«Ամերիկայի ձայն». ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը անդրադարձել է մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հրազենային մահացու վիրավորում ստացած հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահվան հետ կապված միջադեպին: ԵԱՀԿ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Քորթնի Օստրիանը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է.
«Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը: Այս ողբերգական մահը, որից հնարավոր էր խուսափել, ընդգծում է ավելի մեծ զսպվածության, վիճելի սահմանային տարածքներում ուժերի միջև միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ներգրավվածության անհրաժեշտությունը՝ բոլոր չլուծված հարցերին համապարփակ կարգավորում տալու համար:
Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր կալանավորների լիակատար ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրի բացահայտման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, մարդասիրական ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննությունը:
Միացյալ Նահանգներն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար:
Միացյալ Նահանգները հետագայում ևս հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելուն»: