմիրճյանի առաջադրման փաստաթղթերն էինք պատրաստում, նրա մոտ եկան Թելման Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Ենգոյանը. նրանց խոսակցություններին, քննարկումներին ես ներկա եմ եղել եւ լավ հիշում եմ, որ ասացին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը շատ բարձր է, եկեք չխանգարենք, թույլ տանք նա մեկ անգամ էլ մասնակցի ընտրություններին: Կարեն Սերոբիչն այն մարդը չէր, որ իր համար արմունկներով ճանապարհ բացեր, նա գործընթացների բնականոն, խաղաղ ընթացքի կողմնակից էր եւ համաձայնեց: Ասաց՝ խնդիր չկա: Առաջադրման վերջին օրը ես ամբողջ օրն անց եմ կացրել Կարեն Սերոբիչի աշխատասենյակում, այդ օրը այնտեղ էր նաեւ Վահրամ Ներսիսյանցը՝ ՀԲ-ում Հայաստանի ներկայացուցիչը. նա էլ էր հաճախ գալիս Կարեն Սերոբիչի մոտ, զրուցում էին: Քարոզչությունը սկսվեց եւ Տեր-Պետրոսյանի թիմը տեսավ, որ իրենց գործերն այդքան էլ հաջող չեն եւ իրենց պատկերացումներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Այդ նույն թիմը եկավ Կարեն Սերոբիչի մոտ եւ խնդրեցին, որ մի ելույթ ունենա՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի: Խոսակցություններին ներկա է եղել նաեւ Աշոտ Սաֆարյանը, ով այդ ժամանակ արդյունաբերության, առեւտրի, տուրիզմի նախարարն էր: Կարեն Սերոբիչը չմերժեց: Օր պայմանավորվեցին, որ Հ1-ի լրագրողները գան եւ նկարահանեն: Նկարահանման օրը Կարեն Սերոբիչի դեմքը ուռած, ծամածռված էր, ներքին շուրթը ուռած՝ կախված: Ասաց՝ եթե հարմար եք գտնում, որ այս դեմքով խոսեմ՝ կխոսեմ: Բայց բոլորը տեսան, որ դա ներկայացնելու դեմք չի: Նկարահանումը բացառվեց: Բայց Կարեն Սերոբիչը հարցազրույց տվեց «Հայաստանի Հանրապետություն» թերթին, որի լեյտմոտիվն այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել է իշխանության՝ ղարաբաղյան շարժման ալիքի վրա, խոստացել է լուծել Արցախի հարցը՝ ի նպաստ հայերի, եկեք չխանգարենք, օգնենք, որ լուծի: Մի այսպիսի միտք էլ կար՝ ես էլ կկազմակերպեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ոսկուց արձան կանգնեցնեն: Բայց ի՞նչ կատարվեց 1996-ի ընտրությունների ժամանակ, ի՞նչ արդյունքներ գրանցվեցին, բոլորս ենք տեղյակ:
Եթե 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը չխանգարեր եւ ընտրություններին մասնակցեր Կարեն Դեմիրճյանը՝ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ, այլ պատկեր կլիներ: Ես իրեն ուղղակիորեն մեղադրում եմ այդ հարցում, իհարկե՝ այլ հարցեր էլ կան»,- ասում է մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2022