Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման լույսի ներքո մարտի 8-ին ներկայացրել է մինչև 2030 թվականը Եվրոպան ռուսական հանածո վառելիքից անկախ դարձնելու ծրագիրը՝ սկսած գազից:
Նշված ծրագիրը նաև նախանշում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Եվրոպայում էներգակիրների գների աճին արձագանքելուն և հաջորդ ձմռան համար գազի պաշարների համալրմանը: REPowerEU-ն կձգտի դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, արագացնել վերականգնվող աղբյուրներից ստացվող գազերի օգտագործումը և փոխարինել գազը ջեռուցման և էներգիայի արտադրության մեջ: Սա մինչև տարեվերջ կարող է երկու երրորդով նվազեցնել ռուսական գազի նկատմամբ ԵՄ պահանջարկը։
Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Մենք պետք է անկախանանք ռուսաստանյան նավթից, ածուխից և գազից։ Մենք պարզապես չենք կարող հույս դնել մատակարարի վրա, ով բացահայտորեն սպառնում է մեզ: Մենք պետք է գործենք հիմա՝ մեղմելու էներգակիրների գների աճի ազդեցությունը, դիվերսիֆիկացնելու մեր գազի մատակարարումը հաջորդ ձմռան համար և արագացնելու մաքուր էներգիայի անցումը: Որքան արագ անցնենք վերականգնվող աղբյուրներին և ջրածնին՝ զուգորդված ավելի բարձր էներգաարդյունավետության հետ, այնքան ավելի արագ կլինենք իսկապես անկախ և կտիրապետենք մեր էներգետիկ համակարգին»:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը ավելացրել է. «Ուկրաինայում Պուտինի վարած պատերազմը ցույց է տալիս, թե որքան հրատապ նշանակություն ունի մեր կողմից մաքուր էներգիայի անցմանն արագացումը»։
Կարդացեք նաև
REPowerEU՝ վերացնելով ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը մինչև 2030 թվականը
Ռուսաստանի հանածո վառելիքից ԵՄ-ի կախվածությունն աստիճանաբար կարելի է վերացնել 2030 թվականից էլ ավելի շուտ ժամկետներում: Դրա համար Հանձնաժողովն առաջարկում է մշակել REPowerEU ծրագիրը, որը կբարձրացնի ԵՄ ողջ էներգետիկ համակարգի դիմակայունությունը՝ հիմնված երկու սկզբունքների վրա.
Գազի մատակարարումների դիվերսիֆիկացում՝ ոչ ռուսաստանյան մատակարարներից հեղուկ բնական գազի և խողովակաշարերի ներմուծման ծավալների ավելացման, ինչպես նաև կենսագազի և ջրածնի արտադրության և ներմուծման ծավալների ավելացման հաշվին.
Տներում, շենքերում, արդյունաբերության մեջ և էներգահամակարգում հանածո վառելիքի օգտագործման ծավալների ավելի արագ կրճատում` էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող աղբյուրների օգտագործման ավելացման և էլեկտրաֆիկացման, ինչպես նաև ենթակառուցվածքային խոչընդոտների շտկման հաշվին:
REPowerEU ծրագրով նախատեսված միջոցառումներով ԵՄ-ն կարող է աստիճանաբար հրաժարվել առնվազն 155 մլրդ խմ հանածո գազից, ինչը համարժեք է 2021 թվականին Ռուսաստանից ներկրված ծավալին: Այդ կրճատման գրեթե երկու երրորդը կարող է իրականացվել մեկ տարվա ընթացքում՝ վերջ դնելով մեկ մատակարարից ԵՄ-ի գերկախվածությանը:
Մաքուր էներգիայի արագ անցման օգտին փաստարկները երբեք ավելի ուժեղ և հստակ չեն եղել, քան Ուկրաինա ներխուժումից հետո: ԵՄ-ն ներկրում է իր սպառած գազի 90%-ը, մինչդեռ Ռուսաստանն ապահովում է այդ ներմուծման շուրջ 45%-ը, ընդ որում՝ անդամ պետություններից յուրաքանչյուրում այդ ցուցանիշը տարբերվում է: Ռուսաստանին բաժին է ընկնում նաև նավթի ներմուծման շուրջ 25%-ը և ածուխի ներմուծման 45%-ը: