Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինայի ատոմային զենք ստեղծելու թեզը Պուտինի ու Լավրովի կողմից հորինվեց ու հասավ հայկական մեդիադաշտ». Հովհաննես Նազարեթյան

Մարտ 11,2022 21:44

Հայկական տիրույթում ապատեղեկատվությունները տարածվում են հիմնականում հայ հասարակության համար զգայուն թեմաների շուրջ ու նպատակ ունեն բեւեռացնել հասարակությունը: Այս առնչությամբ այսօր «Մեդա կենտրոնը» պանելային քննարկում էր կազմակերպել «Պրոպագանդան ու ապատեղեկատվությունը Ուկրաինայում կոնֆլիկտի համատեքստում» թեմայով։

«Սիվիլնեթի» փաստերը ստուգող լրագրող Հովհաննես Նազարեթյանը մի շարք օրինակներ բերեց, թե ինչ տեսակի ապատեղեկատվական նյութեր են փորձում տարածել ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին. «Առաջինը հին լուսանկարների նոր ներկայացնելն էր: Ամենավառ օրինակը. Խարկովում 2014-ին ռուսամետ ցուցարարները գրավել էին մարզային օրենսդիր մարմնի վարչական շենքը ու մուտքի վրա ռուսական դրոշն էին տեղադրել: Մարդիկ, որոնք ծանոթ էին այդ դեպքերին, նկարը նրանց ծանոթ էր, բայց հենց առաջին օրվանից, երբ աղոտ լուրեր էին տարածվում Խարկով մտնելու մասին,  այդ նկարը որպես ապացույց տարածում էին ու ներկայացվում, թե Խարկովն արդեն ռուսական վերահսկողության տակ է»:

Նազարեթյանը ներկայացրեց ապատեղեկատվության այլ օրինակներ եւս, օրինակ, Սիրիայի կողմից կիրառված «Բայրաքթարի» նկարը տարածվեց ու ներկայացվեց իբրեւ նոր. «Առնվազն սկզբնական օրերին դա ավելի շատ դիտելիություն ապահովելու համար էր արվում: Մի քանի թեզեր լայնորեն տարածվեցին ու տարածվում են ամենօրյա ռեժիմով, այն է՝ Զելենսկին փախել է երկրից: Կարող է մի օր արթնանանք ու պարզենք, որ Զելենսկին իրոք փախել է Կիեւից, բայց այն թեզը, որ ամեն օր նետվում է դաշտում, որ նա փախել է, Կիեւն անկում ապրեց, գրավվեց ռուսների կողմից, այդ թեզն ամենօրյա ռեժիմով շարունակվում է: Լայնորեն տարածվեց ատոմային զենք ստեղծելու թեզը՝ Պուտինի ու Լավրովի կողմից հորինվեց ու հասավ հայկական մեդիադաշտ:  Փողոցում, եթե հարցում անեք, հայաստանցիների մի զգալի մասը կհավատա այդ թեզին, որ Ուկրաինա ներխուժելու պատճառներից մեկը Ուկրաինայի կողմից ատոմային զենք ձեռք բերելու կամ ստեղծելու մտադրությունն էր»:

Թե ինչու են ռուսական թեզերը Հայաստանում տարածվում արագ, նա այսպես բացատրեց. «Ամեն դեպքում հայկական լրատվականները ռուսական աղբյուրերից են օգտվում՝ անկախ քաղաքական հայացքներից: Բացի այդ, լրատվականների մի մասը կողմնակալ վերաբերմունք ունի»:

Կա նաեւ սպիտակ ֆոսֆորի զինատեսակների թեզը. «Մի քանի տաքսիստներ դա տարածել են, իսկ ես պնդում կանեմ, որ եթե մի բան լսում եք մի քանի տաքսիստներից, ուրեմն դա լայնորեն տարածում է գտնում: Դա տարածված է Տիկ-Տոկում, Թվիթերում, ֆեյսբուքում, ամենուրեք: Երեւի փաստ է հանրության մեծամասնության համար, որ Ուկրաինան է Ադրբեջանին մատակարարել սպիտակ ֆոսֆոր 2020-ի արցախյան պատերազմում: Բայց դրա որեւէ ապացույց չկա: Աղբյուրը ռուսամետներն են, ի դեմս Սարիկ Անդրեասյանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031