Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկո՞լն է վիրավորվել, որ ինքը Նիկոլ է, Նիկոլ Քիդմա՞նը, թե՞ Նիկոլայ II-ի բարեկամները». ոստիկանությունը փնտրում է Բագրատ Եսայանին

Մարտ 11,2022 22:07

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 10-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից գրություն է ստացվել, որ Բագրատ Եսայանը փետրվարի 21-ին ֆեյսբուքում հանրային գործունեությամբ պայմանավորված, առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություններ է գրառել, ուստի ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նաեւ նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանի հետ: «Ճիշտն ասած, երբ տեղեկացա այդ մասին, մի հինգ րոպե ծիծաղելու պատճառով զրկվել էի որեւէ մեկնաբանություն անելուց, ահավոր ծիծաղելի է: Նախ ոստիկանությունը ի՞նչ խիստ վիրավորանք է գտել իմ շատ պարզ գրառման մեջ, ես չգիտեմ, անկեղծորեն չեմ հասկանում, թե որտեղ է վիրավորանքը:

Ծիծաղելի է նաեւ այն, որ նյութեր են նախապատրաստվում եւ ինձ նորից փնտրում են: Դա ինձ հիշեցրեց այն, որ մի որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ն էր սարսափած հաղորդագրություն տարածել, իմ նկարն էին ցույց տվել, ասում էին, որ նյութեր են նախապատրաստվում, ինձ փնտրում են հայտնաբերելու համար: Պետական միջոցները խնայելու համար ինքս գնացի ԱԱԾ, ուր ինձ չէին սպասում եւ ասացին, թե իրենք չեն էլ հասկանում, թե դա ինչ հաղորդագրություն է: Այդ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ինձ հայտնաբերելու համար, այն դեպքում, երբ ամեն օր տասնյակ մարդիկ ինձ զանգում են, հանդիպում, խոսում ենք, բայց ոստիկանությունը օպերատիվ հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում: Իսկապես սա աբսուրդի ժանրից է»,-ծիծաղելով ասաց Բագրատ Եսայանը:

«Երբ նախկինների օրոք ինչ-որ օրենք էր մշակվում, մենք միշտ նկատի էինք ունենում, որ խելագարության կանխավարկածով չենք կարող առաջնորդվել, այսինքն` հնարավոր չէ գրել մի օրենք, որը խելագարների համար է: Հիմա իրենք գրել են մի օրենք, իրենց գժի տեղ են դրել, ու ինչպես ուզում, հասկանում են այդ օրենքը: Ոստիկանության հաղորդագրությունից հետո նորից բացել ու կարդացել եմ իմ գրառումը, այն շատ պարզ է, ասում եմ՝ «ով փորձում է արցախցուն հակադրել հայության տարբեր հատվածներին, Արցախը կտրել մեր ամբողջական հայրենիքից, Նիկոլ է»: Այսինքն ո՞վ է վիրավորվել սրանից, Նիկո՞լն է վիրավորվել, որ ինքը Նիկոլ է, Նիկոլը վիրավորվել է, որովհետեւ ինքը չի՞ բաժանում Հայաստանը ու արցախցուն, արցախցին ու հայաստանցի՞ն են վիրավորվել, որ իրենց բաժանել է Նիկոլը… Իսկ միգուցե Նիկոլ Քիդմանը կամ 2018թ. բոլշեւիկների կողմից սպանված ցար Նիկոլայ Երկրորդի բարեկամնե՞րն են վիրավորվել… Ինչի՞ շուրջ են նյութեր հավաքվում, ես անկեղծորեն հրաժարվում եմ հասկանալ խելագարների տրամաբանությունը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Բագրատ Եսայանն ընդգծեց, որ պատրաստվում է մեծ ուշադրությամբ ծանոթանալ գործի նյութերին, խնդրելու է իրեն ներկայացնել, թե որտեղ է վիրավորանքը:

«Սա ինձ հիշեցնում է Ստալինի եւ նրա համհարզի հայտնի անեկդոտը, երբ մի գեներալ դուրս է գալիս Ստալինի մոտից եւ ասում է՝ բեղավոր սրիկա, համհարզը մտնում է Ստալինի մոտ ու ասում՝ հենց նոր ձեր մոտից դուրս եկավ գեներալ այսինչը եւ ձեզ ասաց բեղավոր սրիկա: Գեներալին շտապ հետ են կանչում, հարցնում են՝ ո՞ւմ նկատի ունեիր…Ասում է՝ Հիտլերին նկատի ունեի: Ստալինը համհարզին հարցում է՝ Պետյա, իսկ դու ո՞ւմ նկատի ունեիր:

Հիմա դուք ո՞ւմ նկատի ունեք՝ իմ այդ գրառումը կարդալով, ի՞նչ եք հասկացել…»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031