Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծրատիպեր ստեղծվեցին, թե ՌԴ-ն փաստորեն պատերազմում է ֆաշիզմի դեմ ու այդ ֆաշիստական պետությանն աջակցում է Արեւմուտքը». Բորիս Նավասարդյան

Մարտ 11,2022 21:01

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր ապատեղեկատվության հոսք է առաջացրել: Հայկական տիրույթում ապատեղեկատվությունները տարածվում են հիմնականում հայ հասարակության համար զգայուն թեմաների շուրջ ու նպատակ ունեն բեւեռացնել հասարակությունը: Այս առնչությամբ այսօր «Մեդիա կենտրոնը» պանելային քննարկում էր կազմակերպել «Պրոպագանդան ու ապատեղեկատվությունը Ուկրաինայում կոնֆլիկտի համատեքստում» թեմայով։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ պատերազմական այս իրավիճակում պետք է տարանջատել քարոզչությունն ու ապատեղեկատվությունը. «Մենք Ղարաբաղյան պատերազմի ընթացքում եւ այսօր տեղի ունեցող պատերազմի ընթացքում տեսանք, որ կողմերը նախապատրաստվում են ոչ միայն զինվորների, զենքի, սպաների առումով, այլ նաեւ տեղեկատվական ոլորտում: Տեղեկատվական զենքը քարոզչական տարբեր հնարքներից է օգտվում ու առանց դրա ժամանակակից պատերազմը չի լինում: Եթե մի կողմը չի կիրառում դա, հաղթանակի վրա խաչ է քաշում, այսինքն, քարոզչությունը պատերազմի ժամանակ արդարացված է: Իսկ ապատեղեկատվությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել: Դրա բացասական կողմերը տեսանք ղարաբաղյան պատերազմի ընթացքում. մարդիկ մեծ տառապանք ապրեցին, որովհետեւ չունեին հստակ պատկերը, տեղեկացված չէին, կորցնում էին իրենց ունեցվածքը, նույնիսկ կյանքը: Ինչ վերաբերում է նարատիվներին, մեզ ուղղված նարատիվները երկու մասի կարելի է բաժանել,առաջինը՝ Արեւելք-Արեւմուտքն է: Օրինակ այն, որ Արեւմուտքը սպառնալիք է ներկայացնում ժողովուրդների ավանդական արժեքների համար՝ կրոն, ինքնություն, մշակույթ, այսինքն, արեւմուտքը մերժում է էթնիկ ազգային ինքնությունները ու բնականաբար այն ազգերի մոտ, որոնք ինքնապաշտպանական մեծ բնազդ ունեն, անմիջապես սկսում են որոշակի ագրեսիա ձեւավորել Արեւմուտքի նկատմամբ: Երկրորդ նարատիվը, որը տարածվում էր, նոր չէ, մինչեւ 2013-2014-ի սրացումն էր: Դա միավորումն էր ՌԴ-ի շուրջ»:

Բորիս Նավասարդյանը ներկայացրեց նաեւ հաջորդ թեզը, որը տարածվեց 2018-ից հետո, այն է՝ Արեւմուտքի եւ Թուրքիայի, Ադրբեջանի շահերը համընկնում են մեր տարածաշրջանում. «Դա արվում էր այն նպատակով, որ Հայաստանում թշնամական վերաբերմունք ձեւավորվեր Արեւմուտքի նկատմամբ: Դա ունի նաեւ կոնկրետ նպատակ՝ Հայաստանի ազգային շահերի դեմ գործելու: Նույնականացվեց ՀՀ հեղափոխությունն ու նոր իշխանությունները՝ արեւմտյան, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի իրականացման հետ»:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ ՌԴ-ն կարծես քայլեր չձեռնարկեց հեղափոխության դեմ ու թվում էր, որ նոր իշխանությունները ընդունելի են ՌԴ-ի համար, բայց Ռուսաստանի քաղաքագիտական, քաղաքական շրջանակների կողմից այս իշխանությունների թուլացման համար տարածվում էր այն գաղափարը, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են Հայաստանը պոկել ՌԴ-ից. «Քանի որ դա ՀՀ անվտանգության համար պետք է, որ ընդունելի չլիներ, թուլացնում էր ՀՀ իշխանություններին ու ավելի հեշտ կառավարելի դարձնում Հայաստանը ՌԴ-ի կողմից: Երկրորդ խնդիրը Հայաստանի այն ընդդիմությունն էր, որտեղ միավորվել էին նախորդ իշխանությունների ներկայացուցչները, նրանց նպատակն էր իշխանափոխություն կատարել Հայաստանի ներսում՝ օգտագործելու այն կարծրատիպերը, որոնք գալիս են ՌԴ-ից: Մոսկվայի քաղաքական նպատակն էր թույլ եւ հնազանդ իշխանություններ ունենալը ՀՀ-ում,  ընդդիմության նպատակն էր իշխանափոխությունը ու նրանք երկուսն էլ հարվածում էին իշխանություններին, անկայուն, բեւեռացված քաղաքական իրավիճակ ստեղծում Հայաստանում»:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, այլ կարծրատիպեր ստեղծվեցին, օրինակ այն, որ ՌԴ-ն փաստորեն պատերազմում է ֆաշիզմի դեմ. «Այդ գաղափարը սկսել է նախապատրաստվել այն փուլից, երբ ՌԴ-ն չէր կարողանում Ուկրաինան իրեն ենթարկեցնել խաղաղ ձեւերով: Մենք տեսանք ուժային միջամտություն ու որպեսզի դա արդարացվի, Ուկրաինան ներկայացվում էր որպես ֆաշիստական պետություն ու այդ ֆաշիստական պետությանը աջակցում է նաեւ «ֆաշիստական Արեւմուտքը»: Հաշվի առնելով, որ ՌԴ-ի ու Հայաստանի հասարակությունները մեր սփյուռքի ու արտագնա աշխատողների միջոցով շատ են կապված իրար հետ, այդ նարատիվը չի կարելի արհամարհել, այն բավականին տարածված է ՀՀ-ում ու ոչ միայն բավականին կրթական ցենզ չունեցող, այլ նաեւ շատ կրթված, շատ բաներ հասկացող մարդկանց մոտ»:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանի հասարակությունն ու լրագրողական հանրույթը հիմնականում օգտվում էր ռուսական աղբյուրներից, որովհետեւ լեզվի ու հասանելիության խնդիր կա, բայց հիմա բավականին բազմազան են դարձել աղբյուրները. «Մենք այսօր ռուսերեն լեզվով բավականին լուրջ ծավալի կոնտենտ ունենք ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ուկրաինայից, մերձբալթյան երկրներից ու ավելի լայն պատկերացում է տալիս, թե ինչ է տեղի ունենում: Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, փորձագետների կողմից բավականին ադեկվատ պատկեր է ներկայացվում հայկական լսարանին: Թեեւ Հայաստանի հասարակությունը բեւեռացված է ու ունի արդեն բավականին կարծր պատկերացումներ ու այդ պատկերացումները փոխելը շատ դժվար է»:

Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ «Մայդանի ժամանակներում», հայաստանյան ընտանիքներում, աշխատանքայի կոլեկտիվներում կոնֆլիկտներ էին առաջանում՝ իրավիճակի գնահատման ժամանակ, այսօր դա այնքան էլ սուր չի արտահայտվում, բայց դա պայմանավորած է հետպատերազմական իրավիճակով, ապատիա է ու ակտիվ չեն դրսեւորվում. «Հակառակ դեպքում մենք կունենայինք լուրջ կոնֆլիկտներ: Երբ սոցիալական ցանցերում լինում էին հայտարարություններ ի պաշտպանություն Ուկրաինայի կազմակերպելու որոշ ակցիաներ, անմիջապես մեկնաբանություններ ին լինում, որ՝  «կգան ձեր գլուխները կջարդեն, այս ի՞նչ եք անում, մեր վրա պատերազմ եք բերում» եւ  այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031