Հայկական տիրույթում ապատեղեկատվությունները տարածվում են հիմնականում հայ հասարակության համար զգայուն թեմաների շուրջ ու նպատակ ունեն բեւեռացնել հասարակությունը: Այս առնչությամբ այսօր «Մեդա կենտրոնը» պանելային քննարկում էր կազմակերպել «Պրոպագանդան ու ապատեղեկատվությունը Ուկրաինայում կոնֆլիկտի համատեքստում» թեմայով։
Փաստերի ստուգման հարթակի լրագրող Լուսինե Ոսկանյանն ասաց. «Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մենք շատ ավելի շահավետ դիրքերում ենք, քան արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, որովհետեւ այն ժամանակ չունեինք փորձ. «Այդ փորձը մեզ թույլ տվեց, որ այս պատերազմին ավելի լավ հասկանանք, թե որտեղից է գալիս ապատեղեկատվությունը ու որոնք են դրանց աղբյուրները: Թվիթեր, Տելեգրամ… այս հարթակների միջոցով են հիմնականում տարածում ապատեղեկատվությունները, ընդ որում՝ դա արվում է բարձր մակարդակով: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրվանից արտակարգ ռեժիմով ենք աշխատում ու փորձում ենք հասարակությանը պաշտպանել կեղծ տեղեկատվությունից: Խոցելի իրավիճակ է ստեղծվում հասարակության համար: Ինչպես արցախյան պատերազմի դեպքում, այստեղ էլ մեզ համար ծանոթ դեմքերի տեսանք՝ ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչներից մեկը՝ հայտնի Սեմյոն Պեգովը հայտնվեց նորից ու մեր հասարակության համար ակնհայտ էր, որ կարող ենք կեղծ լուրի հանդիպել: Արցախյան պատերազմը լուսաբանելիս տեսանք, որ այս բլոգերը մեծապես ապատեղեկատվություն էր տարածում»:
Նա նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին ինչքան էլ ՀՀ իշխանությունները չեզոքություն պահեն, տարածվում է այն թեզը, որ ՀՀ-ն մեկի կողմն է ու հայ զինծառայողները մասնակցում էին այդ պատերազմին, նույնիսկ նկար տարածում, թե հայ զինվորը գերի է ընկել: Սա մեծապես շահարկվեց վրաստանցի ու ադրբեջանցի սոցցանցային խմբերի կողմից, որոնք առիթը բաց չթողեցին՝ փորձելով Հայաստանը ներքաշել հակամարտության մեջ. «Սարիկ Անդրեասյանը, Մարգարիտա Սիմոնյանը անընդհատ փորձում են տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն ՌԴ-ի կողմն է բռնել: Օրինակ, նրանք տարածել էին հայտնի տեսանյութը, թե Հայաստանի Հաղթանակի այգում միջոցառում է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ՌԴ զինված ուժերի: Մենք բավականին ռեսուրս ծախսեցինք՝ պարզելու համար, թե իրականում ովքեր ու երբ են դա նկարահանել ու թե՛ այս, թե՛ Կիեւյան կամրջից պաստառը կապելու դեպքում էլ չիմացանք որտեղից են դրանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ